
Շարբաթյանի սպանության գործով հարցաքննվեց բուժքույրը
Երեկ՝ մարտի 25-ին, Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության քրգործով ժամը 11-ին նշանակված դատական նիստը սկսվեց ժամը 11:50-ին՝ դատարանի դահլիճների զբաղվածության պատճառով: Դատակոչված 8 վկաներից նիստին այս անգամ էլ ներկայացել էր և հարցաքննվեց միայն 2012 թ.-ի նոյեմբերի 18-ին ուշ երեկոյան «Մուշ» ռեստորան մեկնած շտապ օգության բուժքույր, վկա Էլա Կոստանյանը:
Վերջինս իր ցուցմունքի սկզբում ասաց, որ կանչը ստանալուց հետո, երբ բժիշկ Մկրտչյանի հետ շտապ օգնության մեքենայով մեկնել են «Մուշ» ռեստորան, արդեն տեսել են դիակ: Դատավոր Նարինե Հովակիմյանը վկայից պահանջեց ավելի մանրամասն ներկայացնել իր տեսադաշտում կատարվածը: «Ես ընդհանրապես չեմ հիշում, եթե կարող եք գրածս հիմք ընդունեք»,- պահանջեց վկան: Դատավոր Հովակիմյանը վկայից պահանջեց ներկայացնել տուժողի արտաքին նկարագիրը: «Քննիչը, երբ հարցաքննում էր, ես ասացի՝ ահագին ժամանակ է անցել, ոչինչ չեմ հիշում: Ակնհայտ էր, վնասվածքների հետքեր կային դեմքին»,- պատասխանեց վկան: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը բուժքրոջից պահանջեց դատարանին ներկայացնել, թե առաջին ինչ օգնություն են ցուցաբերել իր եղբորը դեպքի վայրում: Վկան կրկնեց, որ բժշկի ստուգման արդյունքներով տուժողը պուլսացիա չի ունեցել և այլևս օգնության կարիք չի եղել:
«Վռազ որակել են դիակ էր, ո՞նց կարող ես ապացուցել, որ դիակ էր, երբ ոստիկանների ժամանելուց 20 րոպե հետո ոստիկաններից մեկը գոռաց, որ պուլս կա: Ինչու չփորձեցիք մոտենալ»,- զայրացած հարցրեց Հասմիկ Մանուչարյանը: Մեղադրող Պետրոս Մարտիրոսյանին հետաքրքրեց, թե վկան քննիչին ցուցմունքներ տալիս արդյոք նույնպես չի հիշել դեպքի մանրամասները: Վկան ասաց, որ որոշ բաներ հիշել է, որոշ բաներ ոչ. «Քննիչը հարցաքննության ժամանակ կարծեմ նկարը ցույց տվեց, թե ոնց էր պառկած, ասենք չէի հիշում»: Ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը վկային խնդրեց նկարագրել, թե քննիչը ինչպես է իրեն ցույց տվել նկարը: «Համակարգիչով մահացածի նկարը ցույց տվեց»,- պատասխանեց նա:
Քննիչի կողմից նկարը ցույց տալուց հետո վկան ասաց, որ որոշ բաներ հիշել է: «Այ, որ քննիչին ասում էիք, որ չեմ հիշում, Ձեր ասած բառերն եմ ասում, բացի նկարը ցույց տալը, քննիչը Ձեզ ուրիշ բան ասա՞վ, հիշեցրե՞ց»,- վկային հարցրեց պաշտպան Մհեր Դավթյանը: Վկան փաստեց, որ քննիչը իրեն միայն հարցեր էր տալիս: Հասմիկ Մանուչարյանը Էլա Կոստանյանին հիշեցրեց, որ դեպքի վայրում երկու անգամ վալերիանայի հաբեր է տվել դեպքին ականատես վկա իր քրոջ որդուն՝ Հայկ Ասլիկյանին: «Կարող էիք այդ պահին օգնել նաև տուժածին»,- կրկին ասաց տուժողի իրավահաջորդը: Վկան պատասխանեց, որ իր հետ բժիշկ է եղել, եթե օգնության կարիք լիներ բժիշկը անպայման կօգներ:
Այսուհանդերձ, Էլա Կոստանյանը դատարանին հայտնեց, որ «Մուշ» ռեստորանում իրենց դիմավորել է մի երեխա: Նա բուժքրոջն ասել է, որ տուժողը իր քեռին է: Ի պատասխան դատավոր Հովակիմյանի հարցին՝ վկան հայտնեց, որ իր հիշելով՝ տուժողի կոպերը այտուցված էին, երևի հարվածներից հետո, որոնք արտացոլվում էին դեմքին: Ասաց նաև, որ տուժողի մարմնի այլ հատվածներում հարվածների հետքեր չի տեսել: Նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով դատարանը որոշեց հրապարկել վկայի նախաքննական ցուցմունքների առանձին հատվածներ: «Հայտնում եմ, որ այդ սենյակի մոտ կային կանգնած ինձ անծանոթ 3-4 հոգի, որոնք լուռ կանգնած ծխում էին»,- վկայի նախաքննական ցուցմունքից ընթերցեց դատավոր Հովակիմյանը: Վկան հաստատեց իր նախաքննական այս ցուցմունքը: «Ես մնացի դիակի կողքին, իսկ բժիշկը դուրս եկավ սենյակից: Գտնվելով տուժածի կողքին՝ ես առանց շոշափելու հասկացա, որ նա որոշակի տրավմաներ ունի: Նկատելի էր, որ ձախ աչքը վնասված էր: Քթից արյան հոսքեր կային: Առավել մանրամասն չեմ կարող նկարագրել այդ վնասվածքները, դրանց բնույթից ակնհայտ էր, որ այդ մարդը ծեծված էր: Դրա մասին էին վկայում նրա ձեռքերի քերծվածքները: Այնտեղ ես նկատեցի, որ հավաքված մարդիկ կային, ովքեր ինձ անծանոթ էին»,- մեղադրող Պետրոս Մարտիրոսյանի կողմից հրապարակված իր այլ ցուցմունքները վկան նույնպես հաստատեց: «Ինչ գրել եմ այդտեղ, ճիշտ է»,- հայտարարեց նա: «Նշեմ, որ մինչև Հասմիկի գալը դիակի գտնվելու սենյակ եկան Էդվարդ Խլղաթյանը, որը շատ զայրացած տեսք ուներ»,- վկայի նախաքննական այս ցուցմունքի հրապարակումից հետո պաշտպան Մհեր Դավթյանը հայտնեց իր ենթադրությունը. «Վկան դատարանում հայտարարեց, որ Էդվարդ Խլղաթյանին չի ճանաչում: Ազատ Խլղաթյանն ասաց հետո, եթե չի ճանաչել, քննիչի մոտ ինչպե՞ս է նման բան գրել: Սա չի՞ նշանակում, որ իրեն ուղղորդել են»:
Նախաքննական իր այս ցուցմունքն էլ Էլա Կոստանյանը պարզաբանեց. «Չէ, միջին տարիքի տղամարդ էր: Ուրեմն դա Էդվարդ Խլղաթյանն էր»: Վկան ասաց, որ Էդվարդ Խլղաթյանին ճանաչում է: Նրան դատարանի կողմից տրվեցին նաև այլ հարցեր: Սրանով ավարտվեց հերթական դատական նիստը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել