HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նախկին դասախոսը պայքարում է իր աշխատանքային իրավունքի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) հայոց լեզվի ամբիոնի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը հայց է ներկայացրել բուհի դեմ`աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդը վճարելու պահանջի մասին:

«Նախկին դասախոսն ընդդեմ ՎՊՄԻ» քաղաքացիական գործը քննության է առնվում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում` դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությաբ: Դատավորի վճիռը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին:

2004 թվականին մրցույթով ընտրվելով դասախոսի պաշտոնում`Լուսինե Աշուղյանը հինգ տարի աշխատել է որպես ընտրված դասախոս: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն երեք անգամ երկարաձգվել է համաձայնագրերով: Վերջին համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո այն այլևս չի շարունակվել, և այս տարվա հուլիսի 11-ին դասախոսն ազատվել է աշխատանքից:

Լուսինե Աշուղյանը համոզված է, որ իր հետ աշխատանքային պայմանագիրը օրենքի խախտումով է լուծվել, և ինքը անօրինական կերպով է ազատվել աշխատանքից, ինչն էլ վիճարկում է դատական կարգով:

Ըստ նրա` դասախոսական պաշտոնը ընտրովի է, դասախոսն ընտրվում է հինգ տարով, ուստի`նրա հետ պայմանագիրն էլ պետք է 5 տարի ժամկետով կնքվի, քանի որ, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետի, ընտրովի պաշտոններում աշխատողների հետ պայմանագրերը կնքվում են ընտրված ժամանակահատվածով:

Լուսինե Աշուղյանի համոզմամբ`2009 թվականին իր պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուն պարտավոր էր լուծել այն`գործողության ժամկետը լրանալու հիմքով, որից հետո այդ թափուր աշխատատեղի համար պետք է հայտարարվեր նոր մրցույթ`նոր հիմունքներով: Սակայն պայմանագիրն իր հետ չի լուծվել, և առանց լուծելու` երկարաձգվել է 3 անգամ, ինչը, ըստ նախկին դասախոսի, անթույլատրելի է ընտրովի պաշտոնում աշխատողի դեպքում:

Վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասը`Լուսինե Աշուղյանն ասում է, որ առանց լուծելու երկարաձգված պայմանագիրը դարձել է անորոշ ժամկետով կնքված, իսկ ինքը`հիմնական աշխատող, ուստի`իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը օրենսգրքի պահանջների խախտումով է տրված:

Որպես պատասխանող կողմ բուհի կողմից դատարանում հանդես են գալիս ՎՊՄԻ-ի պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը, իրավախորհրդատու Լևոն Գոգինյանը և դասախոս Վանո Եղիազարյանը: Պատասխանող կողմը Լուսինե Աշուղյանի պայմանագրի ժամկետը համաձայնագրերով երկարաձգելու փաստը հիմնավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասով, համաձայն որի`պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կողմերի համաձայնությամբ այն կարող է երկարաձգվել: Իսկ համաձայնագիրը, ըստ պատասխանողի, որոշակի ժամկետով կնքված նոր պայմանագիր է: Պատասխանողը նշում է, որ թեև իր կողմից վկայակոչված դրույթը կորցրել է ուժը, սակայն գործում էր 2009 և 2010 թվականներին, երբ հայցվորի հետ աշխատանքային համաձայնագիրը երկարաձգվել է:

Պայմանագրի ժամկետի երկարաձգումը պատասխանողը փաստարկում է ևս մեկ դրույթով. ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր մինչև 5 տարի ժամկետով` առանց մրցութային ընտրության`պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդունքների գնահատման հիման վրա:

«Ակնհայտ փաստ է, որ պայմանագրային ժամկետում իմ գիտամանկավարժական գործունեության արդյունքները դրական գնահատման են արժանացել, ուստի գործատուն ինձ հետ պայմանագիրը չի ցանկացել ընդհատել, այլ շարունակել է,-ասում է նախկին դասախոսը, սակայն նկատում,-չցանկանալով ընդհատել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները` օրենսդրական կոպիտ սխալ է թույլ տվել: Փոխանակ ըստ նույն հոդվածի` նոր պայմանագիր կնքելու, երկարաձգել է պայմանագիրը:  Մի բան, որ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետին: Իսկ նոր պայմանագիրը և համաձայնագրով երկարաձգված պայմանագիրը խիստ տարբեր են»:

Լուսինե Աշուղյանը իր ոտնահարված իրավունքի համար դիմել է նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա: Պատասխան գրության մեջ նշված է, որ նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս թույլ են տրվել օրենքի և կանոնադրական մի շարք խախտումներ: ՀԱՄԿ իրավաբանական բաժինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու նախկին դասախոսին`աշխատանքային իրավունքը պաշտպանելու հարցում:

«Իմ հանդեպ կատարված օրենսդրական խախտման պատճառով ես այսօր դրսում եմ հայտնվել այն դեպքում, երբ աշխատանքը ինձ համար խիստ կարևոր է: Ես միայնակ խնամում եմ երկու առաջին կարգի հաշմանդամի: Պարզապես իրավունք չունեմ չաշխատելու, որովհետև նրանք իմ երեսին են նայում: Աշխատանքից զրկվելուց հետո իմ ապրուստի միակ միջոցը դարձել է նրանց կենսաթոշակը և աղքատության 20 հազար դրամը, որը չի բավականացնում ոչ հացի, ոչ էլ նրանց համար հաց ու ջրի արժեք ունեցող դեղերի համար: Բավական չէ, որ ապօրինի կերպով աշխատանքից ազատված եմ, դեռ մի բան էլ ռեկտորը դատի է տվել ինձ զրպարտության մեղադրանքով` պահանջելով 2 մլն դրամ, որովհետև ի լուր աշխարհի համարձակվել եմ բարձրաձայնել նրա օրենսդրական խախտումների մասին: Հույս ունեմ, որ գոնե դատարանը անաչառ ու անկողմնակալ կգտնվի իմ հարցում»,-ասում է Լուսինե Աշուղյանը:

Մեկնաբանություններ (1)

Seda
Hargeli lragrox@ ayS el erkrord angam taqnvac ironiayov e grum mer ssshat sireli marzpeti masin,heriq chi kext pmtreq amenureq,mi angam el tever tveq eli mardkanc,ov e ayd iravunq2 tvel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter