Սպանդարյանում ցանքատարածքները տարեցտարի պակասում են
Արսեն Վարդանյան
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում առկա խնդիրներին Կառավարության վարչատարածքային բաժանման մասին հայտնի որոշումից հետո ավելացել է եւս մեկը`պահուստային ֆոնդի հողերից 460 հա խոտհարքը համայնքից վերցվել եւ միացվել է հարեւան Արեւշատ համայնքի վարչական տարածքին: «Նախկինում, եթե մենք վարձակալության վճարները վճարում էինք Կառավարությանը, հիմա պետք է վճարենք տվյալ համայնքին,- ասում է Սպանդարյան համայնքի ղեկավար Վաղարշակ Բաղդասարյանը,- մեզ մնացել են 18 հա 5-րդ, 6-րդ կարգի հողեր, որպես արոտ:
Ժամանակին 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է ունցել գյուղը, հիմա ունեն` 800 գլուխ եւ 300 գլուխ ոչխար: Այս որոշումով զրկվում ենք արոտներից, իսկ դա նշանակում է, որ անասնագլխաքանակն էլ է պակասելու: Օրենքը հրապարակվելուց հետո համայնքների ղեկավարներով, ովքեր եւս ունեն նման խնդիր, մի քանի անգամ դիմել ենք Կառավարություն, բայց առայժմ էական տեղաշարժեր չկան»:
Սպանդարյանի համայնքապետի փոխանցմամբ` գյուղից կան մարդիկ, ովքեր Արեւշատին հատկացված տարածքներն օգտագործում են վարձակալական հիմունքներով: Գումարը, բնականաբար, փոխանցվում է ոչ թե Սպանդարյանի, այլ Արեւշատի համայնքային բյուջե:
Պետությունից 2014թ.-ին Սպանդարյանին հատկացված դոտացիայի չափը կազմում է 36 մլն 702 հազար դրամ: Նախորդ տարիներին համայնքը սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ է ունեցել: Գրանցած ցածր ցուցանիշների պատճառը համայնքի ղեկավարը համարում է գյուղից ժամանակավորապես բացակայող բնակիչներին: Համայնքում տարեցտարի ավելի քիչ են սկսել մշակել ցանքատարածությունները: Խնդրահարույց են նաեւ կրկնվող կարկտահարության դեպքերը: Գյուղի տարածքում հակակարկտային կայաններ տեղադրելու անհրաժեշտություն կա: Ըստ համայնքապետի` 5-6 կայանը բավարար կլիներ: Մոտավոր հաշվարկներով 35-40.000 դոլար գումար կպահանջվի խնդիրը լուծելու համար, մի բան, որ համայնքը սեփական ուժերով չի կարող անել:
Սպանդարյանում ոռոգելի 134 հա-ից գյուղացիները կարողանում են մշակել ընդամենը 16 հա-ը: Համայնքապետ Վաղարշակ Բաղդասարյանն ասում է, որ ոռոգման նպատակով ջրամբար պիտի կառուցվեր դեռեւս 1990-91թթ.-ին: Այն ժամանակ միայն ընդերքի ուսումնասիրության աշխատանքներ են կատարվել ու դրանով հարցը փակվել է: 350-400 հազար խորանարդ տարողությամբ ջրամբարն, ըստ նախագծի, բավարարելու էր Սպանդարյան, Գետափ, Անուշավան, Փանիկ, Վարդաքար համայնքների պահանջները:
Խորհրդային միությունից ժառանգած մոտ 40 կմ խմելու ջրագիծն այլեւս պիտանի չէ շահագործման: Սպանդարյանում ցանցը համայնքային ենթակայության է: Յուրաքանչյուր տարի խմելու ջրի խողովակների վթարների վերացման համար համայնքն առանձնացնում է 200-300 հազար դրամ: Ջուրը շուրջօրյա չէ: Տրվում է 12 ժամով: Մյուս գյուղերի համեմատ գյուղի երկրաբանական գոգավոր դիրքի հաշվին մոտ 3-4 ժամ ավել են խմելու ջուր ունենում: Նախորդ տարի վթարների վերացման համար ծախսվել է 100.000 դրամ դպրոցի ջրագծի վերանորոգման համար, իսկ 60.000 դրամ` մանկապարտեզի ջրագծի վերանորոգման համար:
![]() |
![]() |
| Ավետիք Հակոբյան | Վաղարշակ Բաղդասարյան |
Նախորդ տարի 1500 մետր ոռոգման ջրի համակարգի վերանորոգում է իրականացվել՝ 40 լիտր տարողությամբ, որի արժեքը կազմել է 27 մլն դրամ: Համայնքի ներդրումը եղել է 4 մլն դրամի չափով, մնացած աշխատանքները հնարավոր է եղել կազմակերպել Համաշխարհային բանկի ներդրումների հաշվին: Գյուղի մշակույթի տունն անմխիթար վիճակում է, սակայն դա չի խանգարել 2013 թվականին համայնքում բացել համակարգչային կենտրոն՝ բյուջեից հատկացնելով 1 մլն 400 հազար դրամ:
Գյուղում խնդիր է նաեւ մսի իրացումը: Տավարի միսը համայնքից մսավաճառները գնում են 1800-2000 դրամով: Կաթի գինը տատանվում է. ներկայում մեկ լիտր կաթը սպանդարյանցիները 150 դրամով են հանձնում կաթ մթերող կազմակերպություններին, իսկ ամռանը արժեքն իջնում է մինչեւ 80 դրամ:
Սպանդարյանում կա 320 տնտեսություն: Գյուղի մանկապարտեզ հաճախում է 26 երեխա: Մանկապարտեզի համար համայնքային բյուջեից տարեկան ծախսվում է մոտ 6 մլն դրամ: Գյուղի դպրոցում սովորում է 234 աշակերտ:
Սպանդարյանցի անհատ ձեռներեց Ավետիք Հակոբյանը դժգոհում է
գյուղում առկա սոցիալ-տնտեսական վիճակից, որը նրա ասելով գնալով վատանում է: Ավետիքն ասում է, որ գյուղացիների մեծ մասն իր խանութից ապառիկով է առեւտուր անում: Նա ցույց է տալիս պարտքերի ցուցակը՝ նշելով, որ եթե այդ եղանակով չաշխատեն, ապա առեւտուր ընդհանրապես չի լինի:
«Գնալով պարտքի ցուցակները կավելնան: Մեկը երեխին չայի համար շաքար կտանի, մյուսը՝ պեչենի, էն մեկը մակարոն գուզե: Չկա, կանխիկ գումար չկա գյուղացու ջեբը ու ոչ էլ հնարավորություն կա: Մոտ 2 մլն դրամի պարտք ունեն ինձ մոտ, բայց թե հնար չկա: Գյուղը 7-8 խանութ ունի, սաղ ապառիկով կաշխատին, մարդիկ թոշակի ու խոպանից ուղարկած գումարների հույսին են»,- ասում է Ավետիք Հակոբյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել