HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի բանտում գտնվող ՀՀ քաղաքացու ընտանիքը ահազանգում է ապօրինությունների մասին

«Հետքը» գրել է Ուկրաինայի բանտում գտնվող ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի գործի մասին, որին ցմահ ազատազրկման են դատապարտել խոշտանգումներով եւ անթույլատրելի ապացույցների «հիմնավորումով»: Ալոյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ուկրաինայի բանտում գտնվող ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի նկատմամբ հերթական ապօրինությունն է կատարվել: Մարտի 20-ին նրան երկու ամսով տեղափոխել են մեկուսարան: Որպես պատճառ նշվում է այն, որ նա անցյալ աշուն այդ ժամկետը չի լրացրել և հիմա պետք է այդ երկու ամիսը լրացնի: Անցյալ տարի «տուժող» կողմը Մերաբի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ «նվեր» էր մատուցել նրան՝ կաշառքի միջոցով ապահովելով նրան երկու շաբաթ մեկուսարանում, որից մեկ շաբաթ անց Մերաբին նորից տեղափոխեցին մեկուսարան, բայց արդեն 3 ամսով: Մերաբը կարցեր տեղափոխելուց անմիջապես հետո հացադուլ հայտարարեց, և բանտի ղեկավարությունը գնաց զիջումների՝ հացադուլը դադարեցնելու համար 3 ամիսը փոխարինեցին մեկ ամսով: Անհասկանալի պատճառներով 5 ամիս անց բանտի ղեկավարությունը որոշեց, որ Մերաբը պետք է հիմա լրացնի այդ երկու ամիսը, որն արդեն կրճատվել էր նախկինում: Ամենաանմարդկայինն այն է, որ այդ որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ Մերաբի մայրը շատ ծանր,  մահամերձ վիճակում է, և Ուկրաինայի բանտի ղեկավարությունը շատ լավ գիտի այդ մասին: Այժմ, գտնվելով աշխարհից բացարձակ կտրված վիճակում, Մերաբն անգամ չի կարող իմանալ իր մոր մահվան լուրը: Սա հերթական ճնշումն է Մերաբի վրա, որը նպատակ է հետապնդում նրան բարոյապես ոչնչացնել, վերջնականապես ստիպել, որպեսզի նա խոստովանի մի բան, ինչ չի արել: Մերաբը հերթական անգամ հացադուլ է հայտարարել:

Մերաբը դեռ պայքարում է և  չի կորցնում իր հույսը՝ չնայած բազմիցս կոպտորեն ոտնահարվել են նրա իրավունքները՝ թե́ որպես մարդ, թե́ որպես ՀՀ քաղաքացի:  Մերաբի առողջական վիճակը բավականին ծանր է, և հնարավոր է, որ նա ֆիզիկապես չդիմանա այս փորձությանը, ուստի պետք է ՀՀ քաղաքացիների օգնությունը՝ որպես ՀՀ քաղաքացու, մարդու, ով ժամանակին բավականին շատ բարեգործական ծրագրեր է իրագործել Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter