HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց նորանշանակ դատավորներին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մարտի 24-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներին ու աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ դատավորներին:

Հայաստանի նախագահի 2014թ. մարտի 20-ի հրամանագրով Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, իսկ Գևորգ Նարինյանը՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Դատավորների և աշխատակազմերի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մտահոգություն հայտնեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումների մասին և տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ ստանում է հանրության դժգոհությունը: Վճռաբեկ դատարանի նախագահը նկատեց նաև, որ քիչ չեն դատական նիստերն ուշացումով սկսելու վերաբերյալ ստացված դժգոհությունները:

Գրանցվել են նաև դեպքեր, երբ դատական նիստի ընթացքում դատավորները թույլ են տվել դատավորին ոչ հարիր պահվածք: Արման Մկրտումյանը հորդորեց ցուցաբերել խիստ զգոնություն, առանձահատուկ ուշադրություն դարձնել ողջամիտ ժամկետների ու դատավորների վարքագծի կանոնների պահպանմանը: Նա վստահեցրեց, որ խիստ ուշադրությամբ է հետևելու այս խնդիրներին, որոնց խախտումներն անհանդուրժելի են:

Հանդիպման ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձավ ոչ միայն քաղաքացիների, այլև փաստաբանների արտահայտած դժգոհություններին, այն մասին, որ դատական ակտերը կողմերին տրամադրվում են ուշացումներով: «Ի՞նչ է նշանակում դատական ակտը կողմերին հանձնել ուշացումով: Սա արատավոր երևույթ է, որը խախտում է անձանց իրավունքները: Անհրաժեշտ է վերջ դնել այս անթույլատրելի երևույթին: Ուշացվում է նաև դատական ակտերի հրապարակումը Դատալեքս տեղեկատվական համակարգում, ինչը չունի որևէ տրամաբանական արդարացում: Խիստ հրահանգեք ձեր աշխատակազմերին, որ դատական ակտերը հրապարակվելուց հետո նույն պահին տեղադրվեն Դատալեքսում: Պետք է հնարավորինս արագ լուծել բարձրացված խնդիրները` հետագայում բացառելով նմանատիպ դժգոհությունները»,-ասաց Արման Մկրտումյան:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն էլ իր խոսքում նշեց, որ 2013թ-ին շուրջ չորս հազարով ավելացել են քրեական գործերի մինչդատական վարույթների գործերը: «Սա անշուշտ խոսում է այն մասին, որ թե քաղաքացիները և թե փաստաբաններն սկսել են ավելի վստահել դատարաններին: Նրանք բավարարված չլինելով քննչական ու դատախազական մարմիններից՝ արդարություն են փնտրում և գտնում դատարաններում: Ինչպես գիտենք՝ քննիչի որոշումը բողոքարկում են նախ դատախազին, իսկ հետո՝ դատարան: Ակնհայտ է, որ դատարանների նկատմամբ վստահությանը զուգահեռ բարձրացել է նաև հանրության իրավագիտակցությունը: 

Այս առումով անհրաժեշտ է պահպանել խիստ պրոֆեսիոնալ մոտեցում. քաղաքացին, ով դիմել է դատարան, պետք է վերջնական արդյունքում հասնի արդարության: Ակնհայտ է, որ դատական գործերի ավելացումներն էլ ավելի են ծանրաբեռնում դատավորներին, սակայն փաստ է, որ դա դատական համակարգի կայացվածության, արդյունավետության և հոգատար աշխատանքի արդյունքն է»,-նշեց Դավիթ Ավետիսյանը` հավելելով, որ ներկայումս քննարկվում է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հնարավորությունները:

Հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից։

 

Մեկնաբանություններ (1)

Կիմա
61/12.2013թ ներկայացվել է վճռաբեկ գանգատ և առ այսօր չկա պատասխան; միթե այդպես էլ պիտի լիներ?ինչ արդարության մասին էխոսքը, երբ հույսեր ենք կապում,որ գոնե Ձեզ մոտ այն կիրականացվի, բայց այսպես սպասողական վիճակը ավելի է զայրացնում և սպառում մեր համբերությունը;Խնդրում եմ բացատրեք և տաք վերջնական և սպառիչ պատասխան,ինչն է պատչառը? Եվ, նաև ինչու չեք ուղարկում որոշմսն պատասխան?. եթե իհարկե արդեն կայացվել է,իսկ եթե ոչ, ինչու է այդքան ձգձգվում ?Եվ քանի որ, նախաքննության քննիչի դիմակը արդեն պատռվել է, միգուցե դա է հետաձգման պատճառը;Մի տեղեկություն հայտնեք, խնդրում եմ, որ մենք քայլեր ձեենարկենք արդարություն և արդարադատությունը մեկ այլ տեղ փնտրելու և գտնելու համար:Միևնույնն է ,չենք լռելու և մինչև վերջ ենք գնալու;Արդարությունը պիտի հաղթի, մեղավորները նույնպես պիտի պատժվեն,եթե իրոք օրենքը գործում է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter