HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սև մեքենայից զենքով իջած տղամարդուն հիշում է անգամ նրան դեպքի օրը չտեսած վկան

Մարտի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատավարությունը: Այս նիստի ընթացքում եւս ցուցմունքներ տվեցին գործով դատակոչված վկաները: Հիշողության մասնակի կորուստ, որոշ դխեպքերում էլ հիշողության վերականգնման եւ նախաքննության ընթացքում չասվածը դատարանում վերարտադրելու փորձեր եղան:

Վկա Շուշանիկ Օհանյանն, օրինակ, դատարանում հիշեց, որ դեպքի օրն ինքն այնուամենայնիվ սեւ մեքենայից իջնող տղամարդ է տեսել՝ ձեռքին զենքի նմանվող ինչ-որ մի բան: Վկան Շիրակացի 54 բ շենքի փողոց նայող դիմային հատվածում կրպականման խանութ ունի: Ապրիլի 23-ին` ժամը 12-ի հատվածում, վկան առաքիչից գնված ապրանքը դրսից խանութի ներս տեղափոխելով է զբաղված եղել: «Ես մե պահմ տեսա, օր մայթի մոտ սեւ մեքենա կանգնավ, միջից բոյով թիկնեղ մարդմ իջավ: Ընձի թվաց, օր ձեռքին հրացան կա, ես վախեցա ու ներս մտա, հետո լսեցի երկու հատ ձայն, ինչխ օր ավտոյի կալոսի տրաքելու ձեն էղներ»,-պատմեց վկան:

Այդ ընթացքում վազելով խանութ է մտել մոտ 10 տարեկան մի աղջնակ, ով վախեցած ասել է` «պապաս, պապաս»: Դրսից լսվել են կրակոցներ եւ վկան աղջկան իր հետ տարել է խանութի պահեստային մաս՝ ապահովության համար: Շուշանիկ Օհանյանը պատմեց, որ երեխան այնքան էր վախեցած, որ միայն մի բառ էր ասում` «պապաս»: Ինքը ոչ մի բան չի հարցրել, միայն մտածել է, թե երեխայի հայրը հավանաբար կապ ունի դրսում ծավալվող իրադարձությունների հետ:

Երբ աղմուկը դադարել է, վկան աղջնակի հետ դուրս է եկել խանութից ու հավաքված մարդկանցից տեղեկացել, որ հրաձգություն է տեղի ունեցել: Հետագայում նաեւ իմացել է, որ խանութ մտած աղջնակը քավոր Հարութի՝ գործքվ տուժող Հարություն Խաչատրյանի դուստրն է: Մեղադրող Արմեն Շիրոյանը միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ որոշակի հակասություն կար նրա` դատարանում տված ցուցմունքի միջեւ: Շուշանիկ Օհանյանը, դեպքից հետո հրավիրվելով ոստիկանություն, պատմել էր դեպքի օրը իր տեսածն ու լսածը, որը գրեթե նույնությամբ նա կրկնեց դատարանում, սակայն վկան իր նախաքննական ցուցմունքում չէր նշել, թե տեսել է սեւ գույնի մեքենա եւ զինված անձի:

Մեղադրողին տարօրինակ թվաց հանգամանքը, որ Շուշանիկ Օհանյանը, դեպքի թարմ տպավորությունների ներքո, մոռացել է այդքան կարեւոր դրվագը եւ այդ մասին հիշել միայն այսօր՝ դատարանում: Արմեն Շիրոյանի հարցադրման ժամանակ դահլիճում գտնվողներից մեկը բարձրաձայն նետեց, թե կինը վախեցած է եղել: Հուշումից գոտեպնդված` վկան, պատասխանելով դատախազի հարցին, ասաց, թե այն ժամանակ վախեցած է եղել, հետագայում հիշել է, որ, այնուամենայնիվ, սեւ մեքենա ինքը տեսել է, որից իջած տղամարդը կարծես թե զենք է պահած եղել ձեռքին:

Հաջորդ վկան Մերուժան Ղազարյանն էր: Վերջինս Շիրակացի 54բ հասցեում գտնվող բնակելի շենքի կողային մասում գտնվող «Միլենա» խանութի սեփականատերն է: Վկան սկզբում հայտարարեց, որ հիմա շատ բան չի հիշում, սակայն նախաքննության ժամանակ ամեն ինչ պատմել է: Դատավոր Աշոտ Մանուկյանը փորձեց հարցերի միջոցով թարմացնել վկայի հիշողությունը: Մերուժան Ղազարյանը պատմեց, որ դեպքի օրը զբաղվել է առօրյա, խանութին վերաբերող գործերով: Պայթունանման ձայներ լսել է, սակայն խանութից դուրս չի եկել, քանի որ հաճախորդի է սպասարկել, մտածել է, թե երեխաները պայթուցիկներով զվարճանում են:

Հետո պայթյուն հիշեցնող ձայները հաճախացել են ու կտրուկ դադարել: Այդ ժամանակ խանութ է մտել Սարգիս անունով տղան, ում ինքն ուղարկել էր շուկա կանաչի գնելու եւ վախեցած հայտնել, որ դրսում կրակում են: Վկան, խանութից դուրս գալով, տեսել է քավոր Հարութին վիրավոր՝ դեմքին արյուն, նկատել է նաեւ նրա տղային՝ մեքենայի մեջ նստած: Մերուժան Ղազարյանը նաեւ տեսել է գետնին ընկած «Մակարով» տեսակի ատրճանակ: Վկան երկրորդ վիրավորի՝ Արտյոմ Կարապետյանի մասին տեղեկացել է միայն շենքի բակային հատված մտնելով:

«Խանութի լուսամուտներից փողոցի էդ հատվածը չի երեւա, ինչ-որ բան տեսնելու համար բդի դուրս գաս,-բացատրեց վկան,-ես օր դուրս եմ եկել, տեսել եմ Հարութին` արյունոտ, հետո տղուն տեսա, օր ավտոյի մեջ նստած գուզեր խոդի գցեր ավտոն, հետո Հարութը նստավ ավտոն, մտան շենքի բակ, նոր էնտեղ ես տեսել եմ երկրորդ տղամարդուն` պադեզդի դուռը վիրավոր ընկած»:

Երրորդ վկան՝ Սերգեյ Ղափլանյանը, «Ցածր գներ» վաճառատան սեփականատերն է: Ապրիլի 23-ին տեղի ունեցած հրաձգության ժամանակ եղել է խանութում գտնվող իր կաբինետում, զրուցել է մենեջերի հետ: Լսել է ինչ-որ ձայներ, հետո ներս են վազել խանութի աշխատակից աղջիկներն ու հայտնել, թե կրակում են խանութի վրա: Ինքը ոչ մի բան չի տեսել: Սպասել են մինչեւ աղմուկը դադարի, դուրս են եկել ու տեսել, որ ցուցափեղկի ապակին կոտրված է: Հետո եկել են ոստիկանները, կատարել տեղազննություն ու խանութի սրահից պարկուճ են գտել:

Դատական այս նիստից բացակայում էր տուժող Հարություն Խաչատրյանը: Նիստի սկզբում այդպես էլ ներկաներին չծանուցվեց տուժողի բացակայության պատճառը: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter