HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կընկնի՞ ընդդիմությունը հերթական թակարդը

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերին երկարատև բանակցություններից հետո կարծես թե հաջողվում է համաձայնության գալ վարչապետին անվստահություն հայտնելու հարց առաջադրելու շուրջ, և այս առումով առաջիկայում պառլամենտում կարող են հետաքրքրական պրոցեսներ ծավալվել:

Առաջին հայացքից թվում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայիս գործունեության և նրա կաբինետի խղճուկ արդյունքների վերաբերյալ ունեցած միասնական բացասական կարծիքի պարագայում նրան անվստահություն հայտնելը առանձնակի դժվարություն չպետք է ներկայացներ, և կոնսենսուսի հարց չպետք է առաջանար: Սակայն խնդիրը ոչ թե բուն անվստահություն հայտնելու մեջ է, այլ դրան հաջորդելիք քայլերի: Կարծես թե ընտրվել է ամենատրամաբանական տարբերակը` վարչապետի այլընտրանքային թեկնածու և այլընտրանքային պլատֆորմ առաջարկելու: Հակառակ դեպքում վարչապետին հեռացնելու նախաձեռնությունը դառնում էր ինքնանպատակ: Բայց մյուս կողմից` ոչ իշխանական ուժերը դեռևս չեն հստակեցրել` արդյոք կառավարությանն անվստահություն հայտնելն իրենց համար վերջնանպատա՞կ է, թե՞, այնուամենայնիվ, ընդամենը տակտիկական առաջադրանք, ավելի հեռահար խնդիր` ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար: Եթե անգամ ոչ հրապարակայնորեն, գոնե ընկալում ձևավորելու համար այս հարցի պատասխանը պետք է տրվի փաթեթային, քանի որ դրա պատասխանից է կախված` պրոցեսները զարգանում են զուտ իշխանական կոալիցիա մտնելու և գործող իշխանության քաղաքական կուրսի համար պատասխանատվություն ստանձնելու տրամաբանությա՞ մբ, թե՞ համակարգային փոփոխություններ իրականացնելու: Այս խնդրի անհստակությունը իշխանության ձեռքին կարող է դառնալ կարևոր խաղաքարտ և մանևրելու հնարավորություն:

Բանն այն է, որ այդ պարագայում  իշխանությանը հնարավորություն է տրվում Կառավարությանը քավության նոխազ դարձնելով և վարչապետին «զոհաբերելով»` պահպանել կարևորագույնը` իշխանական հեգեմոնիան: Իսկ «պլանը» կամ սցենարը շատ պարզ է: Վարչապետին «զոհաբերելը» նախագահը կարող է մատուցել որպես հասարակական պահանջին ընդառաջելուն, քաղաքական ճգնաժամի հասունացումը կանխելուն ուղղված զիջում: Դրանից հետո նա ունենալու է երկու տարբերակ: Առաջին` նոր կառավարություն ձևավորել` կրկին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի մասնակցությամբ` պահպանելով քաղաքական ուժերի ներկայիս հարաբերակցությունը, որի համար նրան անհրաժեշտ կլինի ստանալ ոչ իշխանական ուժերի համաձայնությունը: Սա գրեթե անհավանական է, որովհետև ընդդիմության համար նշանակելու է ընդամենը պարզ փոխատեղում, որը սոցիալ-տնտեսական քաղաքականության վերանայում չի ենթադրելու, այսինքն` վարչապետի անվստահությանը հասնելը դառնալու է ինքնանպատակ: Երկրորդ` նախագահը կարող է ընդդիմությանն առաջարկել ձևավորել միասնական կամ այսպես կոչված ազգային համաձայնության կառավարություն` ընդլայնելով կոալիցիան: Սա արդյունավետ կարող է լինել միայն մեկ դեպքում. եթե նոր կոալիցիան ձևավորվում է ընդդիմության առաջարկելիք և իշխանության հետ համաձայնեցրած միասնական օրակարգի կամ պլատֆորմի շուրջ, այլ ոչ թե ՀՀԿ-ի և անձամբ գործող նախագահի անձի: Հայաստանյան փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նման կոնսոլիդացիոն պրոցեսները երբեք տեղի չեն ունենում ծրագրերի և գաղափարների շուրջ: Անգամ եթե դրվում է այդ նպատակը, ժամանակի ընթացքում դա ձևախեղվում է և ստացվում է կոնսոլիդացիա հանուն իշխանության մաս լինելու: Դրա վառ օրինակը եղել է 2008թ. քաղաքական ճգնաժամի հաղթահարման ժամանակ, երբ 4 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, կոալիցիա կազմեցին համատեղ ստորագրված և Կառավարության գործունեության հիմքը կազմելիք հուշագրի շուրջ: Սակայն շատ արագ հուշագիրը քաղաքական օրակարգից դուրս մղվեց, և արդյունքում ստացվեց, որ կոալիցիոն երեք ուժերը միայն պորտֆելներ են ստանձնում ՀՀԿ-ական կառավարությունում` իրականացնելու ՀՀԿ-ական մեծամասնության և նախագահի ընդունած քաղաքական որոշումները: Իսկ պատճառն այն էր, որ խորհրդարանում ՀՀԿ-ն ուներ բացարձակ մեծամասնություն և ցանկացած դեպքում պահպանում էր որոշումները փաստացի միանձնյա ընդունելու բացառիկ իրավունքը: Նման հարաբերակցության պարագայում կոնսենսուսի մասին խոսք լինել չէր կարող, մինչդեռ այդ հուշագրի դրույթները հնարավոր էր կենսագործել միայն կոնսենսուսային որոշումների և լուծումների պարագայում: Եթե ոչ իշխանական ուժերը հիմա այդ փորձը հաշվի չառնեն, պատմությունն, անկասկած, կրկնվելու է: Իսկ հաշվի առնելը նշանակում է հասնել խորհրդարանական նոր, այնպիսի ընտրությունների, որ դրա արդյունքում ՀՀԿ-ն այլևս մեծամասնություն ձևավորելու հնարավորություն չունենա: Մինչդեռ ոչ իշխանական ուժերից ոչ ոք խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու պահանջ չի առաջադրում: Եվ կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ական կարկառուն գործիչ Գալուստ Սահակյանի այն միտքը, թե ոչ իշխանական քառյակն ընդամենը պաշտոններ է ուզում, դառնա նրա հերթական պայծառատեսությունը:

Այս իմաստով, անկախ ամեն ինչից, քառյակը վաղ թե ուշ բախվելու է համապետական ընտրություններ անցկացնելու և դրա միջոցով փոփոխությունների հասնելու գաղափարին` դուրս գալով զուտ Կառավարության փոփոխության մակերեսային խնդրի շրջանակից: Հարցն այն է` խոսքը վերաբերելու է հերթակա՞ ն, թե՞  արտահերթ համապետական ընտրություններին: Դրանցից որ տարբերակն էլ ընտրվի, միևնույն է` ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե որքանով ընդդիմությունը կկարողանա կանխել «հին ու բարի ավանդույթներով» ընտրությունների անցկացումը, որը ցանկացած պարագայում հանգեցնելու է իշխանության վերարտադրության: Նոր կառավարության կազմ մտնելը տրամաբանական ու հասկանալի է դառնում, եթե նպատակը այնպիսի վարչական լծակների ձեռքբերումն է, որոնք ընտրությունների ընթացքը լիարժեք վերահսկելու հնարավորություն են տալիս: Հետևաբար, միասնական պլատֆորմ ներկայացնելիս պետք է հաշվի առնվի նաև այս պահանջը:

Բոլոր դեպքերում նկատելի է, որ ոչ իշխանական ուժերի ներկայիս գործողությունների հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը նորից նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն չի ունենալու: Լավագույն դեպքում քաղաքական ուժերը գործ են ունենալու նրա «ժառանգորդի» հետ: Սա մասնավորապես ԲՀԿ ղեկավարին ազատում է Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների ներկայիս պարիտետը պահպանելու կաշկանդումներից, որը մյուս ուժերի կողմից ԲՀԿ-ին և Ծառուկյանին վստահելու բավարար պայման է ստեղծում: Եթե ֆորս-մաժորային անկանխատեսելի խոչընդոտներ չառաջանան, միակ հնարավոր խնդիրը, որին կարող են բախվել այլընտրանքային ԲՀԿ-ն և ընդդիմադիր մյուս երեք կուսակցությունները, արդեն մեկնարկած սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանի համար իշխանության մնալու նոր մեխանիզմների սահմանում է: Եվ եթե նրանք իսկապես համակարգային փոփոխություններ և ամբողջական, բովանդակային իշխանափոխություն իրականացնելու նպատակ ունեն, ներկայումս համաձայնեցվող պլատֆորմի հիմնական կետերից մեկը պետք է այդ խողովակի ստեղծման բացառումը լինի: Արդյոք ընդհանուր ճակատ կազմող ուժերն այս «մանրուքները» հաշվի են առնում` պարզ կլինի այն ժամանակ, երբ նրանք հրապարակեն այդքան սպասված ընդհանուր պլատֆորմը: 

Լուսանկարը` www.caricatura.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter