HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քեսաբ. հայկական երեսպաշտության և պատասխանատվության սահմանագծին

Թուրքիային սահմանակից սիրիական հայաբնակ Քեսաբի շրջանը հայաթափվել է սիրիական ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատների կողմից իրականացված հարձակման պատճառով:

Հայկական ընտանիքներն ապաստան են գտել հարակից Լաթաքիայում` սպասելով սիրիական կառավարական ուժերի կողմից իրենց բնակավայրերը ետ գրավելուն: Զինյալ ահաբկիչների իրական նշանակետը, ըստ ամենայնի, հենց Լաթաքիան է, որը ստրատեգիական նշանակություն ունի Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի համար: Եթե կառավարական զորքերին չհաջողվի ետ վերադարձնել Քեսաբը, ապա Լաթաքիայում ապաստանած հայկական ընտանիքները ստիպված կլինեն իրենց կյանքը փրկելու համար այլ քայլերի դիմել:

Առնվազն երեք իրողություն հաստատում է, որ ահաբեկչական խմբավորումների գործողությունները նախապատրաստվել և պլանավորվել են Թուրքիայում:

Նախ` հարձակումը Քեսաբի վրա առնվազն երեք ուղղությամբ տեղի է ունեցել հենց Թուրքիայի այն տարածքներից, որտեղ թուրք-սիրիական  սահմանների վերահսկողոկությունն իրականացնում է թուրքական բանակը: Երկրորդ` այսօր թուրքական կործանիչները ոչնչացրել են Քեսաբի շրջան ներթափանցած ահաբեկիչների որջերը հայտնաբերելու համար հետախուզական գործողություններ իրականացնող սիրիական ռազմական ինքնաթիռը` այն պատճառաբանությամբ, թե վերջինս խախտել է Թուրքիայի օդային սահմանը:  Որևէ փաստով, սակայն, այդ հիմնավորումը չի հաստատվում: Պաշտոնական Անկարան ոչ միայն հաստատել է փաստը, այլև, ի դեմս վարչապետ Ռեջեփ Էրդողանի, քաջալերել է զինված ուժերի գործողությունները սիրիական ինքնաթիռի ոչնչացման հարցում:

Եվ երրորդ` Դամասկոսը Թուրքիային է պաշտոնապես մեղադրել ահաբեկիչներին հովանավորելու մեջ: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարիին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության Խորհրդի ղեկավարին ուղղված նամակներում նշել է, որ Թուրքիան աջակցում է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված խմբավորումներին` խախտելով ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային համաձայնագրերն ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը:

Քեսաբի դեմ օպերացիան կազմակերպելով` Անկարան ակնհայտորեն միաժամանակ երկու հիմնական խնդիր է լուծում: Առաջին` օգտվելով այն իրողությունից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է ռուս-ուկրաինական ճգնաժամի վրա` փորձ է արվում ակտիվացնել սիրիական ավանտյուրան, Ասադի դիրքերին հասցնել չափազանց ծանր ստրատեգիական հարվածներ` այդպիսով սրբագրելով իր թույլ տված մարտավարական այն սխալները, որոնց հետևանքով հայտնվել էր դիվանագիտական լուսանցքում: Երկրորդ` ընտրելով Քեսաբի միջոցով Լաթաքիային հարվածելու ուղղությունը` թուրքական իշխանությունները «ձեռքի հետ» փորձում են լուծել Սիրիայի հայկական համայնքների ոչնչացման կամ կազմալուծման խնդիրը: Հալեպի հայկական համայնքը ծվեն-ծվեն անելուց հետո միակ հայաբնակ կոմպակտ կենտրոնը, որը դեռևս կենսունակ էր, մնում էր հենց Քեսաբը, որը և դարձավ ահաբեկչական խմբավորումների թիրախը: Հաշվարկն այն է, որ եթե նույնիսկ Ասադի դեմ օպերացիան տապալվի, հայկական համայնքին հասցված հարվածի հետևանքներն անդառնալի կլինեն:

21-րդ դարի Թուրքիան ազգային փոքրամասնությունների խնդիրը նորից փորձում է լուծել ֆիզիկական ոչնչացման, տվյալ դեպքում` զանգվածային տեղահանման ճանապարհով:  Սա միայն ահաբեկչության և ահաբեկչությունը հովանավորելու խնդիր չէ, թեև միայն այդքանը պետք է բավարար լիներ Անկարայի նկատմամբ միջազգային սանկցիաներ կիրառելու համար: Սա, ըստ էության, էթնիկ զտումներով, զանգվածային տեղահանությամբ ուղղորդված, մարդկության դեմ գործվող հանցագործություն է: Որևէ տարբերություն չկա` այդ հանցագործությունը կատարվում է սեփակա՞ն, թե՞ հարևան երկրի տարածքում: 

Սիրիայի կառավարությունը կարող է Թուրքիային մեղադրել միայն միջազգային ահաբեկչությանն օժանդակելու մեջ, որովհետև սկսված քաղաքացիական պատերազմից տուժում են այդ երկրի բոլոր ազգային փոքրամասնությունները: Դամասկոսը չի կարող հայտարարել, թե դրանցից միայն մեկի` հայերի ֆիզիկական ոչնչացման խնդիր է դրված: Դա Սիրիայի հայկական համայնքի, բայց շատ ավելի Սփյուռքի և Հայաստանի խնդիրն է` ոչ միայն սիրիահայ եղբայրներին ու քույրերին փրկելու առաջնային խնդրից ելնելով, այլև Սիրիայի հայկական համայնքը ցանկացած գնով քայքայումից ու ոչնչացումից ձերբազատելու համար:

Թուրքան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ինքն իր համար նոր գլխացավանք է առաջացնում և նոր փաստեր տալիս հայկական կողմին` պնդելու, որ այդ երկիրը չի հրաժարվել հայատյաց քաղաքականությունից և ցույց տալու, թե դարասկզբին ինչպես ու ինչի համար էր կազմակերպվում հայկական մեծ տեղահանությունն ու ոչնչացումը սեփական հողի վրա և սիրիական անապատներում:

Սփյուռքը բոլոր նյարդերով այսօր զգում է, թե ինչ է կատարվում  սիրիահայությանը: Բայց այն միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ և չունի հարցը բարձրացնելու իրավական լծակներ: Այդ գործառույթը պատկանում է Հայաստանին, որն առայժմ անհանգստություն հայտնելուց ավելին անելու ընդունակություն չի ցուցաբերում:  Պառլամենտի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե դա Սիրիայի ներքին խնդիրն է, որին Հայաստանը միջամտելու իրավունք չունի: Եթե սա է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ապա այն ընդամենը իրականությունից ու սեփական պատասխանատվությունից անամոթաբար խույս տալու փարիսեցիական վարքագիծ է: Որովհետև այստեղ խոսքը միջպետական հարաբերությունների ու սուվերենության մասին չէ, այլ հումանիտար աղետի, որին ենթարկվում է սիրիահայությունը: Իսկ հումանիտար աղետը համամարդկային ընդգրկման հարց է, ընդ որում` ոչ միայն բարոյական, այլ նաև քաղաքական, որը սահմաններ ու սահմանազատումներ չի ճանաչում: Սիրիահայության հարցը պետք է միջազգայնացվի հենց այս կտրվածքով:

Սա առաջին հերթին պետության, հայրենիքի պատասխանատվության հարցն է իր յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ, որը պետք է ապացուցի, որ Հայաստանի` հայության տունը, հայրենիքը լինելը ոչ թե բաժակաճառային, այլ գործողություններով թրծված ու ապացուցված ճշմարտություն է:

Մեկնաբանություններ (2)

Hayk
Harkavor e hots zahgvatsov gnal evropakan despanatneri araj boxoqi cuyceri, inch e? irenq chen tesnum? te Turqian irenc barekamn e? inchpes vor asum en amen angam. Te irenq miayn ardzaganqum en u xorhurdner en talis,te erb piti miting kazmakerpen u inch piti xosen ed mitingnerum? Ete Hayastani nerqaxaqakan kyanqn edqan hetaqrqrum e irenc, tox bari linen u irenc barekam Turqiayin kargi hraviren.
Կորյուն
Գևորգ, եղբայր, ի՞նչ ուղեղի, ի՞նչ հեռատեսության մասին ես խոսում: Դու ախր չես էլ պատկերացնում, թե ինչ թափթփուկների, ինչ փալասների, ինչ սողունների ձեռքին է երկրի պետականությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter