Շամլուղցիներ կզրկվե՞ն աշխատանքից, եթե բարձրացվեն էկոլոգիական հարցերը
Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ներկայումս դատարանում մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր Պողոսյանի կողմից առանց լիցենզիայի 2008թ.-ից շահագործվող Շամլուղի բաց հանքավայրից ամեն օր տասնյակ բաց բեռնատարներով տեղափոխվող հանքային ապառներն ու հողը թափվում են Շամլուղի ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհներին:
«Մեթըլ Փրինս» -ը Շամլուղի բաց հանքավայրի շահագործման համար արդեն 3-րդ տարին է` Շամլուղի համայնքապետարանի գրավոր համաձայնությունը չի ստացել. «Մենք ավագանու հետ երևի 2009թ.-ին համաձայնություն տվել ենք հանքավայրի հողհատկացման համար, բայց գործը ընթացքի մեջ ա, կոնկրետ չեմ կարող ասել որտեղ է մնացել էդ գործը, էդ իրենք կարող են ասել: Մենք հողհատկացումը կատարել ենք, բայց բաց հանքավայրի շահագործման թույլտվությունը պետք է տար կառավարությունը, որն էլ ընթացքի մեջ է»,- ասում է Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը:
Հանքավայրի փոշու հետևանքով երբեմն անհնարին է դառնում շնչել անտառապատ Շամլուղի օդը: Շամլուղը դարձել է էկոլոգիապես վտանգավոր, անբարեկարգ, քանդված շինություններով քաղաք: Հանքավայրի տրանսպորտային ծանր միջոցները ամեն օր շարքից հանում են 2007-2009թթ. ՀՀ պետբյուջեից հատկացված 505 մլն դրամով վերանորոգված Ախթալա -Շամլուղ միջհամայնքային ճանապարհը:

«Եթե ճանապարհները փչացնում է, ուրեմն կառավարությունը պետք է արգելի, դա ինձ ինչ, արգելեմ, որ հանքաքար տանե՞ն: Ես դրա իրավասությունը չունեմ»,- ասում է Շամլուղի քաղաքապետը:
Շատ շամլուղցիներ սողանքային պոտենցիալ վտանգներ են տեսնում միջհամայնքային ճանապարհի բարձրադիր տեղանքում, բաց հանքավայրի տարածքում կուտակված հանքային ապառների և հողի հսկա լեռ դարձած կուտակումներից, որոնք սողանքների դեպքում իրենց հետ կարող են բերել անկանխատեսելի հետևանքներ:
Քաղաքապետը կարծում է, որ եթե «Մեթըլ Փրինս» ընկերության առջև Շամլուղի համայնքապետարանի կողմից հարց բարձրացվի բաց հանքավայրի անվտանգ շահագործման, համայնքի էկոլոգիական անվտանգության եւ ճանապարհների անվտանգության համար, ապա մի քանի տասնյակ շամլուղցիներ կզրկվեն հանքավայրում և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատելու հնարավորությունից:
Ասենք որ, Շամլուղ համայնքը չունի մանկապարտեզ, մշակույթի պալատ, քանի որ դրանց շենքերը դարձել են Սերոբ Տեր-Պողոսյանի մասնավոր սեփականությունը: Այդ շենքերն այսօր վերածվել են ավերակների:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել