
«Շեկոյի» սպանության գործով դատակոչված վկաները տալիս են հակասական ցուցմունքներ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Շեկո» մականվամբ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
Առաջադրված մեղադրանքներից Վահե Ղուկասյանը դատարանում ընդունել է միայն ապօրինի զենք, զինամթերք պահելու վերաբերյալ մեղադրանքը, թեպետ դեպքից մեկ օր անց՝ 2013 թ.-ի ապրիլի 24-ին տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը եւս համարում է, որ իր վստահորդն ինքնապաշտպանվել է:
Նախորդ՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատարանը լսել էր տուժող Հարություն (Քավոր Հարութ) Խաչատրյանի ցուցմունքը: Վերջինս պատմել էր, որ Արտյոմ Կարապետյանի հետ գնացել են թիվ 7 դպրոց իր դստերը՝ Քնարիկին տուն բերելու նպատակով: Իրենց շենքի բակում աղջիկն իջել է մեքենայից, որ խանութից պաղպաղակ գնի, մեքենայից իջել է նաեւ ինքը ու այդ պահին, երբ ցանկացել է փակել մեքենայի դուռը, ուսի հատվածում ցավ է զգացել, իսկ թե հետո ինչ է կատարվել, լավ չի հիշում:
Դատարանում տուժողը հայտարարել էր, որ չի տեսել, թե ով է իր վրա կրակել, ավելին՝ կրակոցի ձայն էլ չի լսել, քանի որ տարածքում շինարարական տեխնիկա է աշխատել, ու ինքն աղմուկի մեջ ոչինչ չի լսել: Միայն զգացել է սուր ցավ ուսագոտու հատվածում, ոտքերն իրեն չեն ենթարկվել՝ պարալիզացվել են, հետո ուշաթափվել է: Մեղադրող Արմեն Շիրոյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է տուժողը նախաքննական մարմնին հայտնել դատարանում ասվածից տարբերվող տեղեկատվություն, Հարություն Խաչատրյանը բացատրել է, թե ձեռքը վիրավոր է եղել, ցուցմունքը գրել է քննիչը եւ հարցը պետք է ուղղել նրան:
Մեղադրող Արմեն Շիրոյանը միջնորդեց այսօրվա դատական նիստին, մինչ վկաների հարցաքննությանն անցնելը, հրապարակել տուժող Հարություն Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը: Դատավոր Աշոտ Մանուկյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Ըստ տուժողի նախաքննական ցուցմունքի՝ կրակոցի ձայն նա, այնուամենայնիվ, լսել է, զգացել է, թե ինչպես է վիրավորվել, անգամ հասցրել է տեսնել գետնին ընկած Արտյոմին, ով ասել է. «Քավոր, ես խփված եմ»:
Նախաքննական ցուցմունքում «Քավոր Հարութը» նշել էր, թե ինքն անմիջապես գոռացել է աղջկան, որ հեռանա, հետո ուշաթափվել է: Լսելով իր նախաքննական ցուցմունքը՝ տուժողը կրկին պնդեց, թե կրակոցի ձայն չի լսել, չի տեսել նաեւ կրակողին: Վահե Ղուկասյանին չի ճանաչել, առաջին անգամ տեսել է հիվանդանոցում առերեսման ժամանակ, երկրորդ անգամ՝ ոստիկանությունում:
Դատակոչված վկաներից այս նիստին դատարանը լսեց նախ Աննա Հովակիմյանին: Վկան դատարանում պատմեց, որ կեսօրից հետո դուրս է եկել տանից թիվ 7 դպրոց գնալու նպատակով: Որեւէ արտասովոր բան Շիրակացի փողոցն երիզող շենքերի միջբակային հատվածում չի նկատել: Միայն մի մեքենա է ուշադրությունը գրավել, որը ետ ու առաջ է արել նրբանցքի հատվածում՝ կարծես չկողմնորոշվելով՝ որ ուղղությամբ շարժվի: Վկան այդ դրվագը հիշում է, որովհետեւ սպասել է մեքենան անցնի, որ ինքը շարունակի ճանապարհը:
Վկա Աննա Հովակիմյանը պնդեց, որ ոչ մի բան չի լսել ու չի տեսել ոչ այդ պահին, ոչ դպրոցից վերադառնալուց հետո, երբ Շիրակացի փողոցի նշված հատվածն արդեն շրջափակված է եղել ոստիկանների կողմից: Վկային ոստիկանություն բերման են ենթարկել ժամը 18-ի հատվածում, երբ ցանկացել է նստել երթուղային տղային մարմնամարզության պարապմունքի տանելու համար: «Ինձ ասին, որ «Ցածր գներ» խանութի կամերան է ֆիքսել, երբ անցել եմ մայթով, դրա համար են բերել,-պատմեց Աննա Հովակիմյանը,-թե չէ ես չեմ իմացել, թե ինչի համար ընձի իջեցրին գազելից, ինչի բերեցին ոստիկանություն: Ցուցմունքն էլ ես չեմ գրել, քննիչն է գրել»:
Մեղադրող Արմեն Շիրոյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Համաձայն նախաքննական ցուցմունքի, Աննա Հովակիմյանն, այնուամենայնիվ, կրակոցներ լսել է, սակայն դիմացի շենքը փակել է տեսադաշտը, եւ նա չի տեսել, թե ինչ է կատարվում փողոցի հատվածում: Հետո, երբ շենքը շրջանցելով հասել է Շիրակացի փողոց, տեսել է բազմաթիվ մարդկանց, նկատել է մայթի մոտ կանգնած սեւ ավտոմեքենա: Հետո նկատել է սպիտակ վերնազգեստով մի տղայի, ով ավտոմատը ձեռքին գնացել ու նստել է մեքենան:
Վկան պնդեց, որ դատարանում տված ցուցմունքն է իրական, քանի որ ոստիկանությունում եղած ժամանակ ինքը շատ հուզված ու վախեցած է եղել, չի հիշում՝ ինչ է կատարվել, գրել է՝ ինչ իրեն ասել են՝ ցանկանալով րոպե առաջ հեռանալ այնտեղից: «Ես չեմ ասել, թե կրակոցի ձայն եմ լսել: Ես ոչինչ չեմ լսել, ոչինչ չեմ տեսել, ամեն ինչ հանգիստ է եղել: Համ էլ «Դվին» ռեստորանը մոտերքում է, էնտեղ միշտ էլ հրավառություն կա, գմփոց է լսվում»,-նկատեց վկան՝ մոռանալով, որ ցերեկվա ժամերին սովորաբար հրավառություն չեն կազմակերպում:
Հաջորդ վկան տուժող Հարություն Խաչատրյանի կինն էր՝ Ծովինար Խաչատրյանը: Մինչեւ վկայի նիստերի դահլիճ մուտք գործելը, տուժողը, շուռ գալով դահլիճում գտնվող Սպարտակ Ղուկասյանի կողմը, գլխով ինչ-որ շարժում արեց: «Ի՞նքն է հիմի,-հարցրեց Սպարտակն ու ստանալով դրական պատասխան՝ հրահանգեց դահլիճում գտնվող իր կողմնակիցներին, -դավայ տղեք, դուրս եկանք պռագուլկի»: Այդ հրահանգից հետո դահլիճում գտնվողների 80 տոկոսը հեռացան: Այնուհետեւ տուժողը միջնորդեց դադարեցնել տեսալուսանկարահանումը, որը բավարարվեց դատավորի կողմից:
Ծովինար Խաչատրյանը պատմեց, որ «գփոցի» ձայն է լսել ու անհանգստացած իջել է շենքի բակ: Այնտեղ տեսել է ամուսնուն ու Արտյոմ Կարապետյանին՝ արյան մեջ կորած: Փորձել է գտնել աղջկան, հետո վազել տուն եւ տղային ասել, որ զանգի շտապօգնություն ու կրկին դուրս է վազել: Կինն ուշաթափվել է, ուշքի է եկել, տեսել է, որ արդեն տանն է: Հետո արդեն իմացել է, որ ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց: Վկան չի հիշում, թե տղան իր շտապօգնություն զանգելու հրահանգից հետո ինչ է արել:
Ծովինար Խաչատրյանի հարցաքննությունից հետո դատարանի դահլիճից հեռացավ նաեւ տուժողը: Դատարանը որոշեց նիստը շարունակել նրա բացակայությամբ:
Հաջորդ վկան Սոնյա Գարանյանն էր: Վկան մեկ տարի առաջ աշխատել է «Ցածր գներ» խանութում՝ որպես վաճառողուհի: Դեպքի օրը՝ ժամը 12-ի մոտ խանութի դիմաց կանգնած ապրանքատար գազելի մեջ է եղել: «Ապրանք էինք ստանում, դրա համար էլ ես դուրսն էի, եկած ապրանքը կդասավորեի»,-նշեց վկան:
Դատարանում վկան պատմեց, որ նկատել է, թե դիմացի շենքի մոտ ինչպես է կանգնել սեւ, բարձր մի մեքենա: Հետո արագ մոտեցող մեքենայի ձայն է լսել ու տեսել, թե ինչպես է գազելի հետում կայանել սպիտակ մի մեքենա: «Ես տեսա, թե ինչպես սեւ մեքենայից իջավ կոժից կուրտկայով, լիքը-լիքը, սպիտակախառը մազերով մի տղամարդ: Ձեռքին հրացան կար ու սկսեց կրակել սպիտակ մեքենայի վրա»,-ասաց վկան:
Նա պատմեց, որ սպիտակ մեքենայում գտնվող երիտասարդը նույնպես իջել է ու կաղալով հասել մեքենայի հետեւի դռանը, բացել այն, հանել այնտեղից հրաձիգն ու պատասխան կրակահերթ արձակել: Վկան վախեցել է, վազել է խանութ, ջուր է խմել: Սոնյան ասաց, որ մանկահասակ աղջիկ երեխայի դեպքի վայրում չի նկատել: Վկան պնդեց, որ առաջինը կրակել է սեւ մեքենայի վարորդը:
Մեղադրող Շիրոյանը կրկին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հարկ եղած դեպքում նաեւ ամբաստանյալի հետ առերեսման ձայնագրությունը: Պարզվեց, որ նախաքննական եւ դատարանում տված վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան:
Նախաքննական մարմնին տված ցուցմունքում Սոնյա Գարանյանը նշել էր, որ խանութը ապրանք բերած մեքենայի մեջ է եղել, երբ լսել է մեքենայի անիվների ճռռոց եւ տեսել, թե ինչպես սպիտակ մի մեքենա մեծ արագությամբ անցել է խանութի մոտով, հետո վերադարձել ու կայանել է իրենց խանութի դիմաց: Դրանից մոտ կես ժամ անց նկատել է, թե ինչպես դիմացի մայթի մոտ կանգնել է սեւ գույնի, «Ջիպ» մակնիշի մեքենա: Մի տղամարդ ու մանկահասակ աղջիկ իջել են մեքենայից: Այդ պահին գազելի հետեւում կանգնած սպիտակ մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու սկսել է կրակել: Տղամարդն ու երեխան գոռալով փախել են:
Վկայի ցուցմունքում բավական մանրամասն նկարագրված էր փոխհրաձգությունն ու դրա մասնակիցներն ամենայն մանրամասնությամբ: Լսելով իր նախաքննական ցուցմունքը՝ վկան նկատեց, թե ինքը հիմա, իհարկե, դժվարանում է հիշել, թե կոնկրետ ինչ է ասել քննիչին, սակայն նկարագրելու նման հմտությամբ հաստատ օժտված չէ: «Ես հիշում եմ, որ ինչ-որ բան գրել եմ, հետո էլ ստորագրել եմ, բայց էսքան ֆանտազիա հաստատ չունեմ, որ էդ ավտոմատներն էդքան մանրամասը նկարագրեի, կամ տեսածս մարդկանց, մանավանդ որ շատ վախեցած էի»,-հայտարարեց վկան:
Սոնյա Գարանյանի առերեսման ձայնագրությունը դատարանում հրապարակելու համար դատավոր Աշոտ Մանուկյանը կես ժամ ընդմիջում հայտարարեց՝ պատճառաբանելով, որ պետք է համապատասխան սարքավորում բերեն դատարան: Նիստը սկսելուց հետո պարզվեց, որ համապատասխան տեխնիկան այդպես էլ չի հասցվել դատարան եւ ձայնագրության հրապարակում հետաձգվեց հաջորդ դատական նիստին:
Մեկնաբանել