
Ջրագիծը գործարկվեց, բայց հողերի մեծ մասը չի ոռոգվում
Օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում մասնակցեց Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող, սահմանամերձ 4 գյուղերի հողերը ոռոգելուն կոչված ջրագծի հանդիսավոր բացմանը:
Այդ ջրատարի նշանակությունը շատ մեծ է սահմանագոտու բնակիչների համար, ովքեր հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց, Ջողազի ջրագծի անգործության մատնվելուց հետո, 20 տարի ոռոգման ջրի երես չէին տեսել: Նոյեմբերյանի սարերի ջուրը հոսում էր Ադրբեջան: Այդ ջրագծի շինարարությունը սկսվել էր 2005թ. եւ պետք է ավարտվեր 2008-ին, սակայն նախագծում կատարված փոփոխությունները, շինարարական կազմակերպությունների թերացումները 3 տարով հետաձգեցին ջրագծի գործարկումը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ:
Ըստ քրեական գործի տվյալների` շինարարական «ԱՍ-ԿԱ» եւ «Էջմիածնի ջրշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչները խոշոր գումարների յուրացումներ են կատարել: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) ֆինանսավորմամբ ինքնահոս այդ ջրատարի շինարարության համար ի սկզբանե նախատեսված էր 2.8 մլն դոլար, սակայն նախագծային փոփոխությունների, շինարարական աշխատանքների ուշացման արդյունքում շինանյութերի թանկացման հետեւանքով ծախսվել է 5.4 մլն դոլար:
Ջրագծի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին բաժանվեց ջրագծի մասին տեղեկանք, որտեղ նշված է. «Կառույցի շինարարության արդյունքում վերականգնվել է 1100 հա հողերի ոռոգման հնարավորությունը, որից Ոսկեպարում` 300 հա, Ոսկեվանում` 140 հա, Բաղանիսում` 130 հա, Կոթիում` 530 հա: Ի՞նչ է նշանակում «ոռոգման հնարավորություն», այս բառակապակցությունն անորոշ է: Ոռոգման ջրագծի բացման ժամանակ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Սերգեյ Վիրաբյանին հարցրի, թե արդյոք 1100 հա տարածքները ոռոգվելո՞ւ են, սահմանամերձ 4 գյուղերում դրա համար առկա՞ է ոռոգման ներքին ցանց:
Սերգեյ Վիրաբյանը, առանց աչքը թարթելու, հաստատեց, որ ոռոգման ներքին ցանց գոյություն ունի, եւ 1100 հա-ն հնարավոր է ոռոգել: Տեսնենք, թե վերոհիշյալ 1100 հա-ից քանի՞սն է ներկայումս ոռոգվում: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ Ոսկեվանում ոռոգման համար նախատեսված 140 հա-ից 96-ը տնամերձ տարածքներն են: Գործարկված ոռոգման ջրագծի հետ Ոսկեվանում 2.5 կմ երկարությամբ մի ճյուղավորում է կառուցվել, որը գյուղի մի ծայրից մյուսն է ձգվում:
Սերյոժա Ալեքսանյանը վկայեց, որ ներկայումս գյուղի տնամերձ հողամասերից հնարավոր է ոռոգել մոտ 50 հա, իսկ տնամերձ մյուս տարածքները կարող են ոռոգելի դառնալ, եթե գյուղացիները համախմբվեն, իրենց տնամերձերը ձգվող ջրագծեր կառուցեն: Գործարկված ջրագծի միջոցով պետք է ոռոգվեն նաեւ Ոսկեվանի նախկին այգիների եւ դաշտերի տարածքները: Այնտեղ ոռոգման ներքին հին ցանց կա, հարկ է դրանք մասնակիորեն նորգել:
Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ այժմ հնարավորություն կա ոռոգելու գյուղի 200 հա տնամերձ հողամասերից 140-150 հեկտարը: 200 հեկտարն ամբողջությամբ ոռոգելի կդառնա, եթե ներքին ցանցում միացումներ արվեն: Գյուղապետի խոսքով` եւս 350 հա նախատեսված է ոռոգել գյուղի շրջակա դաշտերում: Սակայն այնտեղ ոռոգման ներքին ցանցում նորոգման աշխատանքներ, ջրագծի նոր միացումներ պետք է կատարել: Ոսկեպար համայնքում նոր գործարկված ջրագծով ընդհանրապես ոռոգում չի արվում:
Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանը հայտնեց, որ նախատեսված է 300 հա տարածք ոռոգելի դարձնել: Դրանից 200 հա-ում ոռոգման ցանց գոյություն ունի, իսկ 100 հա-ի համար պետք է նորը կառուցել: Բացի այդ, 20 տարի անգործության մատնված ներքին ցանցը հնարավոր չէ առանց ընթացիկ նորոգման վերագործարկել: Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանից տեղեկացանք, որ ըստ ծրագրի` նախատեսված էր ոռոգելի դարձնել ադրբեջանական հենակետերի ուղիղ նշանառության գոտում գտնվող հողերը: Սակայն բաղանիսցիները «կյանքից ձեռք չեն քաշել», որ հակառակորդի գնդակոծության ներքո ոռոգում կատարեն:
Գյուղապետ Սահակյանն առաջարկել է, որպեսզի ոռոգման ջրագծից մի ճյուղավորում առանձնացվի, որով կոռոգվեն համեմատաբար ապահով տարածքում գտնվող 15 հա խաղողի այգիները: Այսպիսով, այժմ ոռոգվում է ծրագրով նախատեսված 1100 հա-ի շուրջ հինգերորդ մասը: Սեպտեմբերի 15-ին տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզպետարանում մարզպետարանի աշխատակիցների, նշված 4 համայնքների ղեկավարների, «Դեբեդ-Աղստեւ-ջրառ» ՓԲԸ տնօրենի հետ խորհրդակցություն է անցկացրել: Արմեն Գեւորգյանն առաջարկել է ուսումնասիրել սահմանամերձ այդ գյուղերի հողերի ոռոգման հնարավորությունները եւ ներկայացնել առաջարկներ:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքն այս խորհրդակցության մասին հայտնում է. «Քննարկվեց Կոթիի ջրագծով ոռոգվող հողերի հետագա նպատակային օգտագործման հարցը: Պարոն Գեւորգյանն առաջարկեց նախանշել այն ուղղությունները, որոնք կօգնեն ոռոգման ջուրն առավելագույնս արդյունավետ օգտագործելուն: Նշվեց, որ ջրատարից օգտվող 4 համայնքից երեքը` Կոթին, Ոսկեվանն ու Ոսկեպարը, կարող են ջուրն օգտագործել լիարժեք, իսկ Բաղանիսի 65 հա հողերից միայն 15 հեկտարն է մշակվում, որովհետեւ 50 հեկտարը գտնվում է սահմանին մոտ վտանգավոր գոտում»:
Թե Կոթին, Ոսկեպարը եւ Ոսկեվանը որքանո՞վ կարող են «լիարժեք օգտագործել» այդ ջրագծի ջուրը, վերեւում ներկայացվեց: Մարզպետարանի կայքում ցանկալին ներկայացվում է իրականի տեղ: Հարկ է վերոհիշալ 4 գյուղերում ոռոգման ջրագծի նոր ճյուղավորումներ, ներքին ցանցեր կառուցել, առկա հին, չգործող ցանցերը նորոգել: Դրա համար բավական ֆինանսական միջոցներ եւ ժամանակ է պահանջվելու: 2003 թ. ոռոգման համակարգերի ձեռնարկությունը Կոթիի դաշտերում քանդեց անգործության մատնված Ջողազի ջրագծի ներքին ցանցն ու վաճառեց: Այն ժամանակ Կոթիի տարածքները ոռոգելու ծրագիրն արդեն գոյություն ուներ: Հանված եւ վաճառված խողովակները հետո, անկասկած, պետք կգային:
Մեկնաբանել