
Գումար են գանձում` նույն այդ գումարը գանձելու ծառայություն մատուցելու համար
Ինչպես գիտեք, Ազգային ժողովում այսօր բուռն քննարկումների առարկա են դարձել, այսպես կոչված, «կարմիր գծերը»: Ավելի ճիշտ` Երևան քաղաքում հանրային վճարովի ավտոկայանատեղիները:
Մենք արդեն բազմիցս անդրադարձել ենք այդ հարցի իրավական կողմին և ընթերցողին ենք ներկայացրել խնդրի շուրջ եղած բազմաթիվ ապօրինություններ: Սակայն եկեք հարցին նայենք ոչ թե իրավական, այլ տրամաբանական տեսանկյունից:
Տուրք չէ
Սովորաբար, ցանկացած վճարում ունի իր տրամաբանությունը: Օրինակ, եթե դա տուրք կամ հարկ է, ապա մենք դա վճարում ենք, որ պետությունը հետո այդ գումարները ծախսի մեզ վրա, իսկ եթե դա ծառայության դիմաց վճար է, ապա վճարում ենք` դրա դիմաց ինչ-որ բան ստանալու համար:
Կարմիր գծերի դեպքում դա տեղական տուրք է, և, ըստ տրամաբանության, գանձվում է քաղաքապետարանի օգտին: Վերջինս էլ մյուս հարկերի ու տուրքերի հետ միասին այդ գումարները պիտի ծախսի մեզ վրա… Օրինակ, այդ կայանատեղիներում փողոցների լուսավորության, ասֆալտի թարմացման և բազմաթիվ այլ խնդիրների սպասարկման համար:
Հենց այդպես է աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքներում: Վճարովի հանրային ավտոկայանատեղիների համար գանձված գումարները գնում են բացառապես հանրային (քաղաքային, պետական) բյուջե:
Սակայն, արի ու տես, որ թեև անունով տուրք է, սակայն այն 70 տոկոսով գանձվում է մասնավոր «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ի օգտին: Այսինքն, վճարված գումարների միայն 30 տոկոսն են տուրքի տեսքով մտնում քաղաքային բյուջե և ծախսվում քաղաքի (այն է` մեր) կարիքների վրա:
Որ՞ն է ծառայությունը
Ակամայից հարց է առաջանում. եթե վճարված գումարի 70 տոկոսը գնում է ինչ-որ ՍՊԸ-ի, ապա այդ ՍՊԸ-ն դրա դիմաց ինչ-որ բա՞ն է տալիս:
Օրինակ, երբ նախկինում, այսպես կոչված «պառկովշիկին» վճարում էինք այդ 100 դրամը, մենք գիտեիքն, որ դրա դիմաց ինքը մեզ օգնում է կայանվել և «նայում» է մեքենային: Սակայն ի՞նչ ծառայություն է մատուցում «Փարքինք Սիթի Սերվիս»-ը մեր վճարած գումարների դիմաց:
Պարզվում է, որ միակ ծառայությունը, որ մատուցվում է, դա գումար գանձելն է: Ու թեև դրա մեջ մտնում է նաև գումար չվճարածներին հայտնաբերելը, սակայն, մեծ հաշվով, այդ ամենը մտնում է գումար գանձելու առաքելության մեջ:
Այսինքն, մեզանից գումար են գանձում` մեզանից նույն այդ գումարը գանձելու ծառայությունը մատուցելու համար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել