
Արոնյանը սայթաքեց, Անանդն առաջ պոկվեց
Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը ցավալի պարտություն կրեց 9-րդ տուրում՝ սեւերով զիջելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Լեւոնի այս անհաջողությունը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդի համար լավ առիթ էր առաջ պոկվելու: Մինչ 9-րդ տուրը երկուսն էլ վաստակել էին 5-ական միավոր, եւ ահա Անանդը Արոնյանի պարտությունից հետո սպիտակներով կարողացավ առավելության հասնել բուլղար Տոպալովի հանդեպ ու վաստակեց 6-րդ միավորը:
Այս երկյակին հետապնդող ռուս Կրամնիկը նույնպես սայթաքեց՝ սպիակներով զիջելով իր հայրենակից Սերգեյ Կարյակինին: Խաղաղ ելք եղավ միայն Անդրեյկին-Սվիդլեր պարտիայում:
14 տուրից բաղկացած մրցաշարի 9 տուրից հետո առաջատարը Անանդն է 6 միավորով: Արոնյանն ունի 5 միավոր: Կրամնիկը, Կարյակինը, Մամեդյարովը վաստակել են 4,5-ական, Սվիդլերն ու Անդրեյկինը՝ 4-ական, իսկ Տոպալովը՝ 3,5 միավոր:
Այսօր հանգստյան օր է, իսկ վաղը կմրցեն Կարյակին-Անդրեյկին, Կրամնիկ-Սվիդլեր, Արոնյան-Տոպալով, Անանդ-Մամեդյարով զույգերը: Առաջին փուլում Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել Տոպալովի հետ, իսկ հիմա Անանդից գոնե հետ չմնալու համար նրան անպայման հաղթանակ է պետք, չնայած հնդիկ գրոսմայստերն այս անգամ սպիտակներով է խաղալու ադրբեջանցու հետ, որին հաղթել է սեւերով: Նկատենք, որ երկրորդ շրջափուլում Արոնյանը լավ հանդես չի գալիս. նույն Անանդի հետ մրցավեճում սեւերով խաղացող մրցակիցն ավելի լավ դիրք ուներ, սակայն ի վերջո կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի:
Լուսանկարը՝ candidates2014.fide.com-ի
Մեկնաբանել