ԼՂՀ պաշտպանության նախարարը հնգօրյա արձակուրդ շնորհեց գյումրեցի լավագույն զինծառայողներին
Յուլիա Գրիգորյան
Մարտի 16-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը Գյումրիում էր: Նախարարն իր հետ բերել էր ԼՂՀ-ի սահմաններում իրենց պարտականությունները լավագույնս կատարած թվով 123 շիրակցի զինվորների: Հանդիպումը ԼՂՀ պաշտպանության հրամանատարության եւ զինվորների ծնողների հետ տեղի ունեցավ Գյումրու դրամատիկական թատրոնում: ԼՂՀ ՊԲ հրամանատար Մ. Հակոբյանն ասաց, որ անձամբ է եկել լավագույն զինվորների ծնողներին շնորհակալություն հայտնելու: «Շիրակը մեր հայրենիքի այն մարզերից է, որն առանձնանում է իր ծավալով, իր մշակույթով եւ, ցավոք նաեւ, դառնություն ապրած իր ժողովրդով: Բայց դա շիրակցուն երբեք չի ընկճել՝ ո’չ Արցախյան գոյապայքարի ժամանակ, ո’չ այսօր: Ամենամեծ զորակոչն այստեղից է: Շիրակի արու զավակներն իրենց պարտականությունը կատարում են մեր հայրենիքի ամենից կարեւոր մասում՝ Արցախում: Եկել եմ զեկուցելու, որ շիրակցիներն իրենց պարտքը կատարում են պատվով: Ձեր զավակները շարունակում են ավագ սերնդի հաջողությունները»,- ասաց նախարարը:
ԼՂՀ ՊԲ հրամանատարն անդրադարձավ զինվորների առօրիային, գովեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծանր աշխատանքը: «Վստահ եղեք, որ այսօրվա խաղաղությունը Արցախում տիրում է միայն ու միայն այդ զինվորների բազկի հզորության շնորհիվ: Եթե չլինեն մեր զինվորները եւ հակառակորդը մի պահ զգա, որ ԼՂ-ի խնդիրը կարող է լուծել ռազմական ճանապարհով, ապա պատերազմը կսկսի: Նման զինվորների ծառայությունն է, որ թշնամուն պարտադրում է խելոք մնալ: Ասում եմ՝ ծառայությունը բավական դժվար է, որովհետեւ հերթապահությունն անմիջապես հակառակորդի հետ շփման պայմաններում է: Ձեր զավակներն, իհարկե, դրա մասին երբեք ձեզ չեն ասում, որովհետեւ եթե իրենք լավագույն զինվորներ են, ապա լռում են եւ ասում, որ ամեն ինչ լավ է: Այո, ամեն ինչ լավ է, որովհետեւ հայ զինվորը վստահ եւ քաջաբար է իր ծառայությունն իրականացնում»:
ԼՂՀ պաշտպանության նախարարն անակնկալ մատուցեց ծնողներին՝ իրենց զավակներին հնգօրյա արձակուրդ շնորհելով: Ապա 123 զինվորների ծնողներին անձամբ շնորհակալագրեր հանձնեց: ՇՄ երեք ազատամարտիկներ՝ Իգոր Զաքարյանը, Հովհաննես Շեկոյանը եւ Դավիթ Չերնամորյանը արցախյան ազատամարտում ունեցած անուրանալի ավանդի համար պարգեւատրվեցին ԼՂ բանակի հուշամեդալով:
Միջոցառումը, որն առաջին անգամ մեկնարկեց Գյումրիում՝ նպատակ ունի ամրապնդել բանակ- ընտանիք կապը: Այսպիսի հանդիպումները զինվորների ծնողների հետ շարունակական կլինեն: Դահլիճում տոնական մթնոլորտ էր. զինվորների ծնողներն ուրախ ու երջանիկ էին: Ելույթներով հանդես եկան հրամանատարներ, զինվորներ, զինվորների ծնողներ:
Ողջույնի խոսք ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Այսօր կարեւոր օր է եւ աննախադեպ երեւույթ, երբ զինվորին նախարարը սպաների հետ բերում է իր տուն: Ունենք սոցիալական շատ խնդիրներ եւ քաղաքում, եւ ողջ պետությունում, բայց հասել ենք նրան, որ ունենք անկախ երկիր, մարտական բանակ եւ պիտի հպարտանանք դրանով: Հարգելի ծնողներ, խոնարհվում եմ ձեր առջեւ, որ այսպիսի զավակներ եք դաստիարակել»:

Գյումրու քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց տրանսպորտային միջոցներ տրամադրել այն ծնողներին, ովքեր կցանկանան գնալ եւ տեսնել դիրքերում ծառայող իրենց որդիներին: Զինվորները եւ ԼՂՀ հրամանատարական կազմը հուշանվերներ ստացան քաղաքապետից, իսկ նվագախումբ ունեցող զորամասերից մեկին Ս. Բալասանյանը նվիրեց ձայնաուժեղացուցիչներ:
Շիրակի մարզից բանակ զորակոչվածների մեծ մասը տարվում են Լեռնային Ղարաբաղ, ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ շիրակցիներն ամենից լավ զինվորներն են` «շատ համարձակ, անվախ ու խիզախ»,- նշեց ԼՂՀ պաշտպանության նախարարը:
ԼՂՀ-ի սահմաններն ամուր են եւ դիվերսիոն գործողություններից պաշտպանված՝ հայ զինվորի աննկուն կամքի շնորհիվ. «Արցախի բանակը՝ սկսած 1980-ական թվականներից բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է իր առջեւ դրված խնդիրը կատարել եւ ոչ մի անգամ կասկած չի հարուցել իր ժողովրդի մոտ: Մեր բանակն այսօր ավելի քան հզոր է եւ պատրաստակամ ցանկացած խնդիր ցանկացած վայրում չեզոքացնելու»,- նկատեց Մովսես Հակոբյանը:
Ռուս քաղաքական գործիչ Ժիրինովսկու այն հայտարարությանը, որ ավելի լավ կլինի Լեռնային Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ԼՂՀ պաշտպանության նախարարը տվեց հետեւյալ մեկնաբանությունը. «Ամեն մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն արտահայտվածի պատասխան չեն տալիս: Ժիրինովսկին եւ նրա նմանները հայտարարություն պիտի՞ անեն ... դա նրանց գործն է՝ թո’ղ անեն: Դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում: Որեւէ մեկին իրավունք վերապահված չէ Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել: Ղարաբաղը ինքնիշխան երկիր է եւ Ղարաբաղի հարցը որոշելու է միայն Ղարաբաղի ժողովուրդը»:
Արցախի սահմանների մոտ ադրբեջանցի դիպուկահարներն են գործում, սակայն դրանից Արցախի բանակը անհանգստություն չունի եւ միշտ պատրաստ է հակահարվածի. «Ադրբեջանցի դիպուկահարները միշտ գործել են, արժանի պատասխան ստացել են, միշտ հանգստացել են: Հետո նորից են «արթնացել» եւ էլի ստացել պատասխան: Կարող եմ ասել, որ առաջին գծում իրավիճակը վերահսկվում է: Հայ զինվորը պարտադրողի դերում է, այդպես եղել է եւ այդպես շարունակվում է»,- հայտարարեց Մ. Հակոբյանը:
Ինչու՞ են մեր զինվորները զոհվում խաղաղ պայմաններում, ինչու՞ չեն կանխվում ինքնասպանությունների եւ բանակային ներքին սպանությունների դեպքերը եւ ինչու՞ չեն բացահայտվում իրական մեղավորները, հարցերի այս տարափին պաշտպանության նախարարն ուներ մեկ պատասխան. «Բոլոր դեպքերի վերաբերյալ հարուցվում է քրեական գործ եւ դատարանում տալիս են պատասխան»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել