HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզպետ. «Բոլոր քննարկումներն անօգուտ են, եթե չկան ֆինանսական լուրջ ներդրումներ»

Յուլիա Գրիգորյան

Մարտի 20-ին Շիրակի մարզպետարանում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը և երևանյան մի քանի վարկային կազմակերպությունների տնօրեններ հանդիպեցին Շիրակի մարզի գործարարներին` նրանց հետ քննարկելու արտադրության զարգացման խնդիրները և արդյունաբերության խթանման հնարավոր ուղիները:

Վազգեն Սաֆարյանը նշեց, որ հանրապետության 1,2 տրիլիոն դրամանոց արդյունաբերական արտադրանքի ծավալի մեջ անցած տարի Շիրակի մարզի արդյունաբերական ներուժը կազմել է ընդամենը 42 միլիարդ դրամ. «Դա մեզ համար հասկանալի չէ, նույնիսկ անընդունելի է, որովհետև Գյումրին ժամանակին եղել է արդյունաբերական հզոր ներուժ ունեցող քաղաք»,- նկատեց Վազգեն Սաֆարյանը:

Վերջինս անդրադառնալով ՄՄ մտնելու և Ռուսաստանի հետ համագործակցելու արդյունքում սպասվելիք տնտեսական աճին՝ նշեց. «Պիտի մտածենք, թե ինչպիսի ճանապարհներ պիտի ընտրենք, ինպիսի համագործակցություն ծավալենք, որ կարողանանք ինչ-որ չափով այստեղ բարձրացնել արդյունաբերության մակարդակը: Այն վիճակը, որ հիմա կա, նվազագույնն է և դրանից ներքև էլ հնարավոր չէ իջնել»:

Ելնելով մեր տնտեսության զարգացման առաջնահերթություններից` Վ. Սաֆարյանն ասաց, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում նախատեսված է ակտիվացնել մեքենաշինական և սարքաշինական գործարանների աշխատանքը: Նրա գնահատմամբ` ոլորտի զարգացումը հնարավոր է միայն ՌԴ-ի հետ, քանի որ նրա արտադրաարդյունաբերական կուլտուրան նույնն է տեխնոլոգիների կիրառման առումով, իսկ Եվրոպայում մեքենաշինության մակարդակն անհամեմատ բարձր է, ինչին զուգընթաց քայլել Հայաստանը չի կարող:

Վազգեն Սաֆարյանն առաջարկեց գործարարներին ներկայացնել տնտեսության զարգացման սեփական մոտեցումները: Վերջիններս ասացին, որ արտադրության զարգացման հիմնական խնդիրը ֆինանսական ռեսուրսների անբավարարությունն է և վարկերի ստացման դժվարությունը:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրենի խոսքով` արտահանման ռազմավարության համար կզարգացվեն մի շարք արտադրական ոլորտներ, որոնք բնորոշ են նաև Շիրակի մարզին` հաստոցաշինություն, գործիքաշինություն, դեղագործություն, կոշկի, գինու, պահածոյի արդյունաբերություն, ոսկերչություն, ադամանդագործություն և ժամագործություն: Տվյալ արտադրությամբ զբաղվող ընկերություններին հիմնադրամը կտրամադրի 3 տոկոս սուբսիդավորում ընդհանուր վարկային տոկոսադրույքից, այսինքն` վարկը այդ ընկերությունները կստանան 9 տոկոս տոկոսադրույքով:

Նրա հավաստմամբ` շուտով կհիմնվի նաև հայկական մոնիթորինգային աշխատանքների պլանավորման և արտահանման գործով զբաղվող ընկերություն:

Շիրակի մարզում գործող «Լենտեքսի» տնօրեն Կարեն Գոմցյանը արծարծեց արտադրության ոլորտում էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հարցը: Գիշերային ժամերի սպառման սակագինը արտադրությանն օգուտ չի տալիս, քանի որ գործարանների աշխատողները մինչև երեկո չեն աշխատում:

Արտադրողների միության նախագահը պատասխանեց. «Էլեկտրաէներգիայի գնի իջեցման և գազի օգտագործման ծավալների նվազեցման առումով անհրաժեշտ է, որ կառուցվի Երևանի ՋԵԿ-ի երկրորդ հերթը: Այդ ծրագրով կկարողանանք 9 կմ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց Իրանից ստանալ 3 խորանարդ մետր գազ: Կունենանք նաև էներգիայի հավելյալ պաշարներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իջեցնել էլեկտրաէներգիայի գինը ամբողջ բնակչության համար: Իսկ մինչ այդ առանձին գործարանների համար էլեկտրաէներգիայի սակագնի կիրառումը պիտի քննարկվի վարչապետի հետ` ելնելով արտադրվող ապրանքի ծավալներից»:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ բոլոր քննարկումներն անօգուտ են, եթե չկա ֆինանսական լուրջ ներդրում և մարզի գործարարներին ինչ-ինչ պատճառաբանություններով չեն տրամադրվում ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր: Ուստի, այդ խնդրի լուծման դեպքում միայն մարզի արտադրական պոտենցիալի բազմապատկման իրական հնարավորություն կստեղծվի. «Եթե օգուտ պիտի չտա, ես նման հանդիպումները չեմ էլ կարևորում: Շիրակը արդյունաբերության առումով էլ բախտ չունի: Ունենք միայն քարի արդյունաբերություն, շինարարություն չկա, և քարն էլ չի վաճառվում: Մի հատ սուտ ածուխի հանք ունենք, ուրիշ ոչինչ չկա»,- ասաց նա:

Հայրենական ապրանքարտադրության միության նախագահը մարզի արդյունաբերության վերականգնման առումով կարևորեց շաքարի գործարանի արտադրական թափի մեծացումը: Մարզպետին ուղղված նրա այն հարցին, թե ինչ մոտեցում ունի շաքարի գործարանի վերագործարկման և տեղական հումքով աշխատեցնելու վերաբերյալ, պարոն Ցոլակյանը կտրուկ արձագանքեց. «Ես շաքարի գործարանի տեղը էն օրը զոռով գտա, ես գիտեմ, որ նման գործարան կա, մնացած ոչ մի բան չգիտեմ: Գործարանին պիտի փող հատկացվի, որ մարդիկ աշխատեն:

Գյուղացուն պիտի նորմալ փող տաս ճակնդեղի դիմաց, որ նա մշակի: Գյուղացին հաշվարկ է անում, օգուտ չունի` չի մշակում: Ինչու պիտի այդքան չարչարվի, իր ապրանքը 30 դրամով վաճառի: Մարդկանց պիտի փող տաս, որ շահագրգռված լինեն աշխատել, ուրիշ բան չկա»:

Արտադրական ոլորտում որակյալ աշխատուժի պակասի պատճառը նա ցածր վարձատությունն է համարում. «Շատերը գերադասում են նպաստով յոլա գնալ, քան գնալ որևէ արտադրամասում ցածր աշխատավարձով աշխատել, որովհետև ստացածով կարիքները հոգալ չեն կարող»,- բացատրեց Ֆելիքս Ցոլակյանը:

«Տավրոս» կոշիկի ֆաբրիկայի տնօրեն Կարապետ Մովսիսյանը դժգոհեց մայրաքաղաքում ներդրումային ծրագրերի կենտրոնացման կապակցությամբ. «Արդյունաբերության լավ կադրերի 70 տոկոսը եղել է Գյումրիից, բայց հիմա ամեն ինչ կենտրոնացված է Երևանում: Մեզնից պահանջում եք լավ աշխատել: Երկրաշարժ տեսանք, ինչ ասես տեսանք: Այդ ժամանակ մենք մեր քանդած ֆաբրիկաները վերականգնեի՞նք, տուն սարքեի՞նք, թե՞ ինչ անեինք: Երևանի բիզնեսմեններն այդ ժամանակ փողը տարան ռուսաստանները դրեցին, շատացրին, եկան զարգացան: Հիմա մեզ ասում են` ինչու՞ լավ չեք աշխատում: Պայմաններ չկան: Պետությունը մեր առջև միշտ խոչընդոտներ է դրել: Քանի մեր երկրում կա ներքին օրենք, որ բանկերն ունեն գնահատման իրենց առանձին չափանիշները մարզերի նկատմամբ, այդ պրոբլեմը չի լուծվի: Մարզերի գործարարների գույքն անհամամատ ցածր է գնահատվում»:

Երևանից ժամանած հյուրերը նշեցին, որ Շիրակի մարզի տնտեսության զարգացման հիմնախնդիրները հատուկ ուշադրության կարժանանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter