«Յոթ վերք» եկեղեցու «Բարեգործական ջոկատն» ամփոփում է արածն ու խոսում առաջիկա անելիքներից
Մարիամ Խալաթյան
Դեկտեմբեր ամսին Շիրակի թեմի Սուրբ «Յոթ Վերք» եկեղեցու «Բարեգործական ջոկատի» անցկացրած «Մեկ բացիկ=մեկ բնակարան» ակցիայի արդյունքում Գյումրիում տնակում բնակվող մեկ ընտանիք Ամանորը դիմավորեց սեփական բնակարանում: Ջոկատին անդամագրված երիտասարդներն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեցին, որ մեկամյա գործունեության ընթացքում ունեցել են մեկ նպատակ՝ աջակցել անապահով ընտանիքներին: Տարաբնույթ ակցիաներով, դրամահավաքներով ու հանդիպումներով երիտասարդները փորձել են գտնել այնպիսի անհատների ու կազմակերպությունների, որոնք պատրաստակամություն են ունեցել օգնելու կարիքավոր գյումրեցիներին: Ջոկատի հաջողված ծրագրերի մասին խոսելիս նշում են՝ սկզբից մինչեւ վերջին նախագիծը կյանքի է կոչվել:
««Բարեգործական ջոկատը», երբ դեռ որոշակի գործունեություն չէր ծավալել, իրականացրեց զատկական մի շարք պարագաների հավաքագրում եւ տրամադրում սիրիահայ ընտանիքներին, քանի որ այդ շրջանում սիրիահայերի վիճակը մեր քաղաքում գրեթե չէր տարբերվում մեր անապահով ընտանիքների վիճակից: Գումարները, հիմնականում, հավաքվել էին Գյումրու բուհերից եւ անհատներից, ովքեր ցանկացել էին օգնություն ցուցաբերել: Այս ծրագիրն անցկացվել է երկու փուլով», - ասաց ջոկատի անդամ Գայանե Ավետիսյանը:
Ջոկատի հաջորդ ակցիաները վերաբերում էին անապահով ընտանիքների 50 դպրոցական երեխաների գրենական պիտույքներով ապահովելուն, մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների բուհ ընդունվելու տարիք ունեցող երեխաների համար տարբեր առարկաների մասնագետ-կրկնուսույցների կողմից անվճար պարապմունքներ անցկացնելուն: Իհարկե, ծրագրերից ամենամեծը «Մեկ բացիկ=մեկ բնակարան» նախագիծն էր: «Բարեգործական ջոկատը» մինչ օրս էլ շարունակում է հագուստների հավաքագրումը՝ անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
2014թ. ծրագրերն արդեն իրականացնում են. դրամատիկական թատրոնի հետ համագործակցելով տպագրել են «Առնետները» ներկայացման տոմսեր, որոնց ողջ հասույթը փոխանցվելու է դերասան Կարեն Մկրտչյանի հաշվեհամարին: Շարունակվելու է նաեւ կրկնուսույցների ծրագիրը, որն այս անգամ ընդգրկելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
«Քանի որ շատ մարդկանց տներում կան Քրիստոսի պատկերով գրքեր, որոնք նրանք համարում են սուրբ գիրք, եւ չեն ոչնչացնում նրա համար, որ Քրիստոսի նկարն է այնտեղ, ցանկանում ենք տեղեկացնել՝ դրանք հիմնականում աղանդավորական գրքեր են: Մենք դրանք փոխանակելու ենք աղոթագրքերի հետ, իսկ հավաքված աղանդավորական գրքերը կլցվեն պարկերի մեջ ու որպես վառելիք կտրամադրվեն անապահով ընտանիքներին»,- հաջորդ ակցիան ներկայացրեց ջոկատի անդամ Արման Մինասյանը:
Ջոկատը կանցկացնի նաեւ բարեգործական համերգ. «Հիմնական նպատակն է գյումրեցի եւ ոչ միայն, երգիչ-երգչուհիներին համախմբել, մեկ միասնական մեծ բարեգործական համերգ իրականացնել: Ստացված հասույթը, կտեսնենք, թե ինչ թիրախային խնդրի լուծմանը կարող ենք ուղղել»,- ասում է Գայանե Ավետիսյանը:
Երիտասարդները նաեւ տեղեկացրեցին, որ ջոկատն այժմ սերտ կապեր է հաստատել Շվեդիայի հայ համայնքի հետ, որը դրամական օգնություն էր ուղարկել «Մեկ բացիկ = մեկ բնակարան» ծրագրի ժամանակ, ինչպես նաեւ՝ հագուստ: Ասում են նաեւ մի նոր ծրագիր են նախաձեռնել, որն իր մասշտաբներով գերազանցելու է անգամ «Մեկ բացիկ=մեկ բնակարան»-ին, սակայն թե ինչի մասին է խոսքը՝ երիտասարդները չցանկացան ժամանակից շուտ մանրամասնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել