HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քասախցիները մնացել են առանց հիմնական փոխադրամիջոցի

Շուտով մեկ ամիս կլինի, ինչ չեն աշխատում Քասախ-Երեւան հիմնական երթուղին սպասարկող 273 Ա համարի երթուղայինները: Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն ասում է, որ տեւական ժամանակ է՝ չեն կարողանում լուծել այդ հարցը:

«Երթուղային ունենք, պարզապես տերերի ցանկությամբ չէ, որ երթուղին կազմակերպվում է: Մեր երթուղին սպասարկողները խռովել են եւ դատարան են դիմել, որ նախկին երթուղով երթեւեկեն, առայժմ հարցի լուծում չկա»,- ասում է համայնքի ղեկավարը:

273 Ա երթուղին սպասարկող ընկերությունը որոշել է դադարեցնել սպասարկումը եւ  դատարանում բողոքարկել է երեւանյան փողոցները թեթեւացնելու եւ միջմարզային միկրոավտոբուսները կայարաններում վերջնականգառ անելու՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը: 2009 թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի հրամանով 273 Ա միջմարզային միկրոավտոբուսն իր երթուղին սկսել է երկաթգծի կայարանից, շարժվել Տիգրան Մեծ պողոտայով եւ Աշտարակի խճուղով հասել Քասախ: Այս երթուղին ձեռնտու է եղել քասախցիներին, քանզի մեկ տրանսպորտային փոխադրամիջոցով կարողացել են հասնել իրենց աշխատավայր կամ ուսումնական հաստատություն:

Սակայն «բեռնաթափման մասին» քաղաքապետի որոշումից հետո 273 Ա երթուղայինին բաժին է հասել «Կիլիկիա» կայարանը` Իսակովի պողոտայով, Աթենքի փողոցով, Ծիծեռնակաբերդի խճուղով, Լենինգրադյան, Հասրաթյան, Շիրազի, Գ. Չաուշի փողոցներով, Աշտարակի խճուղով դեպի Քասախ, հետադարձն էլ` նույն ուղղությամբ: Այդ երթուղին չի հատել Երեւանի կենտրոնական փողոցները, ուղեւորները նվազել են, երթուղին սպասարկող «Լիլ-Լիա» ընկերությունն այլեւս նպատակահարմար չի համարել սպասարկումը եւ դադարեցրել է ուղեւորափոխադրումը:

Քասախ-Երեւան կապը պահում է միայն 37 համարի երթուղայինը, որն ուղեւորվում է Երեւանի ՀԱ թաղամաս: Սակայն 273 Ա-ի բացակայության պայմաններում այն ոչ միայն չի բավարարում, այլ առավոտյան ժամերին բնակիչներն «իրար գլուխ» են ջարդում, որպեսզի մի կերպ խցկվեն ներս: «Մինչեւ կայարան 100 դրամով էին գնում, ուսանողությանը շատ հարմար էր: Հիմա այդ տրանսպորտից օգտվողները 2 կամ երեք տրանսպորտ են փոխում, որ տեղ հասնեն,- պատմեց Քասախի կանգառում կայանած տաքսու վարորդը:- Առավոտ ժամը 9-ի սահմաններում որ գաս, կտեսնես՝ ինչ է կատարվում: Միայն 37 համարի երթուղայինը չի բավարարում: Վերեւի քոթեջներում բնակվող փախստականները հիմա ոտքով համարյա 1 կմ են կտրում, գալիս հասնում այստեղ, որ 37-ով գնան, գյուղի կեսի չափ համարյա էնտեղ է»:

«Բոլորիս էլ ձեռք էր տալիս օրը 100 դրամով գնալ, քան թե օրը 3-4 տրանսպորտ փոխել: 37 համարն է միայն, ուրիշ ճանապարհով է գնում, բոլորովին տարբեր գծեր էին գնում»,- տաքսու վարորդին լրացնում է քասախցի Մերին:

Քասախի համայնքապետ Ա. Մկրտչյանն ասում է, որ սա միակ հարցն է, որն ինքը չի կարողացել լուծել, սակայն կողմնակից է, որ 273 Ա-ի երթուղին Կենտրոնով` Օպերայի տարածքով անցնի: Նույնիսկ ժամանակին ինքն է միջնորդել, որպեսզի երթուղին հնարավորինս մոտենա ուսանողական թաղամասին: «Այդ նույն ցանկությունը կարտահայտեին շրջանի բոլոր ուսանողները: Պարզապես քաղաքապետարանը մի քիչ շտապեց. անհրաժեշտ էր սկզբում քաղաքի սպասարկման հարցը լուծել, հետո նոր դադարեցնել սրանց մուտքը դեպի քաղաքի կենտրոնական փողոցներ»,- ասում է Ա. Մկրտչյանը:

«Ինչ-որ խնդիրներ կան, էդ ընկերությունը ինչ-որ հարցեր ունի պարզելու, դրա համար չի սպասարկում: Դրա լուծումն այն է, որ կամ ինքը հրաժարվի երթուղուց, եւ նոր մրցույթ հայտարարվի, կամ էլ պետք է ինչ-որ համաձայնության գան ու էդ կարգով նորից աշխատի»,- ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը: Մեր հարցին, թե որեւէ քայլ չե՞ն ձեռնարկելու բնակիչների տեղափոխման հարցը կարգավորելու համար, սպասելու են դատարանի վճռի՞ն, Պ. Դեմիրճյանը պատասխանեց. «Երեւի դա է կարգը, ուրիշ ձեւ չկա: Ինքը եթե ինչ-որ պայմանների չի համաձայնում, դա իր խնդիրն է, եւ հիմա աշխատում է լուծել այդ հարցերը, հիմա եթե էնպես լինի, որ ինքը չշարունակի, ուրեմն պիտի նոր մրցույթ հայտարարվի»:

«Իսկ մինչ հարցի լուծումը բնակիչներն ինչպե՞ս պետք է քաղաք հասնեն» հարցին Պ. Դեմիրճյանը պատասխանեց, որ այնտեղ գործող այլ տրանսպորտ էլ կա. «Հիմա ես ի՞նչ ասեմ էդ առումով, եթե էս ա ստացված իրավիճակը»: Ըստ նրա` նախարարությունը որեւէ լիազորություն չունի այստեղ: «Եթե դատարան է դիմել, դատական կարգով  վիճարկում է իր հարցերը, էդտեղ ստիպելու բան չկա: Ես ասում եմ՝ կարգը այն է, որ պայմանագիրը` լիցենզիան, լուծարվի եւ նոր մրցույթ հայտարարվի, բայց դա պիտի լինի փոխադարձ համաձայնությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter