HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կավից թնդիրը լավաշի համար ամենաճիշտ, մաքուր նյութն ա»,- ասում է սառնաղբյուրցի բրուտագործ Սպարտակը

Մշո դաշտի անկրկնելի բարբառի համն ու հոտը պահպանած սառնաղբյուրցի բրուտագործ Սպարտակն իր պապերի լեզվով ինձ պատմում է թոնրի պատրաստման գաղտնիքները:

Բավական ընդարձակ սրահում շարված թոնիրները դեռ թրծված չեն, մի մասն անգամ բերան չունի, Սպարտակը ջանասիրաբար հարթեցնում է կիսապատրաստ թոնիրների պատերն ու բացատրում, որ դրանք անպատճառ պիտի հարթ լինեն, որ երբ բատատ կոչվածի վրա տարածած բարակ խմորը ծեփես, չպոկվի, կպչի մնա պատին, կարմրի, ու տանտիկնոջ ճարպիկ մատները կարողանան թոնրի շուրթից ճիշտ պահին հեշտությամբ պոկել փրփրուն, կաթնաբույր հացը:

«Փոքր ժամանակներս մեծերու հետ թնդիր կտանեինք ծախելու Ամասիայի շրջանի վարի գյուղերը: Էդ գյուղերու մեջ էն վախտ թուրքեր կապրեին: Տարիքով մեծ մե կնիկըմ կար, աչքեր չէր տեսնի, գուքեր, ձեռքը կմտցուր թնդրի մեջ, նեսից կշոշափեր, հենց կըսեր «ռենդե», այսինքն՝ հարթ է, ուրեմն լավ էր, հետո եղունգներով  քերծելու նման շարժում կեներ կողերին, ու եթե եղունգների տակ կավ չէր էղնի, ուրեմն հանգիստ կըրնայինք ծախել մեր ապրանքը,- հիշում է բազմափորձ բրուտն ու ծիծաղելով շարունակում,- բայց օր թաց կէղներ, կըսեր՝ «չամռ է», օր կըսեր «չամռ է», ուրեմն մեր թնդիր մնաց, չծախվեր: Հմի էլ բդի մտածեինք, թե ինչ լեզու թափեինք, օր էդ թնդիր հետ չտանեինք»:

43-ամյա Սպարտակը Ասլանյանների բազմանդամ ընտանիքի 12 երեխաներից կրտսերն է: 40 տարեկանում նրան լույս աշխարհ բերելով՝ մայրը, թերեւս, կատարել էր մշեցի պապերի 7 որդով սեղան նստելու պատգամը, թեպետ նրանց հյուրընկալ ընտանիքում արդեն իսկ մեծանում էր 6 տղա եւ 5 աղջիկ: Սպարտակը 10 տարեկանից սկսել է օգնել հորն ու եղբայրներին` ընտանեկան արհեստի նրբությունները յուրացնելու գործում: Առաջին ինքնուրույն գործը եղել է չափերով փոքր մի թոնիր, որ պատրաստել է 15 տարեկանում ու տարել դպրոց` աշխատանքի ուսուցման դասաժամին ներկայացնելու: Սպարտակի գործը մինչեւ հիմա էլ պահպանվում է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցում:

Ընտանիքի թե արական, թե իգական սեռի ներկայացուցիչները պարտավոր են եղել իմանալ կավագործության գաղտնիքները: Արհեսատավոր այս գերդաստանից ձգտել են աղջիկ հարս տանել՝ հաշվի առնելով վերջիններիս աշխատասիրությունը: Նույն հանգամանքն էլ դերակատարություն է ունեցել, երբ Ասլանյանների արու զավակներն են ամուսնացել: «Լավ հարսնիք էլ ենք էրել, լավ ջհեզ էլ ենք առել: Մեր ընտանիքներից աղջիկ ավելի լավա տարած, օր թասիբով, շնորհքով, աշխատասեր են, քանց թե աղքատ-հպարտի տնից: Մեր ընտանիքներից մեծ սիրով տարած է, մեզի էլ նույն սիրով աղջիկ են տված: Թեկուզ վերունք իմ նշանվելը: Մեր դասարանից 5 հատ թեկնածու կար, հըմը իրա բախտը բերավ: Պապս կըսեր՝ մեր գեղի քոռ ու թոփալին բերեք ավելի լավ է, քան դսի սիրունին»,- ասում ու ծիծաղելով մատնացույց է անում կնոջը, որ հետո պարզվում է՝ պակաս կատակասեր չէ, քան ամուսինը:

«Խաբրտեցի, առա,- ամուսնու ծիծաղին է միանում Մարինեն,- ընչի՞ թողնայի, օր ուրիշի բաժին էղներ»: Մարինեի մայրը եւս, ինչպես սառնաղբյուրցի շատ կանայք, կավից ափսեներ է պատրաստել, եւ աղջկա համար կավը, նյութի հետ աշխատանքը անծանոթ չի եղել: Հարս գալուց 2-3 տարի անց հաց էլ է թխել, պանիր էլ է հորել կճուճներում ու քիչ-քիչ ներգրավվել ընտանեկան արհեստանոցի աշխատանքներում: «Մենք սովոր չենք սոմին թխելուն կամ խանութից առնելուն, ուրիշին ձեռի հացն ուտելու, մենք լավաշ կենենք մեր տան համար՝ ինչքան օր պետք է, լավաշ կուտենք»,- ասում է Մարինեն:

«Հիմի էլեկտրական վառարաններու մեջ հաց կթխեն, դրա թխած լավաշն ու՜ր, թնդրի թխածն ու՜ր: Էն ծխի, կավի համը չկա: Կավից թնդիրը լավաշի համար ամենաճիշտ, մաքուր նյութն ա: Էլեկտրականը հեշտ միջոց ա, էսի բդի աթար ու ցան բերեն, թնդիր վառեն, մուխ կուլ տան, աչքերն ի մռմռա, կրակի բերան երեսները կարմիր լալա դառնա, օր լավաշն էլ համ ունենա,- կատակներով համեմված կավագործի խոսքը հնչում է որպես անառարկելի ճշմարտություն,- հիմիկվա հարսներ  մուխ չեն քաշե, լաչակ չեն կապե, իդոր համար էլ, ճիշտ է, սաղի տուն թնդիր կա, հըմը փակ ին, հըմի հեշտին կվազին, խանութեն կառնին»:

Մեկ թոնրի պատրաստման համար 150-200 կգ կավ է պահանջվում: Կավը բերում են Արագածի փեշերից: Գարունը բացվելուն պես սկսում են կավ ամբարելու գործով զբաղվել: Փորձառու բրուտագործները գիտեն արդեն, թե որտեղից վերցնեն հարկավոր կավը, ինչ խորությունից: Բացատրում են. ամեն տեսակի կավով չի կարելի պատրաստել, թրծելուց կճաքի: 3 մաս կավ, մեկ մաս ավազ հարաբերությամբ խառնուրդը թրջում, թողնում են 4-5 օր, մինչեւ կավը թթվի, փափկի, հետո սկսում են շաղել: Մշակում են մինչեւ այն աստիճան, որ հասկանան` ձեռքի տակ հնազանդ հումք է ստացվել: Նախնական աշխատանքը շատ կարեւոր է: «Մենք արդեն լավ կճանչնանք՝ որն է կավը, որն է կավճին, որն է հողը, իդիկ էլ մեծ հմտություն կպահանջե: Երեխեքին մենակ չենք թողնի էրթան, մենք էլ անպայման բդի հետներն էղնինք: Անգամ մե մետրն էլ տարբերություն կուդա: Բդի ման գաս, ինչքան հնարավոր է որակով կավը բերես, օր որակով դուրս գա գործդ»,- ասում է Սպարտակը:

Ձմռանը սովորաբար գործ չեն անում: Սեզոնը սկսվում է գարունը բացվելուն պես ու ավարտվում, երբ ձյունը ծածկում է Արագածի փեշերը: Շատ ժամանակ կավը պահեստավորում են ուշ աշնանը, որ տաքերն ընկնելուն պես սկսեն աշխատել: Մեկ թոնրի վրա աշխատանքը, եթե կողքից օգնող լինի, մեկ օրում հնարավոր է ավարտել:

Թոնիրը մաս-մաս են հավաքում, երեք կամ չորս մասից, որ հարթեցման աշխատանքները հեշտ լինեն, եթե միանգամից բարձրանան, փուլ կգա: Հետո սկսվում է թրծման պրոցեսը: «Էս գործի տանջանքը շատ ա, եկամուտը՝ քիչ: Ես էս 10 հատ թնդիր մե ամսվա հազիվ սարքի, 20 հազարով օր ծախեմ, կէղնի 200 հազար, հըմի էդ փողին ի՞նչ գուկա, հազար հատ դարդ ու ցավ կա: Իրեք տղա ունիմ, մեկին շոր ուզա, մյուսին կոշիկ ուզա: Մեծս 20 տարեկան է, շոֆեռություն կենե, սաղ վախտ ռուլին է, փոքրս 13 տարեկան է: Հիմնական միջնեկս ու տիկինս ձեռք կբռնեն գործի վախտ: Էն փոքր չանախի ամաններն ու կճուճներ թրծելու գործը Մարինեն կէնե»,- աշխատանքի բաժանումն է ներկայացնում ընտանիքի ղեկավարը:

Խորհրդային տարիներին թոնիր պատրաստելն ավելի եկամտաբեր էր: Սպարտակն ասում, կինն էլ կողքից հաստատում է, որ 20 տարի առաջ բրուտագործությունը կարգին եկամտաբեր արհեստ է եղել: Սեզոնին միայն 100 հատ թոնիր են վաճառել` 50-ից 70 ռուբլով: «Սովետի վախտվա 50 մանեթը մեզի ավելի ձեռնտու էր, քան հիմիկվա 25 հազար դրամը,-նեղսրտում է Սպարտակը,- 100 հատ թնդիր կծախեինք, 5-ից 7 հազար ռուբլի փող կբռներ` մեբել էլ կառնեինք, ավտո էլ կառնեինք,  հիմիկվա 5 հազար դոլարին հողամաս էլ չիդան: Հիմա սեզոնին հազիվ մի 50 հատ կծախենք: Կավ ա կբերինք դաշտից, ավազա կբերինք, կրողին փող կիդանք, շաղվողին փող կիդանք, ավտոն գազա կլցնենք, յուղա կլցնենք: Մաքուր գումար մեզի շատ-շատ մնա 700 հազար դրամ, դրանով էլ բդի ապրինք սաղ ձմեռ, օր գարուն բացվի, գործ էնենք»:

Այս տարի գարնանը սառնաղբյուրցիներից արդեն 20 թոնրի պատվեր է ունեցել, 10-ն էլ պատրաստման փուլում են: Փոքրիկ մի սենյակում Սպարտակը ցույց է տալիս փաթեթավորված մի թոնիր, որ պատվիրատուն պատրաստվում է Ռուսաստան տեղափոխել: «Թրծած, պատրաստ է,- թփթփացնելով թոնրի կողերին՝ ասում է Սպարտակը,- զակաս են տվել՝ բոյը 70 սմ, օր սամալյոտ մտնի, տանին, մենակ 200 հազար դրամ էս թնդրի տոմսն է, քաշը 150 կգ է»: Պարզվում է՝ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները տարեկան 10-15 թոնիր են Հայաստանից տանում: Հիմնականում տանում են ռեստորանատերերը, ովքեր հատկապես հայ այցելուներին գոհացնելու համար թե խորովածը, թե որոշակի ճաշատեսակներ, բնակաբար նաեւ հացը, թոնրում են պատրաստում:

«Էդպիսի հարուստ չկա Հայաստանու մեջ, օր հըմի թնդիր չունենա իրա տան հայաթը դրած: Կտանին թնդրա խորոված ուտելու համար,- պատմում է կավագործը,-դե մեր մարզի հյուսիսային գեղերում էլ հըլը թնդիրը կգործածեն, որովհետեւ էնի բուժման միջոց էլ է: Էս վերջերս Ղուկասյանի գյուղերից մե տարիքով մարդմ էր եկել, կէղներ մե 60 տարեկան, թնդիր գուզեր զակաս տար, կըսեր, թե մրսածս վախտը ես անպայման պիտի ելնեմ պառկիմ էդ թնդրա շուրջը, օր քրտնիմ լավնամ»:

Սպարտակի համոզմամբ՝ մեր նախնիները առողջ են եղել ու առողջ զավակներ ունեցել, որովհետեւ կավից պատրաստված ամաններում են կերակուրը պատրաստել, ոչ թե օտար երկրներից բերած այլումինե կաթսաներում:

«Հըմի հազար հիվանդություն կա: Էդ այլումինից կաստուրկեք կդնեն կրակին, լրիվ թույն է, կուտա ճաշերին, մենք էլ կուտենք, հլա վերցրա էդ կաստուրկեն մե հատ ձեռքով էրա, ձեռքդ սաղ կսեւնա, ըբը, ըդիկ լրիվ թույն է,- ամուսնու միտքն է շարունակում Մարինեն,-հըմի չըսենք, թե մենք կավից ամաններու մեջ ճաշ կուտենք, բայց էն, ինչ հնարավոր է էդ տեսակ ամանների մեջ պահել, կպահենք, ուտելիքը նկատի ունեմ»: Վերջում Սպարտակը մի բան էլ ասաց, որ մեխվեց ուղեղումս` թոնիրը հայի համար սրբություն է եղել:

Հ.Գ.- Հորս ծննդավայրը` Արեւիկ գյուղը, միշտ էլ հռչակված է եղել իր հացթուխներով: Լենինականի շուկայում ամենահարգին Արեւիկ գյուղի կանանց թխած լավաշն էր: Ուլյանե տատիս տանը երեք թոնիր կար թաղած, բայց միայն մեկն էին օգտագործում: Երրորդ թոնրի տեղադրման ժամանակ ես գյուղում էի: Թեեւ շատ տարիներ են անցել, բայց լավ հիշում եմ այդ օրը. թոնիր բերող տղան 60 ռուբլի ուզեց, մեծ հորեղբայրս ասաց. «Թանկ է, քիչմ իջի, վախտըմ առաջ 50-ով կծախեիք»: Տատս սուս ու փուս գնաց, փողը բերեց տվեց թոնիր ծախողին, հետն էլ՝ իր թխած լավաշից մի դաստա (10 հատ): «Բարով բանցնեք»,- մաղթեց թոնիր բերող տղան ու շնորհակալություն հայտնելով հացի համար` նստեց մեքենան: Տատս ականջի ետեւ գցեց հորեղբորս նախատինքը, թե՝ «այ մեր, կէղնի՞ մե օրմ, օր դու փողի ղադրը իմանաս»: «Ես արհեստավորի ղադրը գիտեմ, այ բալամ, օր գինը հանել են, ուրեմն բանըմ գիդեն, համ էլ թնդիրը լավն է, կերեւա, օր լավն է»:

Տատիս տան չօգտագործվող երկու թոնիրներից մեկը հացատանն էր, մյուսը` տան երկրորդ նախամուտքի մոտ: Երկուսի բերանն էլ փակ էր, մեջը՝ դատարկ: Հին թոնիրը երբեք չէր տեղահանվում կամ հողով լցվում, դա նույնն էր, թե օջախդ քո իսկ ձեռքով թաղես: Այն ժամանակ չէին բացատրել, հիմա եմ հասկանում, որ թոնիրը հայի համար նույնացվում էր հենց օջախ հասկացության հետ, որտեղ հաց էին թխում, թոնրի շուրջ ամուսնացողների պսակը կատարում, երեխա կնքում, հիվանդ բուժում: Իսկ հիմա, խնդրեմ, գազօջախդ կամ էլեկտրական վառարանդ երբ փչանա, որ սարքելու հնար չլինի, կարող ես աղբանոց նետել ու անգամ վատ չզգալ, որովհետեւ դրանք օջախ հասկացության հետ ոչ մի կապ չունեն:                                 

Մեկնաբանություններ (7)

Լւլիթ
խնդրում եմ տալ ՎարպետՍպարտակի հեռախոդահամարը կապ հաստատելու համար
Հովհաննես
ինչ լավ մառթիք են
Հովհաննես
Եթե հնարավոր է, խնդրում եմ վարպետ Սպարտակի հեռախոսի համարը տվեք: Ինձի միջին չափսի թնդիր է պետք, հող ու ջրիս կարոդը ադով գուզեմ առնեմ.........Երևան:
Արթուր
Ինչպես կարելի է կապ հաստատել Սպառտակի հետ պատվիրելու համար,խնդրում եմ հուշեք
Սուսաննա Դավթյան
Հարգելի հոդվածագիր, շատ հետաքրքիր հոդված էր:
Հեղինակ
Հարգելի Հայկ թոնիր կարող եք գնել Սառնաղբյուր գյուղի այդ նույն բնակչից, այսինքն` Սպարտակից:
Hayk
shat lav e vor mard@ karoxanume qaric hac stextsel.bayc cavum em vor da miayn goyatevman mijoc e.shat kuzenayi patrasti tonir gnei khusheq indz vortexic kareli e gnel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter