
Կիսատ չթողնենք Երգը
Կարեն Ագուլյան
Կիսապարզ, կիսաբարդ,
պատմություն անավարտ,
մենության կիսաբեմ,
կիսաբաց,
կիսասեր, կիսախանդ,
փշրված ակնթարթ,
կիսամեղք, կիսահետք,
կես ավարտ...
Մարինե ԱԼԵՍ
Վթարի պահից ի վեր, գերմարդկային ճիգով եմ ինձ ստիպել չգրել` զուտ բարոյականության սկզբունքներից դրդված. նախ` զոհվածների անմխիթար ծնողներին, հարազատներին ու մտերիմներին հավելյալ ցավ չպատճառելու մտահոգությամբ, այնուհետև` հետաքննության անկողմնակալությանը չվնասելու... և ի վերջո, ամենակարևորը` կիսատ ու անհավաստի տեղեկությունների հիման վրա արվող դատողություններիս համար ի՞նչ պատասխան էի տալու Ահեղ Դատաստանի Օրը, մանավանդ երբ երկու անմեղ երեխա էր զոհվել։
Շատ կուզեի կարողանալ չգրել... գոնե մինչև դատավճռի հրապարակումը։
Սակայն, մարտի 16-ին դիտեցի ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության թերի ու կողմնակալ «պետ-պատվերը»։ Անբարոյականությունը դրոշ դարձրած` հայկական սերիալ...
Ով էր պատվիրատո՞ւն։ Հակոբյանների փաստաբան Ռ. ԲԱԼՈՅԱ՞ՆԸ, թե՞ նրա վերադաս` ոստիկանության կամ դատախազության համակարգի ղեկավարները, այլևս էական չէ։
Ռուբիկոնն արդեն անցել են և, ափսոս, խեղճ Հակոբյանները միամտորեն ընկել են այդ ծուղակը։
Ուրեմն, թող ինձանից չնեղանան բարոյականությունից շաղակրատողներն` անկեղծ լինելուս համար։
ՍԵՆԵԿԱՆ է ասել. «Ճշմարիտ վիշտը համր է»։ Հասկացի՛ր, ով կարող է։
Չեմ թաքցնի, որ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մտերիմն եմ։ Եվ հպարտ եմ դրանով։
Այս հինգ ամիսների ընթացքում, հազար անգամ գիշերներ լուսացնելով, ինձ հարց եմ տվել. «Իսկ եթե իսկապե՛ս խմած է եղել, իսկապե՛ս արագ է վարել, իսկապե՛ս հանցավոր է մեքենային չտիրապետելու հարցում... ինչպիսի բեռ` մնացած ողջ կյանքի համար, երբ մարդն արդարամիտ է, ազնիվ ու զգայուն... ինչպե՞ս ապրել...»։ Թշնամուս չէի կամենա։
Արդ, պարզվում է նույնիսկ քննիչ Հ. Հակոբյանի ու իր նմանների ավարտած օրինազանց հետաքննության արդյունքում, ոչ՛ հարբածության, ոչ՛ արագության գերազանցման փաստեր չկան դատարան ներկայացված քրեական գործում։
Ո՞րն է ուրեմն դժբախտ պատահարի իրական պատճառը։
Դա ստույգ գիտեն միայն հինգ հոգի` վթարից ողջ մնացածները։
Էմմա Հակոբյանի և իր ընկերուհու` Սիրանույշ ՏՌՈՒԶՅԱՆԻ վարկածները Youtube-ում բոլորս ենք դիտել դեպքից անմիջապես հետո, երբ թերիները դեռ չէին միջամտել իրենց «խորհուրդներով»։
Եվ ԱՐՄԵՆԻԱ հեռուստատեսության բեմադրած սադրանքը իրականությունը նենգորեն խեղաթյուրելու ձախողված փորձի ապացույցն է։
Խե՜ղճ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ...
Աստվա՛ծ է վկա, որ ամենայն անկեղծությամբ եմ ասում. «խե՜ղճ մարդիկ»։
Իրոք, այդպես եմ մտածում ու կարեկցում ձեզ, ու սփոփել ցանկանում, ու օգնել, քանի որ վստահ եմ` դուք շատ լավ գիտեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչպես... սակայն դատապարտված եք չասելու։
Եվ որքան իմ հարազատ Վարդանի համար էի մտահոգված թե` ինչպե՞ս է ապրելու այդ ծանր բեռով, հիմա ձեզ եմ դիմում. ճշմարտության ու արդարության դեմ մեղանչելով` ինչպե՞ս եք տանելու այս նոր բեռը մնացած ողջ կյանքում։
Անձնական վիշտը, որքան էլ այն մեծ լինի, արդյո՞ք նոր մեղքի արդարացում է։
Մոմ վառելուց, եկեղեցի կառուցելուց ենք խոսում. հիշեցնե՞մ պատվիրանները...
Իսկ գուցե ճանապարհային երթևեկության կանոննե՞րը, կամ տրանսպորտային միջոցի` «ՆԻՎԱ»-ի շահագործման պարտադիր նորմերը խախտելու անսպառ շա՞րքը։
Գիտակից եմ ու կրկին ձեր ներողամտությունն եմ հայցում ծանր խոսքերիս համար։
Եվ կշարունակեի լռել, եթե այդ կերպ չմասնակցեիք մարտի 16-ին հեռարձակված խեղկատակությանը։
Մարդը, առավել ևս քրիստոնյան, շահի և պարկեշտության միջև մի՛շտ էլ ընտրություն ունի։ Մենք պատասխանատու ենք մեր ամեն մի խոսքի ու արարքի համար։
Այն, որ քննիչներն ու դատավորներն ինչ ուզում, անում են, իրենց խղճին թող մնա. դեռ ինչքա՜ն կիսատ ու թերի զավակներ, թոռներ ու հարսներ են ունենալու։ Գլխներին են տալու, բայց ուշ կլինի. ընտրությունն իրենք են արել։ Գիտե՞ք այսօր Հայաստանում ինչու են այսքան թերիներ վխտում։ Պարզապես, ժամանակին սրանց հայրերն ու պապերն էլ են ընտրության առաջ եղել` մե՞ղք վերցնել հոգուն, թե՞ Մարդ մնալ... ու կատարվել է անուղղելին։
Կիսատների դարում, կիսատների աշխարհում ու կիսատների մեջ ենք ապրում։
Սակայն դա էլ մեր ընտրությունն է եղել։ Ոչ ոք իրավունք չունի ուրիշից բողոքելու։
Փաստերն ավելի քան խոսուն են.
Երբ 1988-ին ազգովի չէի՛նք ուզում անկախ պետություն ունենալ։
Երբ ռեժիմի փլուզման պահին կոմունիզմի ՆՅՈՒՐՆԲԵՐԳ-ը ազգովի չպահանջեցինք։
Երբ օտարի գործակալին ազգովի, 83 % -ով, «նախագահ» ընտրեցինք։
Երբ շարունակում ենք «անվանի» հանցագործներին պետական պաշտոններ հրամցնել։
Երբ «մտավորականը», կամովի, իշխանավորին հաճոյանալու գնով է կայանում։
Երբ «գործարարը» հայաստանցուց քերթած-փախցրածն արտասահմանում է ներդնում...
Երբ «ընդդիմությունն» ասելիք չունի ու իշխանության գալու երազախափությամբ է զուտ մխիթարվում։
Իսկ արտագաղթը դատարկում է երկիրը...
Շարունակե՞նք, թե՞ բավ է...
Մեր այս մեղքերի համար ենք պատասխան տալիս ու դեռ գալիք սերունդներն էլ են պատասխան տալու։
Ու մի՞թե պարզ չէ, որ կիսատների այս գաղջ մթնոլորտում լիարժեք մարդուն կենդանու բնազդով պիտի ոչնչացնեն, առնվազն` վարկաբեկեն։
Մեր մեծարգո ակադեմիկոսի բառերով. «Սա պարզապես տեսակի' պայքար է»` թերիներն ի բնե չեն կարող հադուրժել ազնվականին։ Ու դրանց «տնամերձ»” հեռուստակայաններն ու «մարտնչող» թերթուկներն, ինքնակոչ լրագրողներով, ջերմաչափ կոտրելու լավագույն գործիքն են` սեփական ջերմախտը թաքցնելու համար, հայելի մրոտողները` սեփական թերությունները չտեսնելու համար։
Նեռի հետ սրանց հաղորդության զոհասեղանին անդադար թարմ միս ու արյուն է պետք։ Միջոցների մեջ ու զոհերի` տարբերություն չի էլ դրվում։ Այսպես, հանգիստ հոշոտեցինք ԱԲՈՎՅԱՆԻՆ, ԿՈՄԻՏԱՍԻՆ, ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ՉԱՐԵՆՑԻՆ... վտարեցինք մեր միջից ՆԺԴԵՀԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻՆ, ԴՐՈՅԻՆ... կենդանության օրոք մոռացության դատապարտեցինք ԶԱՐՅԱՆԻՆ, ՕՇԱԿԱՆԻՆ, ՉՐԱՔՅԱՆԻՆ... ու շարունակում ենք իրար ուտել։
Մինչև ե՞րբ ենք այսպես կիսատ ու կիսված, թերացած, թերացող ու թերի ապրելու` սեփական մեղքերն այլոց վրա բարդելով ու արդարամտություն պահանջելով միայն ուրիշներից։
Գեթ մի անգամ կարո՞ղ ենք մեզ կողքից նայել ու հասկանալ, թե ինչո՞ւ ենք դաժան օրինաչափությամբ կոտրում հատկապես Ասպետներին։
Շատերի՞ն եք ճանաչում Հայաստանում, ում հաջողվում է բոլորիս ոգի, հույս ու հավատ ներշնչել մեր սեփական ուժերի ու ապագայի, մեր Առաքելության նկատմամբ։
Իսկ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, անգամ բանտում փակված, կարողանում է գոտեպնդել մեզ ու սիրելով բոլորիս, շարունակում ասել. «Գլուխդ բա՛րձր, հայ ժողովուրդ, հերիք՛ վհատվենք, ոտքի՛ հանուն մեր արժանապատվության, ձեռք մեկնենք միմյանց, որ միասին երգենք մե՛ր Երգը»։
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել