
Հայաստանի փափուկ ոսկին կամ ջրաքիսների բուծումը
Հայաստանն ունի նպաստավոր բնակլիմայական պայմաններ ջրաքիսի բուծման համար՝ լեռնային ու նախալեռնային գոտիներում: Հայաստանը խորհրդային տարիներին ուներ աղվեսի ու ջրաքիսի խոշոր տնտեսություններ, ու դրանցից խոշորագույնը գտնվում էր Վանաձորի մերձակա Լերմոնտովո գյուղի մոտ, որտեղ մոտ 15 հազար աղվեսներ ու ջրաքիսներ էին բուծում: Այդ տնտեսությունները փակվեցին 90-ական թվականներին՝ շուկայի կորստի պատճառով: Խոշոր տնտեսություններ կային նաև Գեղարքունիքի մարզում: Մորթու արտադրությունը Հայաստանի համար շահավետ է` թեկուզ այն պատճառով, որ արտաքին շուկա դուրս գալիս տրանսպորտային խնդիրներից մեծ կախվածություն չի ստեղծում:
Վերջերս Հայաստանում հիմնվել է «Մինք Բրինդինգ Քամփընի» ընկերությունը (հիմնադիր՝ Դավիթ Խաչատրյան), որը ցանկանում է վերականգնել ջրաքիսներ բուծող տնտեսությունը՝ հենց Լերմոնտովոյի մոտ: Այդ ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել ջրաքիսների բուծման ծրագիրը: Այդ նախագծով՝ տարեկան մոտ 5000 մայրերի գլխաքանակ է բուծվելու, 2 տարուց կենդանիների ընդհանուր քանակը կհասնի 27 հազարի: Նախատեսվում է բուծել հոլանդական ջրաքիսներ, թեև առավել արժեքավոր են համարվում ամերիկյան ջրաքիսները, որոնց մորթու մազերն ավելի կարճ են: Մորթու որակը շատ կարևոր է, բավական է ասել, որ Ուկրաինայում անցյալ տարի արձաանագրվեց մորթու արտադրության կրճատում՝ հենց որակի խնդրի պաատճառով: Բացի մորթուց՝ օգտագործվում է նաև ջրաքիսի գոմաղբն ու ճարպը:
Հայկական ընկերությունը 2013-14 թթ. նախատեսում է իրականացնել մոտ 2.4 մլն եվրոյի ներդրում, հետագա տարիներին այդ ներդրումները կկրկնապատկվեն, կստեղծվեն մի քանի տասնյակ աշխատատեղեր: Եթե այս փորձը հաջողի՝ ապա կարելի է ակնկալել նմանատիպ տնտեսությունների ստեղծում այլ լեռնային գոտիներում:
Մեկնաբանել