Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ
Էդգար Վարդանյան
«Առանց Ուկրաինայի Ռուսաստանը դադարում է լինել եվրասիական կայսրություն»
Զբիգնեվ Բժեզինսկի (1998թ.)
Ուկրաինական քաղաքական ճնգնաժամի «մայդանի» հաղթանակին անմիջապես նախորդող ժամանակահատվածում պուտինյան քարոզչամեքենան հայտարարում էր, որ բոլոր դեպքերում Ուկրաինայի մասնատումը անխուսափելի է, սակայն պարզ չէ, թե ի՞նչ սահմաններով է դա լինելու։ Նշվում էր, որ եթե նախագահ Յանուկովիչը արտակարգ դրություն մտցնի, ապա Կիեւը եւ հարավ-արեւելյան շրջանները հնարավոր կլինի պահպանել սեփական ազդեցության գոտում եւ հարցականի տակ կլինի միայն երկրի արեւմտյան հատվածի ճակատագիրը, իսկ եթե ոչինչ չարվի, երկիրը կկիսվի երկու՝ արեւմտյան եւ հարավ-արեւելյան մասերի եւ հնարավոր է, որ այդ դեպքում Կիեւը կանցնի «բանդերականներին»։ Ինչպես հայտնի է Յանուկովիչը արտակարգ դրություն չմտցրեց, «մայդանը» հաղթեց, իսկ Ուկրաինան չմասնատվեց։
Մոսկվան միայն կարողացավ Ուկրաինայից դե ֆակտո պոկել մեծամասամբ ռուսներով բնակեցված Ղրիմի ինքնավար հանրապետությունը եւ որոշ չափով անկայուն վիճակ ստեղծել երկրի հարավ-արեւելյան շրջաններում։ Վերջիններում, սակայն, Կիեւին հաջողվել է հաստատել սեփական իշխանությունը, սեպարատիստական հայտարարություններ եւ գործողություններ կատարած պաշտոնյաները եւ տարբեր ինքնակոչ «գուբերնատորները» մեծամասամբ չեզոքացված են։ Այսինքն, վստահ կարելի է ասել, որ այս պահի դրությամբ Ռուսաստանը չի վերահսկում Ուկրաինան։
Այս պարագայում բազմաթիվ հարցեր են առաջանում Ուկրաինայի հանդեպ Պուտինի այսօրվա քաղաքականության մոտիվացիաների եւ նպատակների վերաբերյալ։
Եթե Պուտինը ցանկանում էր «վերցնել» միայն Ղրիմը, ապա հարց՝ դոտացիոն, շատ առումներով անբարեկարգ մի փոքր տարածքը ՌԴ-ին միացնելու համար արժե՞ր ձեռքբերել ագրեսոր երկրի կարգավիճակ, ընկնել միջազգային սանկցիաների տակ, դառնալ միջազգայնորեն չճանաչված սահմաններ ունեցող պետություն, երկրի ներսում բորբոքել կիսաքնած վիճակում գտնվող ընդդիմությանը, ուկրաինացիների մոտ էլ ավելի բորբոքել հակապուտինյան տրամադրությունները, հայտնվել միջազգային մեկուսացման մեջ, ակամայից մոբիլիզացնել ՆԱՏՕ-ին, նպաստել ուկրաինական հասարկության եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության համախմբմանը եւ այլն։
Ղրիմը Ռուսաստանին միացնելու արդյունքում Պուտինը ստացավ միայն մեկ դրական բան՝ երկրի ներսում սեփական վարկանիշի բարձրացում։ Բայց, մի՞թե մի փոքր ավելի բարձր վարկանիշ ունենալու համար արժեր գնալ մնացած առումներով այդչափ անշահավետ, սեփական իշխանությունը երկարաժամկետ կտրվածքով մեծ վտանգի տակ դնող քայլի։ Այսինքն, եթե Պուտինը պետք է սահմանափակվի Ղրիմը Ռուսաստանին միացնելով, ապա դա լինելու է պյուռոսյան հաղթանակ։ Սակայն հնարավոր չէ պատկերացնել, որ այս ամենը պաշտոնական Մոսկվան կարող էր չհաշվարկել՝ ռուս քաղաքական էլիտան չի կարող զուրկ լինել այդչափ պարզ հաշվարկներ անելու կարողությունից։
Ուրեմն, կարող ենք ենթադրել, որ Պուտինի թիրախը ամենեւին Ղրիմը չէր, ավելի հիմնավոր է հնչում այն թեզը, որ պուտինյան վարչակարգը ցանկանում է ստանալ ողջ Ուկրաինան, քանի որ կարծում է, որ միայն Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա Ռուսաստանին դառնալ եվրասիական կայսրություն։
Սակայն արդյո՞ք իրատեսական է Պուտինի այդ ծրագիրը, արդյո՞ք Ռուսաստանն ունի Ուկրաինան «վերցնելու» հնարավորություն, կարողություն։ Հասկանալի է, որ Ուկրաինայի արեւելյան շրջաններ զորք մտցնելու դեպքում Ռուսաստանը բախվելու է ոչ միայն եւ ոչ այնքան Ուկրաինայի, այլ ողջ Արեւմուտքի հետ։ Թեզը, որ Կիեւը եւ Արեւմուտքը ինչպես թույլ տվեցին վերցնել Ղրիմը, նմանապես կպահեն իրենց Ուկրաինայի արեւելյան շրջաններ ռուսների ներխուժման դեպքում, քննադատության չի դիմանում ։
Նախ պետք է նշել, որ Ղրիմը, մեծամամասմբ էթնիկ ռուսներով բնակեցված ավտոնոմ հանրապետության կարգավիճակ ունեցող փոքր տարածք է, որտեղ «մայդանը», ըստ էության, չկայացավ։ «Մայդանը», հիմնականում, ակտիվ կերպով պաշտպանվում էր փոքրամասնություն կազմող Ղրիմի թաթարների կողմից, որոնք, ի դեպ, դեռ կարող են գլխացավանք դառնալ Պուտինի համար։
Սակայն, միգուցե, ամենահիմնական պատճառը, որ Կիեւը չկարողացավ «պահել» Ղրիմը, դա Սեվաստոպոլում տեղակայված ռուսական ռազմաբազան էր, որի ապագա ճակատագրի մասին Մոսկվայում կային լուրջ մտահոգություններ։ Կարելի է ասել, որ, հիմնականում, ռուսական զինված ուժերի, որոնց մի հատվածը արդեն իսկ ներկա էր Ղրիմում, Ղրիմի բնակչության զգալի հատվածի պրոռուսական կողմնորոշման եւ Կիեւի անցումային կառավարության անկայուն վիճակի շնորհիվ հատուկ մշակված օպերացիայի միջոցով Պուտինը առանց կրակոցների «վերցրեց» Ղրիմը։
Շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել