HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակավայրերի կեղտաջրերն առանց մաքրման և վարակազերծման թափվում են Սևանա լիճ

Արփինե Մինասյան

Ռազմավարական ռեսուրս հանդիսացող խմելու ջուրը չի մատակարարվում Գեղարքունիքի մարզի շատ համայնքներում, այն դեպքում, երբ մարզում քիչ չեն ջրի բնական պաշարներ ունեցող բնակավայրերը: Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2012-2015թթ. ծրագրի ջրային ոլորտի իրավիճակի վերլուծությունում ջրամատակարարման համակարգի խնդիրները պայմանավորված են ոչ թե ջրի սակավությամբ, այլ ջրամատակարարման խողովակների քայքայվածությամբ եւ հնամաշությամբ, պահպանման ու վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայությամբ, արտահոսքով եւ կորստով (հատկապես կոմերցիոն եւ խողովակների մաշվածությունից առաջացող կորուստներ), համայնքների ուշադրության պակասով եւ այլն:

Թե որոնք են ջրազուրկ համայնքները եւ ինչ վիճակում է մարզի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը, տեղեկանալու համար դիմեցինք Գեղարքունիքի մարզպետարան: Մարզպետի պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը պատասխան նամակով տեղեկացրեց, որ ներկա դրությամբ մարզի խմելու ջրի մատակարարման համակարգը գտնվում է բավարար վիճակում: «Մարզի 92 համայնքներից 20-ի ջրամատակարարումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Մնացած համայնքներն իրականացնում են ինքնուրույն ջրամատակարարում»:

Ա. Հակոբյանի տեղեկացմամբ` ջրամատակարարման արտաքին ցանցի քայքայվածության (առանձին հատվածներում բացակայության) պատճառով մարզի Փոքր Մասրիկ համայնքը զրկված է խմելու ջրից: «2012թ պետբյուջեից մարզպետարանին հատկացված միջոցներով ջրատարի գլխամասային հատվածում կառուցվել է կապտաժ եւ 1,6 կմ երկարությամբ ջրագիծ, որը հասել է մինչեւ Կախակն եւ Արփունք համայնքները կապող միջհամայնքային ճանապարհը: 2014թ. գարնանը «Վորլդ Վիժն» հիմնադրամի տրամադրած 30 հազար դոլար եւ համայնքի բյուջեից համաֆինանսավորվող 524.4 հազար դրամ (նախագծի պատվիրման համար) միջոցներով կկառուցվի եւս 1.1 կմ ջրագիծ: Աշխատանքներ են տարվում ջրագծի մնացած հատվածը` մինչեւ ՕԿՋ (մոտ 2,5 կմ) կառուցելու համար միջոցներ ներգրավելու ուղղությամբ»,- հայտնել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատարը`հավաստիացնելով, որ նշված աշխատանքներն իրականացնելու պարագայում համայնքը կստանա շուրջօրյա ջրամատակարարում: 

Մասամբ ջրազուրկ է Այգուտ համայնքը, ինչը բնակավայրի սողանքային հոսքերի հետեւանք է: Շարքից դուրս է եկել ջրամատակարարման համակարգը, որի վերականգնումը կախված է մի շարք հանգամանքներից (բնակավայրի հնարավոր տեղափոխություն, երկրաֆիզիկական հետազոտություններ եւ այլն): Տեղեկացնենք, որ Այգուտ համայնքը վերաբնակեցվել է 1988թ. եւ ունի 1046 բնակչություն:

Վարդաձոր գյուղական համայնքի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է «Ակների» լոկալ աղբյուրներից` (կապտաժներից): Ջրամատակարարման բաշխիչ ցանցի երկարությունը (սկսած ՕՋԿ-ներից) կազմում է մոտ 15.70 կմ, որն ընդգրկում է թուջե, պոլիէթիլենե, պողպատե եւ այլ խողովակաշարեր: Պոլիէթիլենե խողովակները կառուցվել են վերջին տարիներին, իսկ անցյալ դարի 60-70-ական թվականներին կառուցված պողպատե խողովակները գտնվում են վթարային վիճակում, քայքայված են, ինչի հետեւանքով էլ հոսակորուստները մեծ են:

 Մարզպետի պաշտոնակատարը տեղեկացնում է նաեւ, որ 2009-2011թթ· մարզի տարածքում ջրամատակարարման բարելավման ոլորտում նախատեսված աշխատանքները կատարվել են ամբողջությամբ:  Դրանց զուգահեռ դոնոր կազմակերպությունների եւ համայնքային բյուջեների միջոցներով կատարվել են 113 մլն դրամի տարբեր աշխատանքներ: «Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարում» ծրագրի շրջանակներում Սեւանում 2013թ. ապրիլ ամսից մեկնարկած ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են նույն տարվա հոկտեմբերին: Աշխատանքներն իրականացրել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն՝ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»-ի ֆինանսավորմամբ:

2014թ. մարտի 3-ին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ լուծված է սեւանցու խմելու ջրի խնդիրը: «2013թ. Սեւանում անցկացվել է 36 կմ երկարությամբ խողովակաշար եւ կատարվել են 830 տնային միացումներ: Միաժամանակ ջրամբարներում իրականացվել են փականային հանգույցների հիմնանորոգում եւ փականների տեղադրում»,- նշեց Ղուկասյանը: Սեւանի քաղաքապետը հավելեց, որ 2013թ. տարեվերջին իրենք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին են ներկայացրել Սեւան քաղաքում ջրամատակարարման եւ կոյուղագծերի հետ կապված հիմնախնդիրների ցանկը, որը ներառվել է «Հայջրմուղկոյուղու» 2014թ.-ի ծրագրերում: 

2013թ. տարեվերջյան ասուլիսի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի խոշոր ձեռքբերումներից համարեց 2013թ. ընթացքում մարզի մի շարք համայնքներում  իրականացված ջրամատակարարման բարելավման ոլորտի աշխատանքները: «Տարվա ընթացքում մարզի համայնքներում հաջողվել է հիմնանորոգել մոտ 100 կմ երկարությամբ խմելու ջրատարների ներքին ցանցեր` որոշ համայնքերում ապահովելով շուրջօրյա ջրամատակարարում»,- նշել է Ռաֆիկ Գրիգորյանը` տեղեկացնելով, որ արդեն սկսված են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավումն ու արդիականացումը Ճամբարակ քաղաքում, իսկ ընդհանրապես հեռու չէ այն ժամանակը, երբ Սեւան եւ Ճամբարակ քաղաքներն ամբողջությամբ կանցնեն շուջօրյա ջրամատակարարման: 

Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2012-15թթ. ծրագրի համաձայն` ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի առաջնահերթություններից են 5 քաղաքային եւ 17 գյուղական համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հիմնանորոգումը եւ տեղադրումը, խմելու ջրի ու ջրահեռացման աշխատանքների մաքրման կայանների հիմնումը, առավելապես ուշադրության կիզակետում պահելով Սեւանա լճի ափամերձ այն բնակավայրերը, որոնք գտնվում են գետաբերաններին եւ կեղտաջրերն անարգել բաց են թողնում լիճ: Մարզպետարանի տրամադրած տվյալներով` գետերի գետաբերաններին կամ մինչեւ 10 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրերից կեղտաջրեր առաջացնող առավել վտանգավորների թվին են դասվում Նորատուս, Վարդենիկ, Կարճաղբյուր, Արծվանիստ, Զոլաքար, Աստղաձոր, Ներքին եւ Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Ծովագյուղ բնակավայրերը: «Այս առումով կանխարգելիչ աշխատանքներն ընթանում են 2 ուղղությամբ` ա) հնարավորինս արգելել վտանգավոր կեղտաջրերի եւ այլ թափոնների մուտքը գետեր, բ) միջոցներ ստեղծել լոկալ մաքրման կայաններ կառուցելու համար»,- նշված էր նամակում՝ առանց մանրամասնելու, թե ինչ եղանակով են արգելում կեղտաջրերի ներթափանցումը գետեր:    

Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի ՀՀ Կառավարության 2013թ. հուլիսի 18-ի N746-Ն որոշման մեջ մարզի ջրահեռացման համակարգի վիճակն անբավարար է գնահատված: «Գեղարքունիքի մարզի բնակչության խմելու ջրի մանրէաբանական եւ լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզի ջրամատակարարման համակարգերը գտնվում են սանիտարական ոչ բավարար վիճակում: Անմխիթար, մաշված վիճակում են համայնքների ջրմուղների ներքին ցանցերը, որոնք կառուցվել են 20-40 տարի առաջ, հաճախակի են լինում վթարներ, մեծ են ջրի կորուստները (50-55%)»,- ասվում է Կառավարության հիշյալ որոշման մեջ:

Վերոնշյալ փաստաթղթի համաձայն` կոյուղացված են մարզի միայն Գավառ, Մարտունի, Սեւան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքները եւ Վարդենիկ գյուղը: Մարզի տարածաշրջանների բնակավայրերից կեղտաջրերն առանց մաքրման եւ վարակազերծման գետերով, առուներով թափվում են Սեւանա լիճ: Կոյուղու եւ հորերի կեղտաջրերով աղտոտված են Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Ձորագյուղ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Գեղհովիտ, Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Գավառագետ, Դրախտիկ գետերը, Մասրիկ գետն աղտոտվում է նաեւ Սոթքի ոսկու կոմբինատի եւ այլ օբյեկտներից հոսող կեղտաջրերով:

Մարտի 17-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը, բարձրաձայնելով Սեւանա լճի կառավարման հիմնախնդրի մասին, նշել է, որ Սեւանա լիճը գտնվում է խիստ անհավասարակշիռ վիճակում: «Տեղի է ունեցել ֆոսֆորի կոնցենտրացիայի անդառնալի անկում եւ ազոտի կոնցենտրացիայի անդառնալի բարձրացում: Ինչով որ Սեւանա լիճն աշխարհում եզակի էր: Այն հիմա սովորական լիճ է: Ազոտի քանակը բարձրացել է տարբեր պատճառներով` գյուղատնտեսության, անասնապահության, կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ճնշման հետեւանքով: Ռեալ ոչ մի մաքրման կայան Սեւանա լճի ափին չի աշխատում եւ կա կոմունալ կենցաղային կեղտաջերի ներհոսք: Լիճն աղտոտող մյուս կարեւոր գործոնը կենցաղային աղբն է»:    

Գեղարքունիքի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն` կոյուղացման խնդիրը, ոչ լրիվ ծավալով, լուծված է Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս եւ Ճամբարակ քաղաքներում, մասամբ Վարդենիկ, Լճաշեն, Շորժա, Ակունք, գյուղերում: 

«2013թ. գործունեության հաշվետվության ներկայացման ընթացքում Սեւանի քաղաքապետը «Հետք»-ի թղթակցին հայտնել է, որ քաղաքի ջրահեռացման համակարգը համեմատած այլ ենթակառուցվածքների հետ լավ վիճակում է: Ռ. Ղուկասյանի խոսքերով` Սեւանը մարզի միակ քաղաքն է, որի կոյուղին Սեւանա լիճ չի թափվում, կոլեկտրով գնում է Քաղսի: «Սեւան քաղաքին կոյուղու մաքրման կայան հարկավոր չէ: Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում կառուցված մաքրման կայանները մեխանիկական են եւ ոչ քիմիական: Կոյուղին լցվում է մաքրման կայան, կոշտ մասերը հանվում են, մնացածը լցվում է լիճ: Քիմիական մաքրում չի կատարվում»,- հայտարարեց նա:  

Ցայսօր մարզի 3 քաղաքներում` Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում են կառուցված մաքրման կայաններ: Զտումն իրականացվում է մեխանիկական եղանակով:

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այս տարվա փետրվարի 20-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի գլխավորությամբ: Քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ հանրապետության համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման, քաղաքային համայնքերի կայուն զարգացման եւ այլ հարցեր: Նշվել է, որ հաջողությամբ իրականացվում է խմելու ջրի ոլորտում ամենախոշոր ծրագրերից մեկը` համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավմանն ուղղված ընթացիկ ծրագիրը, որը մեկնարկել է 2012թ. եւ կավարտվի 2017թ.-ին: Նախատեսվում է 18 քաղաքային եւ 99 գյուղական համայնքներում իրականացնել ջրամատակարարման բարելավման աշխատանքներ, ինչը ենթադրում է ջրամատակարարման տեւողության ավելացում, ջրի կորուստների նվազում, ջրի որակի բարելավում, հնարավորության դեպքում անցում մեխանիկականից ինքնահոս համակարգի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter