HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Թող էս գյուղի վրա մի մեծ դարպաս դնեն ու մեծ կողպեքով փակեն»

Լեռնամերձն Արմավիրի մարզի գյուղերից է, որտեղ խորհրդային տարիներին զբաղվում էին պտուղ-բանջարեղենի աճեցմամբ եւ արտահանմամբ: Այդ տարիներին գյուղն արտիզյան յոթ հոր է ունեցել` իր ջրհան կայաններով:

100 տնտեսություն եւ 100 հա մշակահող ունեցող Լեռնամերձի համար արտիզյան յոթ հորը լիուլի բավարար է եղել:

Ետխորհրդային տարիներին դրանք թալանվեցին, եւ 1992 թ. սեփականաշնորհումից հետո մինչեւ 2000 թվականը Լեռնամերձի հողերը մնացին անջուր:

2000 թ. գյուղի հարեւանությամբ կառուցված պոմպակայանը Լեռնամերձը մասամբ փրկեց անապատացումից. ջուր հասցրեց գյուղի անջուր վարելահողերի 50 հեկտարին միայն: Մնացած 50 հա-ը մինչ այսօր անջրդի է:

Չոռոգվող 50 հեկտարին ինքնահոս եղանակով ջուր հասցնելն անհնար է հողի աշխարհագրական դիրքի պատճառով` այն թեքության վրա է: «Նոյ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) հիդրոինժեներ Արայիկ Դավթյանն ասաց, որ այդտեղ ջուր հասցնելու համար նոր ջրհան կայաններ պետք է կառուցվեն` ոռոգումը մեխանիկական ճանապարհով ապահովելու համար: «Ո՞վ եւ ե՞րբ է կառուցելու» հարցին Ա. Դավթյանը չկարողացավ պատասխանել:

Լեռնամերձի բնակիչ Ազատ Բարսեղյանի խնդրանքով մասնագետները հաշվարկել են ջրհան կայանի կառուցման համար անհրաժեշտ գումարը` 6 մլն դրամ: «Դա մոտավորապես մեկ թեկնածուի ընտրագրավի գինն է, բայց մեր գյուղի համար այդքան գումարը շռայլություն են համարում»,- ասաց Ազատ Բարսեղյանը:

50 հա հողի սեփականատերերից ոմանք, հատկապես երիտասարդները, իրենց հողերի տեղն անգամ մոռացել են: «Բա որ մարդ 16 տարի հող չգնա, իր հողը չմշակի, էլ տեղը կհիշի՞...»,- ասացին գյուղացիները:

Չոռոգվող հողերը լեռնամերձցիների համար գլխացավանք են դարձել. եկամուտ չեն ստանում, բայց պարտաճանաչորեն հողի հարկ են տալիս:

Լեռնամերձցի 51 ընտանիքները, որոնց ապրուստի միակ միջոցը հենց այդ հողերն են, հերթով լքում են գյուղը: «Սա այն գյուղերից էր, որ նույնիսկ խորհրդային տարիներին արտագնա աշխատող չի ունեցել: Բայց հիմա ապրելու այլ միջոց չեն տեսնում ու տունն էլ, գյուղն էլ թողնում, գնում են»,- ասում է Արմենակ Առաքելյանը:

Լեռնամերձն անապատացումից փրկելու, արտագաղթը կանխելու եւ իրենց ապրուստը տեղում ստեղծելու համար համայնքի բնակիչները բազմաթիվ դիմում-խնդրանքներով «անհանգստացրել» են մարզային իշխանություններին, «Նոյ» ջրօգտագործողների ընկերությանը, բայց պատասխան չեն ստացել:

Իսկ գյուղապետ Սահակ Միրզոյանը, ով իրեն փոքր մարդ համարեց տասնամյակների վաղեմության խնդրի լուծման գործում, ասաց. «Եթե երբեւէ որեւէ ծրագրի մեջ մտնի Լեռնամերձի ջրհան կայանի կառուցումը, տեղական բյուջեից 30 տոկոս ներդրում են ուզելու: Այդպես եմ իմացել: 6 մլն-ի դեպքում դա կազմում է 1 մլն 800.000 դրամ: Դա մի ամբողջ կարողություն է սնանկ բյուջեով մեր համայնքի համար: Որտեղի՞ց պետք է տանք»:

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` Լեռնամերձի տների կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն դրամը, ինչն էլ նշանակում է, որ տվյալ կառույցի համար գույքահարկ չի գանձվում: Արժեք ներկայացնող տները գյուղում շատ քիչ են, իսկ դրանցից հարկվող գումարներով չեն կարողանում անգամ գյուղապետարանի աշխատողներին ժամանակին աշխատավարձ տալ: «Բա էս հալով ոռոգման հարց կարա՞նք լուծենք»,- ասաց Լեռնամերձի ղեկավարը:

Արժանահիշատակ մի փաստ. Լեռնամերձը կոմունիստներով բնակեցվա ծ գյուղ է: Այստեղ է նաեւ Լենինի կիսանդրին: Գյուղացիներից ոմանք իրենց գյուղի նկատմամբ անտարբերությունը պայմանավորում են հենց այդ հանգամանքով: Դժգոհեցին, որ նույնիսկ խնդիրներ են առաջանում բանկերի հետ: «Հենց իմանում են Լեռնամերձից ենք, հրաժարվում են վարկ տրամադրել: Գիտեն, որ մեր հողերն արհեստականորեն դարձրել են ոչ եկամտաբեր, մեզ էլ` սնանկ: Էլ ի՞նչ երաշխիքով վարկ կտան»,- ասաց գյուղի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանը:

Լեռնամերձն Արմավիրի մարզի եզակի համայնքներից է, որը գազաֆիկացված չէ: Համայնքի բնակիչները ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի միջոցով դիմել են «Հայռուսգազարդ»-ին` իրենց գյուղն էլ գազաֆիկացնելու խնդրանքով, բայց մերժվել են: «Հայռուսգազարդ»-ից պատասխանել են, որ 100 տնտեսություն ունեցող գյուղի համար խոշոր ներդրումներ անելը ռիսկային է:

«Թող էս գյուղի վրա մի մեծ դարպաս դնեն ու մեծ կողպեքով փակեն: Ինչքան կդիմանանք` կդիմանանք...»,-եզրափակեց գյուղի կանանցից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter