Հունգարիայի օմբուդսմենը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ օրերս Հունգարիայի օմբուդսմենը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներկայացրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Հունգարիայի օմբուդսմենի արտահերթ զեկույցը: Հունգարիայի օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ: Զեկույցում մասնավորապես նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ Արդարադատության նախարարը, էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում նույնպես Սաֆարովն իր պատիժը կկրի ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ»:
Զեկույցում շեշտվում է նաև, որ «Նման կերպ վարվելով՝ արդարադատության նախարարը ուղղակիորեն վտանգել է օրենքի գերակայության սկզբունքի կիրառությունը և դրանից բխող իրավական որոշակիությունը: Արդյունքում, համաձայնելով էքստրադիցիային, նա թուլացրել է իր իսկ երկրի քաղաքացիների հավատը սեփական երկրում արդարության և վստահության նկատմամբ»:
Բուդապեշտում Հունգարիայի Հանձնակատարի հետ վերջին հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը կարևորել է երկու երկրների օմբուդսմենների համագործակցությունը, նշելով, որ օմբուդսմենի ինստիտուտը ապաքաղաքական մարմին է, և անկախ իրենց երկրների վարած քաղաքականությունից կամ դիվանագիտական հարաբերություններին, այդ կառույցները պիտի շարունակեն համագործակցել հանուն մարդու իրավուքների պաշտպանության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել