HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնքվել է հուշագիր, որի շրջանակում կանցկացվի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ֆրանսիական «ԳՐԵՖ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպության ներկայացուցիչ Ալեն Օրնեզն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է անցկացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ: Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ այս համաձայնագրի ստորագրումը հաջորդել է Ֆրանսիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցին:

«Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից նախանշված ծրագրերը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կյանքի կոչելու անհրաժեշտություն և պարտավորություն  ունենք։ Մենք շահագրգռված ենք և պատրաստ ենք ստեղծել անհարաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի դպրոցներում որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդումն ամրապնդվի և ընդլայնվի: Համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կատարելագործմանը»,- նշել է  ՀՀ կրթության և գիտության նախարարը և հավելել, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվող օտար լեզուների շարքում ֆրանսերենը տարածվածությամբ  3-րդ տեղն է զբաղեցնում: Ա. Աշոտյանը նշել է, որ Հայաստանի շատ դպրոցներ, որպես օտար լեզու, սիրով ընտրում են ֆրանսերենը:

Պայմանագրում, մասնավորապես, ներառված են հետևյալ կետերը ՝
·ֆրանսերենի ուսուցիչների և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում և գնահատում,
·մասնագիտական ծրագրերի մշակում և իրականացում,
· մասնակցություն վերապատրաստող մասնագետների (ռեֆերենտների) խմբի ստեղծմանը,
· աջակցություն ֆրանկոֆոն միջավայր ապահովող կառուցվածքային ցանցի ստեղծմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԳՐԵՖ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպությունը առաջին անգամ համագործակցության  եռակողմ հուշագիրը վավերացրել են 2008 թվականին՝ 3 տարի ժամանակով:  Համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ:

Կարևորելով որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդման նոր լեզվական քաղաքականության ներդրումն ու զարգացումը, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային համագործակցության նախորդ երեք տարիների արդյունավետությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԳՐԵՖ»  կազմակերպությունը որոշել են պայմանգրի ժամկետը երկարացնել ևս երեք տարով:  

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար հայ-ֆրանսիական համատեղ կրթական ծրագրերից առանձնացրել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ աշխատանքը և նշել, որ համագործակցություն կա նաև գիտական կազմակերպությունների միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter