HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինական ապրանքը ներկրեցին, կույրերին թողեցին անգործ

Յուլիա Գրիգորյան

«Կույրերի միավորման Շիրակի մարզային վարչության» անդամները «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հ/կ-ի ղեկավար Արտյոմ Դիլանյանի գլխավորությամբ վերջերս Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պահանջեցին «Կույրերի միավորման» նախագահ Ալբերտ Թորոսյանի հրաժարականը՝ պատճառաբանելով նրա անգործությունը: Ասվեց, որ առաջիկայում ստորագրահավաք կացկացնեն`պատկան մարմիններից վարչության նախագահի պարտականությունները մեկ այլ անձի հանձնելու պահանջով:

«Երկար տարիներ նախագահ է, բայց ոչ մի բան չի արել. նույն խնդիրները մնացել են, մի բան էլ հիմնարկը քանդվել է»,- դժգոհեց հաշմանդամ Գայանե Նալբանդյանը՝ անհրաժեշտ համարելով ընտրել միավորման այնպիսի նախագահ, ով կկարողանա նորմալ ղեկավարել հիմնարկը եւ սկզբնական շրջանում գոնե 20 հաշմանդամի ապահովել աշխատանքով:

Հակոբ Մելքոնյանը բարձրաձայնեց կույրերի միավորման ենթակայությամբ գործող մշակույթի տան չգործելու փաստը: Այն հիմնովին վերանորոգվել է եւ հնարավորություն կա այնտեղ կազմակերպել մեծ միջոցառումներ, սակայն ոչինչ չի արվում: «Կույրերի մեջ կան երաժիշտներ, երգիչներ, դերասանական հմտություններ ունեցող մարդիկ, լավ երաժշտական գործիքներ ունենք, բայց ոչինչ չի ձեռնարկվում, եւ մշակույթի տունը բացարձակ անօգուտ մի բան է դարձել: Ես երաժիշտ եմ, նաեւ երգում եմ, ստեղծագործում, բայց այսօր իր զբաղմունքը պարապուրդն է: Պայմանները կան, սակայն մշակույթի տան ղեկավարը ոչինչ չի ձեռնարկում հաշմանդամներին մշակութային կյանքի մեջ ընդգրկելու համար»,- նշեց Հակոբը:

Հաշմանդամները կույրերի միավորման նախագահի պաշտոնում տեսնում են Արտյոմ Դիլանյանին: «Նա շատ բան է արել կույրերի համար՝ սեփական միջոցներով: Մենք նրան վստահում ենք եւ հավատում, որ լավ ծրագրեր կիրականացնի եւ կստեղծի բարենպաստ պայմաններ կույրերի ինքնադրսեւորման համար: Նա եւս ունի տեսողական խնդիրներ եւ գիտի, թե դա ինչ բան է: Շատ լավ գիտի, թե ինչ է պետք եւ ինչ ձեւով կարելի է օգնել նման խնդիրներ ունեցող մարդկանց»,- նկատեց Հակոբ Մելքոնյանը:

«Կան շատ երիտասարդներ, ովքեր չեն կարող ընտանիք կազմել, որովհետեւ չունեն աշխատանք: Գործատուները հաշմանդամներին աշխատանքի չեն վերցնում՝ անկախ նրանց մասնագիտական կարողություններից: Մի տեսակ խորթություն կա հաշմանդամների նկատմամբ հատկապես մեր մարզում, հանրապետության այլ քաղաքներում հաշմանդամների մեծ մասն աշխատանք գտնում են, իսկ մեր քաղաքում մենք անտեսված ու արհամարհված ենք»,- ասաց 28-ամյա Դավիթ Իսպիրյանը, ով կուրացել է 5 տարեկանում:

«Կույրերի միավորման» նախագահ Ալբերտ Թորոսյանը մեր խնդրանքով անդրադարձավ իրեն ուղղված մեղադրանքներին եւ նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն չժխտեց, որ խնդիրներ կան ու դրանք լուծելու համար անհրաժեշտ է նաեւ պետական հոգածություն:

«Արտյոմ Դիլանյանը դիմել է մեր կենտրոնական վարչությանը եւ ասել է, թե ինձ տվեք միավորման նախագահի պաշտոնը, եւ ես արտադրություն կբացեմ: Այնտեղ պատասխանել են, որ ձեռնարկության տարածքն անվճար 6 ամսով կտան իրեն, որ աշխատեցնի, եթե առաջընթացը տեսնեն` «Կույրերի միավորմանե նախագահի պաշտոնն իրեն կտան: Ես էլ եմ համաձայն, թող արտադրություն հիմնի, տեսանք, որ հաջողվեց, ես ինքնակամ իմ պարտականությունները կհանձնեմ նրան,- վստահեցրեց Ա. Թորոսյանը,- սակայն Արտյոմ Դիլանյանը վիճում է, թե անպայման պիտի ինձ տաք հիմնարկի կնիքը: Այսինքն՝ նրա ուզածը ոչ թե արտադրություն հիմնելն է, այլ նախագահի պաշտոնին տիրանալը: Ասա՝ Արտյո՜մ Դիլանյան, դու կնիքն ի՞նչ ես անում: Այսքան ժամանակ հ/կ-ի ղեկավար ես եղել, ի՞նչ ես արել, որ հիմա ինչ անես: Երկու համերգ է տալիս՝ գիտի գործ է անում»:

Ա. Թորոսյանը նշեց, որ արտադրություն հիմնելն այնքան էլ հեշտ բան չէ, գումար ունենալուց զատ անհրաժեշտ է սպառում ապահովել: Հենց այդ խնդիրն էլ հանդիսացել է Կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկության գործընթացի դադարեցման պատճառ: Ժամանակին ձեռնարկությունում աշխատել են 450 կույրեր, արտադրությունը եղել է բազմաբնույթ՝ վարդակի, փուչիկի, պարանների, կտորեղենի, բանվորական ձեռնոցների, ստվարաթղթի եւ այլն, սակայն 2005թ.-ից այդ ապրանքատեսակների արտադրությունը դադարեցվել է սպառում չլինելու պատճառով:

«Չինական ապրանքը ներկրեցին, մեզնից էլ ո՞վ կառներ: Չէր իրացվում մեր ապրանքը եւ քիչ-քիչ արտադրությունը կանգնեց,- բացատրեց «Կույրերի միավորմանե նախագահը: Վերջինս հայտնեց, որ ներկայում միայն արագակար թղթապանակներ են արտադրում՝ 2-3 ամիսը մեկ անգամ 4-5 հազար հատի պատվեր են ստանում «Նորմա թերզյանե գրախանութների ցանցից: Նախագահի ասելով` նրանք էլ խաթր են անում` առնում են, թե չէ դրա պահանջարկն էլ չկա, կարող են ներկրվածն օգտագործել: 10-20 տարի առաջ ամսական արտադրում էին 30-40 հազար արագակար թղթապանակ եւ ուղարկում պետգնումների կոմիտեին: Հենց լայն թափով տարբեր երկրներից էժան ապրանք ներկրեցին, իրենցից բոլորը ձեռ քաշեցին: «Ես առանց աշխատող ճարտարագետների եւ մասնագետների, մենակ կարո՞ղ եմ արտադրություն ներդնել: 1996թ. ներդրեցի սահնակի արտադրություն, սակայն տնօրենը փակեց, որովհետեւ չէր վաճառվում եւ չէր արդարացնում ծախսերը»,- ասաց «Կույրերի միավորմանե նախագահը:

Պրն Թորոսյանի խոսքով՝ այս խնդիրը լուծելու մասին պիտի Կառավարությունը մտածի: «Հաշմանդամներին աշխատանքով ապահովելու համար պետությունը պիտի թույլ չտա մեր արտադրած ապրանքատեսակների ներմուծումն այլ երկրներից: Կառավարությունը, եթե արգելի անորակ, մեկանգամյա ապրանքների ներկրումը` մեր արտադրամասերը կաշխատեն, կույրերը կունենան զբաղվածություն եւ հանրությանը կառաջարկվի որակյալ ապրանք»: Թեեւ ձեռնարկության շենքը 4-րդ կարգի վթարային է, սակայն արտադրամասերի տեխնոլոգիան ժամանակակից տեխնոլոգիային չի զիջում եւ հնարավոր է լավ ապրանք թողարկել: Միայն անհրաժեշտ է այն տեղափոխել այլ շենք:  

«Կույրերի միավորումըե հանրապետությունում 10 ձեռնարկություն ունի եւ բոլորն էլ, Ալբերտ Թորոսյանի հավաստմամբ, անգործության են մատնված: Նա ընդունում է անգործության մեջ իրեն մեղադրող կույրերի դժգոհությունը. «Ճի՜շտ է, անգործություն է, ձեռնարկությունը չի աշխատում, սակայն խնդիրները լուրջ են՝ մեր երկրում առողջ մարդիկ աշխատանք չեն գտնում, բոլորը ռուսաստաններում են, մենք ի՞նչ արտադրենք, որ կույրերը կարողանան աշխատել: Կույրերին հարմար աշխատանք այսօր դժվար է գտնել»:

Կույրերի միավորումն ունի մոտ 450 անդամ, նրանցից 304-ը Գյումրիից են: Մեծ մասը 35-ից բարձր տարիքի անձինք են: 73-ամյա Ալբերտ Թորոսյանը երկար տարիներ աշխատել է ձեռնարկությունում, 8 տարի զբաղեցնում է միավորման նախագահի պաշտոնը, իսկ վերջին 2 տարիներին նաեւ` ձեռնարկության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: «Ես, որպես ձեռնարկության տնօրենի պաշտոնակատար, աշխատավարձ չեմ ստանում, ինձ 2 հաստիք չի հասնում, պարզապես տիրություն եմ անում ձեռնարկությանը, որ եղածը չտանեն»:

Ա. Թորոսյանի մեկնաբանությամբ՝ մշակույթի տունը չի աշխատում, որովհետեւ հնարավոր չէ ապահովել կույրերի ամենօրյա տեղափոխությունը տնից` ակումբ, քանի որ չկա մեքենա: «Ես ուրախ կլինեմ, որ նրանք հավաքվեն մշակույթի տանը, միջոցառումներ կազմակերպեն, սակայն հնարավորություն չկաե,- հավաստիացրեց Ա. Թորոսյանը:

 

 

Մեկնաբանություններ (1)

Կարուշ Հովեյան
Հարգելի պրն. Թորոսյան նախքան մարդկանց կատարած աշխատանքի մասին, որև կարծիք հայտնելը կխնդրեիի ուսումնասիրել մեր բոլորի կողմից սիրված «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հ/կ-ի ղեկավար Արտյոմ Դիլանյանի կատարած աշխատանքը(կատարված աշխատանքներին կարող եք ծանոթանալ կազմակերպության պաշտոնական կայքւոմ` http://www.dscc.am և կազմակերպության ֆեսբուկյան էջում)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter