HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի բժշկական կենտրոնում դիալիզի հիվանդները 6 ամիս դեղ չեն ստացել

Արամ Մանուկյանն արդեն 5 տարի է` հեմոդիալիզի բաժանմունքի հիվանդ է: Նրա մոտ ախտորոշվել է երիկամների անբավարարություն: Ըստ Արամ Մանուկյանի` ինքը պարտադիր պետք է ստանա հեմոգլոբինը բարձրացնող «Ռեկարմոն» դեղը:

Արդեն 6 ամիս է` Արմավիրի բժշկական կենտրոնում է բուժումն ընդունում, սակայն ընդամենը մեկ անգամ է «Ռեկարմոն» ստացել: Արամ Մանուկյանը բուժվել է նաեւ «Արմենիա» եւ «Մալաթիա-Սեբաստիա» բժշկական կենտրոններում եւ այնտեղ ամեն դիալիզի ժամանակ` շաբաթը 3 անգամ, ստացել է խիստ անհրաժեշտ դեղորայքը եւ իրեն լավ է զգացել:

Արամ Մանուկյանի փոխանցմամբ` իր արյան հեմոգլոբինի տոկոսը 50-60 է, եւ այն պետք է դեղերի միջոցով բարձրացվի, ինչը Արմավիրի բժշկական կենտրոնում չի արվում: Նշենք, որ առողջ մարդկանց մոտ արյան մեջ հեմոգլոբինը պետք է լինի 130-150 տոկոս, իսկ հիվանդների մոտ` 110-120 տոկոս:

«Հիմա, որ այդ դեղը չեմ ստանում, արդեն 6 ամիս է, հեռու տնից, ես դիալիզի վերջին ժամը մահացած վիճակում եմ լինում: Ապարատը ստիպված անջատում են, կիսատ են թողնում, որովհետեւ արյան ճնշումս իջնում է 30/50: Այդ ճնշմամբ ոչ մի հիվանդ չի կարող ապրել, Աստծու օգնությամբ հազիվ ապրում եմ: Դիալիզից հետո մոտ մեկ ժամ մահճակալի վրա ընկնում եմ, հետո թեւերիս տակ ընկած բերում նստացնում են տաքսին, ճանապարհում են տուն: Խի այդպես ապրել կլինի՞, այդպես բուժվել կլինի՞: Արմավիրում հաստատ անազնվություն կա: Պարզ ասում եմ` իրենք դեղորայքը չեն բերում, հիվանդներին չեն տալիս, հետո պատճառ են բռնում, թե «Նատալի Ֆարմ»-ում այդ դեղը չկա»,- ասում է Արամ Մանուկյանը:

Հիվանդի խոսքերով` 6 ամիսների ընթացքում ինքը «Ռեկարմոնի» փոխարինողն էլ չի ստացել: «Ասում եմ` փոխարինողն ավելի էժան է, գոնե ինձ դրանից տվեք, բայց էլի չեն տալիս: Որ ճնշումս իջնում է, միայն ճնշման համար են դեղ տալիս, ուրիշ ոչինչ»,- հավելեց Ա. Մանուկյանը:

Ըստ նրա` երբ ամեն անգամ բժշկից դեղ է պահանջել, վերջինից լսել է «Գյուլնազ տատիկի հեքիաթները»` այսօր դեղ չկա, վաղը կբերեն, 2 օր հետո կբերեն, մեկ շաբաթ անց կբերեն եւ այդպես շարունակ:

62-ամյա Արամ Մանուկյանն ասում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում նույնիսկ կրկնակի դեղաչափով է «Ռեկարմոն» ստացել:

Արմավիրի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկ Պավել Սեդրակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Ռեկարմոն» դեղը հիվանդներին տրվում է սակավարյունության դեպքում, իսկ իրենց բաժանմունքի բոլոր հիվանդներն ունեն երկրորդային սակավարյունություն` հեմոգլոբինի պակաս:

«Դիալիզով հիվանդները պարտադիր պիտի այդ դեղը ստանան անվճար: Հիմա դեֆիցիտ է, չգիտեմ` ինչն է պատճառը, ներմուծման հետ է կապված, թե ինչ, բայց առայժմ դեղորայք չկա, կարող է հետո լինի»,- ավելացրեց բժիշկը:

Հեմոդիալիզի բաժանմունքը Արմավիրում նոր է բացվել: 6 ամիս է, ինչ այնտեղ հիվանդներ են բուժվում: Պավել Սեդրակյանի ասելով` այդ ընթացքում ընդամենը մեկ անգամ են հիվանդները «Ռեկարմոն» ստացել, ինչից հետո դեղորայք այլեւս չեն ունեցել: Իհարկե, դեղն ազատ վաճառվում է դեղատներում, բայց մեկ դեղաչափն արժե մոտ 10.000 դրամ, իսկ հիվանդներն ամսական պետք է միջինը ստանան մոտ 5 դեղաչափ, ինչը թանկ հաճույք է նրանց համար: Բժիշկն ասաց, որ հնարավոր է` մեկ շաբաթ հետո դեղը լինի, քանի որ հայտ ներկայացրել են, բայց դեղը դեռ չի հասել:

Պավել Սեդրակյանի ուղեկցությամբ այցելեցինք հիվանդասենյակ, որտեղ այդ պահին երեք հիվանդ հեմոդիալիզի ապարատով բուժում էր ստանում:

Հիվանդներից Նավո Շամոյանն ասաց, որ ինքը երկու ամիս է` «Ռեկարմոն» չի ստացել, բայց իր գյուղի` Մայիսյանի բուժկետից դրա փոխարեն ճնշման դեղ է անվճար ստանում: Հիվանդի խոսքերով` ինքն ի վիճակի չէ դեղատնից իրեն խիստ անհրաժեշտ դեղը գնել, քանի որ շատ թանկ է: «Դիալիզի հիվանդի վիճակը շատ ծանր ա, ինքը չի կարա դեղ առնի թանկ գներով»,- ասաց Ն. Շամոյանը:

Մինչեւ Արմավիրի բաժանմունքի բացումը Նավո Շամոյանը բուժվել է Երեւանում եւ շաբաթը մեկ անգամ «Ռեկարմոն» ստացել:

Արմավիրի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Աշխեն Պողոսյանն ասաց, թե ինքն առաջին անգամ է լսում, որ հիվանդանոցը «Ռեկարմոն» չունի, քանի որ ոչ հիվանդանոցից, ոչ էլ քաղաքացիներից այդ մասին ահազանգ չի եղել: Աշխեն Պողոսյանն ասում է, թե իրենք եղել են հեմոդիալիզի բաժանմունքում, եւ հիվանդները շատ գոհ են եղել բուժումից:

Ա. Պողոսյանը մեր ներկայությամբ զանգահարեց Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Բարեղամյանին: Վերջինս պնդեց, թե դեղորայքի խնդիր չունեն, իրենց մոտ բուժվող 5 հիվանդի համար դեղորայքի հայտ են ներկայացրել եւ «Ռեկարմոնը» ստացել են: Աշխեն Պողոսյանը հետո խոսեց բժիշկ Պավել Սեդրակյանի հետ: Նա էլ ասաց, թե իրենք դեղորայքը պատվիրել են, սակայն մատակարարողը` «Նատալի ֆարմ» ընկերությունը, ուշացրել է, իրենք էլ հիվանդներին տալիս են «Ռեկարմոնին» փոխարինող այլ դեղորայք: Աշխեն Պողոսյանը սաստեց բժշկին, թե ինչու՞ դեղորայքի բացակայության մասին մարզպետին երբեւէ չեն տեղեկացրել: Պավել Սեդրակյանն էլ լսափողի մյուս կողմից պատասխանեց, թե դեղորայքի խիստ անհրաժեշտություն չի եղել: Դրանից հետո Ա. Պողոսյանը խոստացավ, որ այսուհետ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն եւ դրանով անձամբ ինքը կզբաղվի:

Ակնհայտ է, որ մարզպետարանի գլխավոր մասնագետին տված պարզաբանումներում թե բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թե բաժանմունքի բժիշկը հակասում են իրար, ինչը եւ պետք է ուշադրության արժանանա: Ավելին, հիվանդներից Արամ Մանուկյանի տնից, հենց վերջինիս ներկայությամբ հեռախոսով զրուցեցինք Սամվել Բարեղամյանի հետ: Նա կրկին հաստատեց, թե նախորդ ամսվանից հիվանդները «Ռեկարմոն» ստացել են եւ պետք չէ հավատալ նրանց ասածներին: Մինչդեռ Արամ Մանուկյանը հենց տեղից արձագանքեց, որ ինքը միայն մեկ անգամ է «Ռեկարմոն» ստացել, իսկ այդ դեղի փոխարինող երբեք չի ստացել:

Հիշեցնենք, որ դրանից ընդամենը րոպեներ առաջ բժիշկ Պավել Սեդրակյանը մարզպետարանի աշխատակցին հայտնել էր, թե այդ պահին դեղորայք չունեն եւ փոխարինողներ են օգտագործում, իսկ տնօրենի պաշտոնակատարը շարունակ պնդում էր, թե դեղորայք ունեն եւ տալիս են հիվանդներին:

«Հիվանդները ճիշտ են ասում, որ նախորդ ամիսներին «Ռեկարմոն», իրոք, չի եղել, բայց դրա փոխարեն փոխարինող դեղեր են ստացել: Բայց նախորդ ամիս արդեն ստացել են «Ռեկարմոն»«,- ավելացրեց Ս. Բարեղամյանը: Նա ասաց, որ այդ դեղը բավականին թանկ է, եւ իրենք հնարավորություն չունեն մի քանի ամսվա համար պաշար հավաքել: «Պաշար չունենք, քանի որ դրա հնարավորությունը չունենք: Դեղը ձեռք ենք բերում ըստ պահանջի, ամիսը մեկ անգամ»,- հավելեց տնօրենի պաշտոնակատարը:

Երբ նրան փոխանցեցինք բժիշկ Սեդրակյանի խոսքը, որ հիվանդները ամսվա մեջ միջինը 5 անգամ պետք է «Ռեկարմոնի» համապատասխան դեղաչափ ստանան, ասաց, թե իրեն բժիշկը տեղյակ չի պահել, որ հիվանդները դրա կարիքն ունեն, ինքն էլ ավել դեղ չի պատվիրում: Ստացվում է` եթե հեմոդիալիզի հիվանդներից մեկի մոտ կտրուկ փոխվի արյան բաղադրիչը, ապա այդ պահին հնարավոր չի լինի «Ռեկարմոնի» միջոցով կարգավորել, քանի որ գոնե մեկ սրվակ հավելյալ դեղ հիվանդանոցում հնարավոր չէ գտնել: Ինչպես պնդում են հիվանդները` փոխարինող դեղեր էլ չկան:

Արամ Մանուկյանն ասում է, որ 6 ամսվա ընթացքում Սամվել Բարեղամյանն ընդամենը մեկ անգամ է մտել հեմոդիալիզի բաժանմունք: Հենց այդ ժամանակ էլ հիվանդները զայրացել են, թե ինչու իրենց դեղ չի տրամադրվում, ինչից հետո Ս. Բարեղամյանը թողել-գնացել է ու այլեւս չի այցելել հիվանդներին: «Եթե ես պառկում եմ հիվանդանոցում, որ բուժվեմ ու դեղ չեմ ստանում, որ արյունս կարգավորվի, էլ ու՞մ է պետք իմ ապրելը, ասա թույն խմեմ մեռնեմ, էլի: Բայց ես ուզում եմ ապրել, թող ինձ տան այդ դեղը»,- հավելեց Արամ Մանուկյանը:

Նրա կինը` տիկին Սոֆիան էլ ավելացրեց, որ դիալիզից հետո հիվանդը պետք է անվճար ստանա մի շարք դեղեր, սակայն Արմավիրում դրանք էլ չեն ստանում եւ ստիպված դեղատնից են գնում` ամեն ամիս ծախսելով 15,000 դրամից ավել գումար:  

Մեկնաբանություններ (2)

RAFAYEL
Anhrajesht em hamarum koch anel dimum nerkajacnel marzpetaran`boxoqarkelov ev(kam) varchakan dataran`boxoqarkelov angorcutiuny. Nchem naev, or nshvac marminneri het arandznapes huiser chkapelov, sakain, pet e paiqarel sepakan iravunqneri hamar. karcem mer lurj xndirneric mekn el ajn e, or menq shat antarber enq , nuinisk mer (andznakan) xndirneri harcum. Koch em anum linel informacvac ev ardjanapativ.
???????
bjshkakan kentronum 40 milion pox keran,tnorenin pashtonanak anelu poxaren pashtonn ijacrecin,ba ur mnac armaviri marzi dataxaz XAraxanyani hraman uxvac Armaviri vostikanutyan bajni petin te minchev aravot kveranaeq inchi en pashtonn ijacrel,u chen hanel,deari u mi asa el inchi piti hanein,mard@ poxetvel mnacel e ,ba ?????? ??????? um poxerov e Argentina gnacel ardzakurdn anckacnelu, jhamdam te hivandanoc@ 40 milion patrq chuni vori patcharov el henc erkrordayin skavaryunutyun unecox hivandner@ mnacel en aranc dexi;Amot hazar amot Armaviri marzi patkan marminerin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter