HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Լավագույն մշակույթի տունը»` առանց տանիքի ու հատակի

Կոտայքի մարզի Գառնի գյուղի մշակույթի տունը գործող կառույց չի հիշեցնում. 400 տեղանոց դահլիճն այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես վերջին միջոցառումից հեռանալուց առաջ հանդիսատեսն ավերել է սրահը: 1974 թվականից՝ կառուցումից ի վեր, այս շենքը չի վերանորոգվել: 40 տարվա շինության անխնամ լինելը երևում է ճաքած պատերից, անձրեւաջրերից փչացած առաստաղից, բետոնե հատակից, կոտրված պատուհաններից, հնամաշ գույքից:

«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե, օրինակ, հայելիներ լինեին այս սենյակում, ինչ հաճույքով էրեխեքը կպարապեին,- ասում է մշակույթի տան տնօրեն Վաղինակ Թադևոսյանը՝ ցույց տալով պարի դասարանը: Պարի երկու խմբերը, ընդհանուր` 75 աշակերտ, պարապում են բետոնե հատակին:

Պարի դասասենյակը

Մշակույթի տունը գործում է համայնքապետարանի ենթակայությամբ: «Մի բարերար ունեինք` Մարկոս Գրիգորյան, կտուրի մի փոքր հատված նրա միջոցներով է վերանորոգվել, մեկ էլ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի միջոցներով ինֆորմացիոն կենտրոնը վերանորոգվեց, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար»,- ասաց Վաղինակ Թադևոսյանը:  Համայնքապետարանը մինչ այժմ վերանորոգել է տանիքի` գրադարանի հատվածը եւ փոխել է երկու պատուհան:

Գրադարանը

Շենքը դեռ տասնհինգ տարի առաջ գազիֆիկացվել է տնօրեն Վաղինակ Թադևոսյանի նախաձեռնությամբ և ծախսերով, սակայն ամբողջությամբ չի ջեռուցվում: «Մենակ իմ կաբինետն եմ տաքացնում, աշխատողները բոլորը հավաքվում են իմ սենյակում, տաքանում են, եթե ընթերցող է գալիս գրադարան, գնում ճանապարհում են, հետ են գալիս: Պարի սենյակը գազի վառարանով եմ ջեռուցում, էդպես ենք տաքացնում, իսկ մարզադահլիճը չի ջեռուցվում, էդ ցրտին պարապում են»,- ասաց Վաղինակ Թադևոսյանը:

Մարզադահլիճը

Մարզդահլիճում պարապում են «Կարատե-դո» եւ «Քիգ բոքս»-ի խմբերը: Կարատեիստներից երեք հոգի՝ երկու աղջիկ և մեկ տղա, վերջերս՝ դեկտեմբեր ամսին, Թիֆլիսում կայացած «Կարատե դո» մրցույթի ժամանակ գրավել են առաջին տեղը: 2013թ.-ին կայացած միջհամայնքային մշակութային մրցույթ-փառատոնի ժամանակ «Լավագույն մշակույթի տուն» անվանակարգում հաղթող է ճանաչվել հենց այս մշակույթի տունը:

Այս տարի համայնքապետարանը նախատեսում է ևս 2 մլն դրամ տրամադրել տանիքի մեկ այլ հատված վերանորոգելու համար: Սակայն ամբողջական նորոգման ու ջեռուցման, նաև գույքի թարմացման մասին դեռևս խոսք չկա:

Մշակույթի տան տանիքի նորոգման համար նախատեսված 2 միլիոն դրամը փոքր գումար է, սակայն համայնքի ունեցած բյուջեի համեմատությամբ, որը, առանց պետական բյուջեից տրվող դոտացիայի, ընդամենը մոտ 14 մլն դրամ է, հավանաբար ավելին լինել չէր էլ կարող:

Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի աշխատանքը 2012թ.-ին բարձր է գնահատել հանրապետության նախագահն ու նրան շնորհել է «Լավագույն գյուղապետ» կոչումը: Թե ինչո՞ւ` մրցանակի վրա նշված չէ: Համայնքապետի գրասենյակի պատերից մեկն էլ գրեթե ծածկված է պատվոգրերով: Լավագույն համայնքապետ ընտրողները կարող են, որպես չափորոշիչ, հաշվի առնել նաև համայնքապետերի հավաքագրած սեփական եկամուտների չափը: Գառնի համայնքի սեփական եկամուտները մոտ 14 մլն դրամ են կազմում: Համեմատության համար նշենք, որ Կոտայքի մարզի գրեթե նույնքան հնարավորություններ և ավելի քիչ բնակչություն ունեցող մեկ այլ գյուղում` Նոր Գեղի համայնքում միայն 14 մլն դրամ շենք-շինությունների գույքահարկն է կազմում, իսկ սեփական եկամուտները բարձր են մի քանի անգամ` մոտ 70 մլն դրամ:

Թե ինչպես բյուջեն չի ավելանում

Գառնիի համայնքապետարանում մարտի 17-ին պետք է կայանար բնակավայրի նշանակության 0.1 հա հողատարածքի աճուրդ-վաճառք` 405 հազար դրամ մեկնարկային գնով: Աճուրդները համայնքային բյուջեն համալրելու հիմնական միջոցներից մեկն են, սակայն այդ օրը աճուրդը չկայացավ: Աշոտ Վարդանյանն ասաց, թե հայտեր չեն ներկայացվել: Նրա կարծիքով` Գառնին «գրավիչ տարածքներ» չունի:

Աշոտ Վարդանյան

«Ինչ տարածք, որ մնացել է` դրսի մարդուն չի հետաքրքրում»,- ասաց համայնքապետը` նշելով, որ դրա համար ուզում է նախ համայնքում պայմանները բարելավել,- ուզում ենք ջրագիծ անցկացնել, մի կազմակերպություն կա, որ ուզում է մեզ օգնել: Գոնե 1,5 կմ էդ տարածքում ջրագիծ անցկացնենք, էդ պայմանները մինչեւ չլինեն` ջուրը, գազը, հոսանքը … որ ճիշտը խոսենք, պիտի մանկապարտեզն ու դպրոցն էլ կառուցված լինեն»:

Գառնիում արդյոք տեղյա՞կ էին, որ այդ օրը աճուրդ պետք է կայանար, մեր հարցին համայնքապետը պատասխանեց, թե ինչպես կարող են չիմանալ, եթե թերթում հայտարարված է եղել: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով» կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` www.azdarar.am-ում: Համայնքապետերն ընտրում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որի վերջին էջում հրապարակվում են աճուրդի մասին հայտարարությունները:

Աճուրդի վերաբերյալ տեղեկությունը պետք է հրապարակվի նաև համայնքում՝ համայնքապետարանի տեղեկատվական ցուցատախտակներին և համայնքի պաշտոնական կայքում, քանի որ գնորդները հիմնականում տեղի բնակիչներն են: Համայնքապետարանի ցուցատախտակին դեռ 2012թ.-ից մնացած  հայտարարություններ կային, սակայն դրանցից ոչ մեկը աճուրդների մասին չէր:  «Համայնքում ո՞նց հայտարարենք, «Հայաստանի Հանրապետություն» թերթը հերիք չի՞»,- հարցնում է համայնքապետը:

Ա. Վարդանյանին խնդրեցինք, ըստ արարողակարգի, բացել աճուրդը, համարել այն չկայացած և կազմել արձանագրություն:  Համայնքապետը ներս կանչեց աճուրդների հարցերով զբաղվող տեղակալին` Ռուբիկ Սարիբեկյանին: «Սարիբեկյան, էսօրվա աճուրդը կայացա՞վ»,- հարցրեց համամայնքապետը: «Բայց էսօր աճուրդ չկա, ապրիլի 8-ին պիտի լինի»,- պատասխանեց Ռ. Սարիբեկյանը: «Չէ, էսօր կա աճուրդ, դիմումներ չի եղել, էսօր աճուրդ ունես»,- նրան ուղղեց համայնքապետը: Նրանք աճուրդի կայացման ժամին դեռևս ճշտում էին՝ արդյոք այդ օրը աճուրդ կա՞, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter