Վարչական շրջանների սեպտեմբեր ամսվա ցուցանիշները հիմնականում չեն փոխվել
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը զեկուցել է, որ արձանագրված ցուցանիշները նախորդ ամսվա համեմատ հիմնականում չեն փոխվել: Դրական աճի միտում է արձանագրվել միայն 3 վարչական շրջանների կատարած աշխատանքների մասով:
Զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում դեռևս ցածր է ֆինանսական և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Փոխարենը դրական միտում ունի աղբահանության ցուցանիշը:
Ամփոփելով ներկայացված արդյունքները` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անթույլատրելի է համարել բացթողումներն ու հանձնարարել արմատապես փոխել մոտեցումները աշխատանքային պարտականությունների կատարման ուղղությամբ. «Համարժեք գնահատականի պետք է արժանանա թե' լավ, թե' վատ աշխատանքը»,– նշել է քաղաքապետը:
Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը ապօրինաշինությունների և հողազավթումների դեմ պայքարի, ինչպես նաև պարտադիր բարեկարգման պայմանագրերի կնքման և դրանց կատարման ուղղությամբ: Միաժամանակ հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը հանրային սննդի օբյեկտներում ծխողների համար առանձին տարածքներ ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել