HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գողություն կատարած անձը գրություն էր թողել՝ տանտիրոջը խորհուրդ տալով՝ «Нас не ругать, дверь хорошо закрывать»

Ամբաստանյալի նստարանին 30-ամյա Հայկազ Գրիգորյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է: 8-ամյա կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող գյումրեցի այս երիտասարդը գողության համար առաջին անգամ հասցրել էր դատապարտվել 2006 թ.-ին: Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչած Հայկազ Գրիգորյանի նկատմամբ որպես պատիժ առաջին անգամ կիրառվել էր տուգանքը:

Երկրորդ անգամ նույն հոդվածով ամբաստանյալը 2008 թ.-ին դատապարտվել էր 2 տարի 8 ամիս ազատազրկման: Նշված պատժաչափը երկու ամիս պակաս կրելուց հետո՝ 2010 թ.-ին, Հայկազը հայտնվել էր ազատության մեջ: Դատարանում ամբաստանյալի կենսագրական տվյալները ճշտելիս դատավոր Հարություն Մովսեսյանը չանդրադարձավ նրա ազատության մեջ եղած տարիներին: Դրա վերաբերյալ հարցեր հավանաբար կհնչեն Հ. Գրիգորյանի հարցաքննության ժամանակ:

Աշխատանք եւ որեւէ մասնագիտություն չունեցող երիտասարդն, ինչպես պարզվեց 4 դրվագից բաղկացած այս քրեական գործից, բավական դիտողունակ եւ ինֆորմացված անձնավորություն էր՝ հատկապես դատարկ կամ բնակեցված, սակայն տանտերերի երկարատեւ բացակայությամբ աչքի ընկնող բնակարանների գծով: Հայկազ Գրիգորյանը 2013 թ.-ի մարտ ամսին (օրը պարզված չէ), օգոստոսի 4-ին, սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 14-ին մուտք էր գործել Ա. Ղազարյանի, Ա. Ստամբոլցյանի եւ Ա. Նալբանդյանի բնակարաններ ու գողացել համապատասխանաբար 3 մլն դրամի, 300 հազար դրամի եւ 350 հազար դրամին համարժեք կենցաղային իրեր, ջեռուցման կաթսա, մարտկոցներ, սպասք եւ այլն: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալ Հայկազ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունեց մասնակի՝ շեշտելով, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն երեք դրվագով: Աննա Ղազարյանի տանը կատարված գողության փաստից ամբաստանյալը հրաժարվեց: «Ես 3 մլն-ի ապրանք չեմ տարել»,- հայտարարեց Հայկազ Գրիգորյանը:

Քանի որ Հ. Գրիգորյանը մեղքն ընդունեց մասնակի, մեղադրող Վ. Միրզոյանը միջնորդեց դատարանին նախ լսել տուժողներին, հետո մեղադրյալին եւ այնուհետեւ հրապարակել գործում առկա ապացույցները:

Քրեական այս գործով տուժող ճանաչված երեք անձանցից դատական նիստին ներկա էր միայն Ա.Ղազարյանի ներկայացուցիչը՝ Լուսյա Պետրոսյանը: Վերջինս դատարանում պատմեց, որ աղջկա տան բանալիները տարիներ շարունակ իր մոտ են եղել, քանի որ Ղազարյանները ընտանիքով բացակայել են՝ գտնվել են ՌԴ-ում:

«Իրանք էդ տունն առան, կահավորեցին ու թողեցին գնացին: Երեւի մեկ տարի են ապրել այդտեղ: Տան բալնիքներն իմ մոտ էր, ես կերթայի, կնայեի, կմաքրեի: Անցած տարի ապրիլ ամսվա սկզբներին աղջկաս հարեւանը զանգեց, թե խորդանոցի ապակին հանած կողքի է դրած: Ես անհանգստացա, զանգեցի ամուսնուս ու ժամը 18-ի կողմ գնացինք «Օդանավակայան» թաղամաս,- պատմեց տուժողի ներկայացուցիչը,- տեսանք, որ տունը խառնած է, շատ չէ, բայց խառը վիճակ էր, զանգեցինք անմիջապես ոստիկաններին, որովհետեւ արդեն պարզ էր, որ տունը օտար մարդ է մտել»:

Լուսյա Պետրոսյանն անմիջապես նկատել է, որ տնից անհետացել է ջեռուցման կաթսան, միկրոալիքային վառարանը, էլեկտրական թեյնիկը, թանկարժեք սպասքեղեն, սրբիչներ եւ այլն: Տուժող կողմն էլ իր հերթին վերադառնալով Ռուսաստանից՝ հայտնաբերել է, որ տնից անհետացել են նաեւ ջեռուցման մարտկոցները: Տեղազննության ժամանակ դրանց բացակայությունը ոչ ոստիկանները, ոչ Լուսյա Պետրոսյանը չեն նկատել:

«Ես հեչ մի ավելորդ բան չեմ գրել հայտարարության մեջ,- դատարանում պարզաբանեց Լուսյա Պետրոսյանը,- օրինակ, ես գիտեի, թե միքսերն էլ են տարել, բայց հետո նայել եմ, դարակի միջից գտել եմ, գնացել քննիչին ասել եմ, որ միքսերը չեն տարել, բայց պառերը ոչ ես էի տեսել, ոչ ոստիկանները: Հետո, որ խնամիներս եկան, իրանք տեսան, որ պառերն էլ է հանել տարել»:

Տունը թալանած անձը բավական կոկիկ է եղել: Տուժողի ներկայացուցիչը պատմեց, որ ջեռուցման կաթսան պատին ամրացնելու համար նախատեսված բոլոր պտուտակները խնամքով հանած եւ դրած է եղել սուրճի ափսեի մեջ, տան թալանը տղամարդն ընդմիջել է կոնյակի համտեսով՝ շիշն ու բաժակը թողնելով միջանցքում: Հեռանալուց առաջ գողություն կատարած անձը աշակերտական տետրի թղթի վրա կարմիր գրիչով խրատական գրություն է թողել. «Нас не ругать, дверь хорошо закрывать»:

Հայկազ Գրիգորյանի փաստաբան Աննա Դավթյանը կասկած հայտնեց, որ Լուսյա Պետրոսյանը կորած իրերի ցանկը նշելիս որոշ բաներ չափազանցրել է: Ըստ փաստաբանի՝ ուռճացված է նաեւ քաղաքացիական հայցում նշված գումարի չափը: Իր կասկածները փաստաբանն արդարացրեց նրանով, որ շատ հաճախ տուժողներն առիթից օգտվելով ավելորդ իրեր են նշում:

Լուսյա Պետրոսյանը նեղվեց փաստաբանի հարցադրումից՝ հակադարձելով, որ ինքը հրաշալի է հիշում, թե ինչպիսի օժիտ է տվել դստերը եւ ինչ գնով է ձեռք բերել, ասենք, սրբիչները: «Բացի էդ էլ՝ տան բոլոր կենցաղային իրերը նոր էին: Իրանք չէին հասցրել նորմալ օգտագործել, էդքան չեն ապրել էդ տան մեջ, հետո բաներ կային, որ առել Ռուսաստանից էին ուղարկել, ես տարել եմ իրանց տուն: Էն ջեռուցման սիստեմը վաբշե չեն օգտագործել, որովհետեւ ձմեռն արդեն էլ ըստեղ չէին»,- նկատեց Լուսյա Պետրոսյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ արժեք ունի «Բաքսի» ֆիրմայի ջեռուցման կաթսան, եւ որքան թանկ արժեր այն տարիներ առաջ:

Փաստաբան Աննա Դավթյանը փորձեց պարզել, թե արդյոք տնից անհետացած բոլոր կենցաղային իրերի անձնագրերն են տրամադրվել ոստիկաններին, որպես ապացույց: «Դուք ինչ ապացույց ունեք, որ հենց ձեր նշած իրերն են գողացվել,- տուժողի ներկայացուցչին հարցրեց փաստաբանը,- փաստաթղթեր կամ լուսանկարներ կա՞ն»: «Եթե իմանայի, որ տունը պիտի գող մտներ, սաղ ապրանքը հատ-հատ կլուսանկարեի,- վրդովվեց Լ. Պետրոսյանը,- մենակ «Բաքսիի» թղթերն ենք գտել, էդ էլ քննիչի մոտն է»:

Դատավոր Հարություն Մովսեսյանը խորհուրդ տվեց Լ. Պետրոսյանին վերանայել ոստիկանություն ներկայացված իրերի գնային սանդղակը, քանի որ 5 կամ 10 տարի առաջ գնված ապրանքը չի կարող նույն արժեքն ունենալ:

Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի այս գործով տուժող ճանաչված Ա. Ստամբոլցյանին եւ Ա. Նալբանդյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter