
«Հայաստան» քրեակատարողական հիմնարկում ժողովուրդն անհավատալի համբերատար է
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Մի պաշտոնյա ընկեր ունեմ, ում հետ վերջին անգամ հանդիպել և զրուցել եմ 4 տարի 3 ամիս առաջ, այսինքն՝ 21 օր «գերեզմանոցից» դուրս եղած ժամանակ: Բնակարաբար, անունը չեմ կարող ասել, բայց ինչո՞ւ այսօր հիշեցի նրան…
Նրա մասին հիշելու առիթ դարձավ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի գիրքը` «Հետաքննական լրագրություն. հայկական փորձ», որը հետաքրքրությամբ կարդացի: Հասկացա` որքան բարդ է աշխատել լրագրողական հետաքննության ժանրում, բայց ավելի բարդ է բարձրացված խնդիրների լուծման համար արթնացնել որոշում կայացնողների միտքը: Ահա ընկերս մեր վերջին հանդիպման ժամանակ խոսում էր հետևյալ տեսության մասին. բոլոր ժամանակներում իշխանությունը ծրագրված քայլեր է անում ժողովրդի ենթագիտակցության վրա ազդելու, որն արտահայտվում է երկու ձևով և հետապնդում է երկու նպատակ.
1) Երկարատև գործողություններ`մարդկանց մշտապես, բայց աննկատ ստորացնելու և հնազանդ պահելու համար:
2) Անսպասելի, բայց հստակ ծրագրված ակցիաների անցկացում ընդդեմ որոշ պաշտոնյաների, որոնց ձևականորեն կամ իրապես պատժելու միջոցով փորձում են հանգստացնել ժողովրդին`ստեղծելով պատրանք, թե, իբր, ժողովուրդը իշխանություն ունի, և օրենքի առաջ բոլորը հավասար են:
Գիտնականների հետազոտությունների համաձայն` մինչև 18-19-րդ դարերը հեղափոխությունների կամ հեղաշրջումների ժամանակ հաճախ են եղել որոշ թագավորների, բարձրաստիճան քաղաքական գործիչների բռնի կամ ոչ բռնի փոփոխություններ: Նույն գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ այդ գործողությունները համընկել են դեռ հազարամյակների խորքից եկող սովորույթներին. կոնկրետ տարիներին և նույնիսկ ամիսներին, օրերին ցեղի կամ տոհմի առաջնորդներին զոհաբերել են աստվածներին, որպեսզի ժողովուրդը հանգստանա: Այդ «զոհաբերությունները» շարունակվում են նաև մեր օրերում` որոշակի տրանսֆորմացիաներով: Ամենաթարմ օրինակը Կիևից Վիկտոր Յանուկովիչի փախուստն է…
Հոդվածի վերջում կվերադառնամ այս խնդրին, իսկ հիմա թույլ տվեք մի քանի մեջբերում անել Էդիկ Բաղդասարյանի գրքից: Կարդացի և իմացա, որ Երևանի Օպերայի շենքի հարակից և Օղակաձև այգիների, նաև Բաբայան փողոցի հարևանությամբ գտնվող պուրակի շինությունների իրական տերերը հանրապետությունում հայտնի դեմքեր են`պաշտոնյաներ, գեներալներ, քաղաքական գործիչներ և գործարարներ: Ամենակարևորն այն է, որ, օրինակ, Օպերայի այգու սրճարանների 99 տոկոսը ապօրինի կառուցներ են: Մի այլ ուշագրավ փաստ է այն, որ այս նույն մարդիկ առանձնատներ կամ այլ օբյեկտներ են կառուցում Սևանա լճի հենց ափին`1905.0 մ նիշից ցածր, այսինքն` արգելված գոտում, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ: Հասկանալի է, որ այդ օբյեկտների տերերը կանեն ամեն ինչ, որ Սևանա լճի մակարդակը չբարձրանա:
Բայց ի՞նչն է զարմանալին: Չէ՞ որ պետական համակարգը կարող է գրել իր իսկ շահերին հարմար օրենքներ, և ոչ ոք այդ պարագայում չի կարող իշխանությանը մեղադրել օրենքը խախտելու մեջ: Օրինակ՝ կարող են օրենքով թույլատրել Օպերայի մերձակա տարածքում շինությունների կառուցումը և հանգիստ ծավալել իրենց գործունեությունը: Բայց գիտակցաբար, թե ոչ` ցույց են տալիս ժողովրդին, որ իրենք օրենքից վեր են` ոնց ուզեն, կարող են խախտել օրենքները և անպատիժ մնալ: Առաջին հայացքից կարող է մի փոքր տարօրինակ և պառանոիդալ թվալ այս տեսությունը, սակայն փաստերը խոսում են այն մասին, որ իշխանությունը մտածված է օրենքներ խախտում և դրանով իսկ հաստատում իր իշխանութունը ժողովրդի վրա:
Անցնենք առաջ և փորձենք նույն տեսանկյունից դիտարկել մեկ այլ երևույթ: Նույն գրքում կարդացի ու իմացա, որ 2008թ. տվյալների համաձայն` Հրազդանի կիրճում կառուցված 11 օբյեկտներից (ռեստորաններ, սրճարաններ, մոթելներ) երեքն ընդհանրապես չունեն հողահատկացման փաստաթղթեր, իսկ մյուս օբյեկտների տարածքները հատկացրել են իրար հաջորդած քաղաքապետերը: Հիմա ամենակարևորը`այս տարածքում չկա կոյուղագիծ, և բոլոր օբյեկտների կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը, որի ջրերով էլ ոռոգվում է Երևանի մերձակա գյուղերից շուկաներում վաճառվող բանջարեղենը: Վերջերս հեռուստացույցով լսեցի, որ Հրազդան գետը գարշահոտ է դարձել տեղ-տեղ, այնպես որ խնդիրն արդիական է:
Կարծես ասել կուզեն. «Մենք`պաշտոնյաներս, թանկարժեք մեքենաներով ենք շրջում, իսկ դու`ժողովուրդ, երթուղայիններով՝ կռացած ու ստորացած: Մենք շքեղ դղյակներում ենք ապրում, իսկ դու անորակ գազի փողն ես հազիվ վճարում: Մենք թալանում ենք քեզ պատկանող հանքերը, բայց քո աշխատավարձից պարտադիր թոշակ պիտի պահենք: Մենք ամենաորակյալ սնունդն ենք ուտում, իսկ դու`ժողովուրդ, Հրազդանի կիրճի օրինակով` մեր ռեստորանների ու մոթելների կոյուղաջրերով ես սնվում»:
Ես միշտ մտածել եմ, որ հայաստանյան բանտերում ամենահամբերատար մարդիկ են, որովհետև մենք անընդհատ ենք սպասում, ոմանք՝ նախորդ դարից, ինչպես ես: Բայց «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում ժողովուրդն անհավատալի համբերատար է ու խոնարհ: Ա՛խր, հոդվածիս սկզբում նշված տարիների, ամիսների, օրերի բոլոր հաշվարկները վաղուց անցել են...
Մեկնաբանել