HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին տեխնոլոգիական համաժողովը Գյումրիում

Մարիամ Խալաթյան

Այսօր Գյումրիում կայացավ առաջին տեխնոլոգիական համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններ, գործարարներ, ՏՏ ոլորտի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն է աջակցել քաղաքին՝ տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին: Միջոցառումն անցկացվում էր Գյումրու տեխնոպարկի նորակառույց շենքում:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերը, խոսելով թեմայի շուրջ, նշեց. «Հայաստանի ապագան պետք է լինի գիտելիքահեն տնտեսության տեսքով: Ամենաարագ աճող ոլորտը Հայաստանում, միանշանակորեն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որը յուրաքանչյուր տարի աճում է 20-ական տոկոսով: Հուսով եմ կառավարությունը կշարունակի բարենպաստ միջավայր ապահովել ՏՏ և այլ ոլորտների համար»:

Ոլորտի մասին տեղեկություններ հայտնեց նաեւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը. «Կառավարությունը ՏՏ ոլորտում իրականացնում է բազմաթիվ նախաձեռնություններ: Մենք ներգրավում ենք միջազգային գլոբալ կազմակերպություններ Հայաստան, իրականացնում տարբեր կրթական նախաձեռնություններ, և վերջերս կառավարության կողմից առաջին անգամ նախաձեռնվել է գրանտային ծրագիր՝ այս ոլորտում»:

Բանախոսի փոխանցմամբ՝ կառավարության անցյալ նիստում հավանության է արժանացրել ՏՏ օժանդակության մասին օրենքը. «Այս օրենքով կառավարությունը պարտավորվում է ամեն տարի հաստատել ՏՏ ոլորտում կառավարության օժանդակության ծրագիրը,- նշեց Կարինե Մինասյանը,- նախատեսվում է սկսնակ կազմակերպությունների համար, ովքեր ունեն գաղափարներ և ուզում են դրանք իրականացնել: Գրեթե բոլոր հարկերից ազատելու ենք և ստեղծելու ենք ամեն հնարավորություն, որ նման կազմակերպությունները դառնան հաջողակ: Ինչու ՏՏ ոլորտի համար ենք այդ նախաձեռնություններն առաջինը սկսում, որովհետև կարծում ենք, որ դա համակարգաստեղծ է և թափանցում է այլ ոլորտներ»:

Համաժողովը հովանավորող «Դիջիթլ Փոմգրանեթ» ընկերության ներկայացուցիչ Թոդ Ֆաբաքերն էլ նշեց. «Մենք փորձեցինք գաղափարների համաժողով կազմակերպել, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք Գյումրին՝ որպես տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը: Նախքան Գյումրիում այս ծրագիրը հիմնադրելը և ընկերություն բացելը ուսումնասիրություն է ացկացվել՝ հարմար վայր ընտրելու համար: Գյումրին աշխարհի այն վայրերից է, որտեղ կարելի է ստանալ արվեստի և գիտության համաձուլումը»:

Գյումրու նորաստեղծ տեխնոպարկը 50 հա է զբաղեցնելու, ունենալու է բազմաթիվ լաբորատորիաներ՝ համապատասխան բոլոր ենթակառուցվածքներով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter