
Բեկոր Փափազյանը համոզված է, որ տնտեսական զարգացման տեսանկյունից տուրիզմն ավելի հետաքրքիր է
Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվեց Զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագիծը, որը Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր մոտեցման կարևորագույն ուղենիշն է: Նախագիծը պատրաստվել է միջազգային հեղինակավոր AECOM կազմակերպությունը: Նախագծի հիմնադրույթները ներկայցրեց AECOM ընկերության փոխնախագահ Քրիստոֆեր Չոան, իսկ փաստաթղթերի իրավական եւ կառուցվածքային կողմերը' Մեծ Բրիտանիայից ժամանած առաջատար միջազգային իրավաբան Ջոն Դաունսը:
Զբոսաշրջության հարավային առանցքը, որն ընդգրկում է Վայոց Ձորի մարզի Արենի գինեգործական շրջանից մինչեւ Տաթեւ-Գորիս ընկած տարածքը, մասնագետները բաժանել են 5 կլաստերների'ներառյալ Եղեգնաձորը, Սիսիանը, Գորիսը, Տաթեւը եւ Ջերմուկը: Հարավային միջանցքը ռազմավարական առումով հանդիսանում է դարպասուղի'արեւելքում Գորիսով դեպի Լեռնային Ղարաբաղ, իսկ հարավում' Մեղրիի ճանապարհով դեպի Իրան:
Հայաստանի ազգային մրցունակության հիմանդրամի ղեկավար Բեկոր Փափազյանը, անդրադառնալով այս ծրագրին, նշեց, որ այն Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում առաջին խոշոր անկյունաքարն է, որտեղ ներդրումային հնարավորությունները «փաթեթավորվում» են զբոսաշրջության զարգացման երթուղիների' կլաստերների շուրջ: Բանախոսի հավաստմամբ, Հայաստանի թերբնակեցված եւ աղքատ մարզերից երկուսը' Վայոց Ձորն ու Սյունիքը մեծ օգուտ կստանան զբոսաշրջության ծավալների ավելացման միջոցով այդքան անհրաժեշտ տնտեսական աճից: Մինչեւ 2020թ-ը բոլոր կլաստերներում գործընթացները կմեկնարկեն:
AECOM-ի ներկայացուցիչները եւս դրական գնահատեցին ծրագիրը: Ընկերության փոխնախագահ Քրիստոֆեր Չաոյի համար հայտնություն է եղել Տաթեւը իր վանքային համալիրով եւ բնաշխարհով: Որպես օդաչուի Ք. Չաոին գրավել էր նաեւ Գորիսի փոքրիկ օդակայանը, որի գործարկումն, ըստ փոխնախագահի, զբոսաշրջության զարգացման գործում լավագույն գրավականներից մեկն է լինելու: Իր հերթին իրավաբան Ջոն Դաունսը հավաստիացրեց, որ հայկական օրենսդրության մեջ չի գտել որեւէ բաց, որ խոչընդոտեր այս ծրագրի իրականացմանը:
Բրիտանացի մասնագետները չանդրադարձան այն բնապահպանական խնդիրներին, որոնք առաջիկայում կծառանան Գորիսի տարածաշրջանի առաջ հանքարդյունաբերության հետևանքով: «Հետքի» հարցին տուրիզմի եւ հանքարդյունաբերության անհամատեղելիության վերաբերյալ պատասխանեց հիմնադրամի ղեկավար Բեկոր Փափազյանը: Վերջինս չժխտեց, որ հանքարդյուաբերության նպատակով չինական ընկերությանը տրամադրած լիցենզիան այս պահին խնդրահարույց է, բայց. «Հիմնադրամը ՄԱԿ-ի մասնագետների հետ համատեղ խումբ է ստեղծել, որը կուսումնասիրի, թե տնտեսական տեսանկյունից որքանով են համատեղելի եւ եկամտաբեր հանքարդյունաբերությունը կամ տուրիզմը: Մենք համոզված ենք, որ տնտեսական զարգացման տեսանկյունից տուրիզմն ավելի հետաքրքիր է, բայց մենք չենք ուզում շեշտը դնել էկոլոգիականի վրա, որ իհարկե կարեւոր է, բայց պիտի հաշվի առնենք նաեւ տնտեսականը»,-ասաց Բեկոր Փափազյանը:
Մեկնաբանել