HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի՛ մտածեք

Մանուկ Սահակյան, «Նուբարաշեն» ՔԿՀ, ցմահ բանտարկյալ

Առաջին անգամ, երբ ցմահ դատապարտված հայտնվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 5-րդ հարկում` ցմահներին մահապատժի ենթարկելու յուրատեսակ վայրում, աշխատակիցներից մեկն ասաց.

-Մի´ մտածիր, ցմահների վերաբերյալ օրենսդրական նախագծի քննարկումներ են գնում, շուտով բարեփոխումներ կլինեն:

Իմ կողմից դա ընդունվեց որպես ինձ մխիթարելու բարի ցանկություն, նաև որոշակի սպասում առաջացրեց: Անցել է արդեն 5 տարի, և այս տարիների ընթացքում անընդհատ լսում եմ նույն արտահայտությունը, ժամանակ առ ժամանակ տարբեր մակարդակներով խոսվում է բարեփոխումների մասին, բայց ոչ մի գործնական քայլ կամ հստակ որոշում չի ընդունվել: Այս ամենը, կարծես, մի զավեշտալի ծրագիր լինի` մշակված իշխանությունների կողմից հատուկ ցմահ ազատազրկվածների պատժի իրականացման համար: Այսինքն՝ միջազգային նորմերի խախտմամբ մարդկանց տարիներով պահել սենյակում, սահմանափակ շփման պայմաններում, առանց ռեժիմային փոփոխության, պայմանական վաղաժամկետ ազատման գործնականում չկիրառման, մատնել անգործության և աստիճանաբար հասցնել դեգրադացման և կյանքի կոչել «մի՛ մտածիր» քաղաքականությունը: Մի´ մտածիր դատական սխալների հետևանքով անմեղ մարդկանց դատապարտման մասին, չափազանցված դատավճիռների, պայմանական վաղաժամկետ ազատման, միջազգային փորձի, միջազգային նորմերի և դրանց խախտման, ինչպես նաև ՀՀ օրենքների խախտման մասին:

Իսկ պետական այրերը կխոսեն դրանց մասին` արթնացնելով ցմահականների հույսերն ու հույզերը, որով կլռեցնեն նրանց` մատուցելով «սպասում» կերակրատեսակը և որոշ ժամանակ անց նորից մոռացության կմատնեն մինչև հաջորդ ահազանգը:

Հարգելի աթոռակիրներ, խնդիրների հետաձգումով դրանք չեք վերացնի և չեք լուծի: Ֆիզիկական ազատությունից զրկելը շատ դեպքերում հակառակ էֆեկտով զարկ է տալիս մտքի զարգացմանն ու ազատությանը: Օրեր առաջ հեռուստացույցով մի ծավալուն հաղորդում էր պատրաստվել` նվիրված ՀՀ-ում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին, քրեադատավարական օրենսգրքի փոփոխությանը, պրոբացիոն ինստիտուտի ներդրմանը, որտեղ տարբեր կարծիքներ և մենաբանություններ հնչեցին դրանց մասին: Հաղորդումից հետո մեր խցում նույնպես հնչեցին կարծիքներ, որոնցից մեկը կցանկանամ ներկայացնել Ձեզ.

Ժուլվերն ու հրամանատարը (նրանց մասին խոսել եմ նախորդ հոդվածներում`«Հույսով սպասող աչքեր» և «Հրամանատարը` ցմահականների խցում») պրոբացիոն ծառայության մասին դրական արտահայտություններով ասում էին, թե ինչու, օրինակ, մեզ`ցմահներիս, պատիժը կրելուց որոշակի ժամանակահատված հետո, ընտանիքի հետ միասին չվերաբնակեցնել սահմանային գոտիներում, գաղութատիպ սահմանափակ տարածքում որոշակի հսկողության ներքո: Այսպիսով, այդ դեպքում նախ կլուծվի զբաղվածության խնդիրը, պատժի հետագա կրումն ավելի մեղմով փոխարինելու խնդիրը, և լինելով ընտանիքի հետ` Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակման դեպքում կլինենք առաջին գծում` պաշտպանելով ՀՀ-ն և մեր ընտանիքը: Առաջին հայացքից գուցե իրականությունից հեռու է թվում, բայց ժամանակի ընթացքում անիրականը դառնում է իրական:

Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն զուրկ է բնական հարուստ ռեսուրսներից, և մեր ռեսուրսը մարդիկ են (նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են), ապա ցմահներին «սառեցնելն» առնվազն սխալ է: Ինչպես նշեցի` տարբեր պաշտոնյաների, փաստաբանների կողմից հնչեցին տարբեր մեկնաբանություններ, դրանցում ասվում էր, որ կարիք կար բարձրացնելու դատաիրավական համակարգի արդյունավետության մակարդակը, նաև խոսվեց, որ այլևս ծեծով և խոշտանգումներով ցուցմունքներ չեն կորզվելու և այլն: Այսինքն՝ նրանք չեն հերքում, որ շատ դատավճիռներ կայացվել են խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքներով. ուրեմն ինչու՞ չվերանայել նախկինում թույլ տված սխալները, որոնց հետևանքով կան ակնհայտ անմեղ մարդիկ, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման, և կան ցմահ ազատազրկման դատապարտվածներ, որոնք ստացել են չափազանցված պատիժ:

Հարգելի պետական այրեր, բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե բարեփոխումներ լինեն մտածելակերպի մեջ, եթե ուժեղ գտնվեք և վերանայեք պատժի առավելագույն չափի դատապարտվածների քրեական գործերը և կայացված դատավճիռները:

Եվ խնդրում եմ՝ պետք չէ հետաձգել անհետաձգելին, լռեցնել անլռելին, հերքել անհերքելին և հուսադրել` ասելով մի՛ մտածեք:

Մեկնաբանություններ (2)

GOHAR
ES KARCUM EM VOR ARDEN HASUNACEL E JAMANAK@ ERB UXAKI ANHRAJESHT E ANDRADARNAL CMAHNERI XNDIRNERIN< AMEN MI SXAL TUYL TALU DEPQUM MI MARDKAYIN KYANQ ENQ KORCNUM> QANI DER USH CHI PARON NAXAGAH TUYL MI TVEQ DZER ISK ZAVAKNER@ KORCANVEN < HIMNAKANUM DRANQ KIRT EV HASARAKUTYAN@ PITANI MARDIQ EN < ISK AZATUTYAN MEJ INCHQAN TYURIMACUTYUNNER KAN VOR ANELIQ PARZAPES CHUNEN AZGI QANAKN EN APAHOVUM VOCH TE VORAK@< DER HAVAT KA MARDKANC MEJ AYNPES AREQ VOR ARDARUTYUN@ HAXTI ES DZEZ XNDRUM EM PARON SARGSYAN U IM NMAN HAZARAVOR MAYRER > NAXAPES SHNORHAKAL EM
A.MKRTCHYAN
HAYASTANUM SHAT E XOSVUM ZARGACMAN MASIN AMEN ANGAM ORINAK BERELOV EVROPAN..EVROPAKAN MTACELAKERP...EVROPAKAN ASHXATELAVOCH..EVROPAKAN IRAVUNQNER.. ERKAR TARINER XOSVUM E DRA MASIN BAYC VOCH MI SHOSHPELI ARAJYNTAC CHEM ZGACEL... EVROPAYUM BANTAYIN HAMAKARGY SHAT LAV E KAZMAKERPAC..CHEN VOTNAHARVUM MARDKANC IRAVUNQNERY, CHEN NVASTACVUM BANTARKYALNEY, NORMAL APRELAKERP E NRANC HAMAR STEXCVAC EV ANGORCUTYAN CHEN MATNVAC...HAYKAKAN KARAVARUTYUNY VOR MISHT ORINAK E BERUM EVROPAKAN STANDARTNERY , INCHU EVROPAKAN AYS NORMERY CHI NMANAKUM..TE MIAYN ENPISI BANER E KRKNORINAKUM VOR SHAH UNENA DRANIC...ASENQ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter