HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղրիմի խնդիրը, Ղարաբաղյան գագաթաժողովը և Արևմուտքի թափանցիկ ակնարկը Երևանին-2

Ստեփան Սաֆարյան,
քաղաքական վերլուծաբան 

Սկիզբը

Հայաստանի համար հերթական վտանգավոր շրջափուլը սկսվեց Ռուսաստանին միանալու եղանակով Ղրիմի «ինքնորոշման» ու Մոսկվայի կողմից դրա ճանաչման արդյունքում:  Ուկրաինայում եւ մասնավորապես Ղրիմում տեղի ունեցածին լավ թե վատ հետեւող ցանկացած մեկին քաղաքագիտական խոր գիտելիքներ հարկավոր չեն եզրահանգելու, որ Ղրիմի անջատումը պարզապես Ուկրաինայի հանդեպ Կրեմլի պատժիչ գործողությունների մի օղակն է: Հետեւաբար, որեւէ երկրի կողմից Ռուսաստանի գործողություններն օրինական համարելը համարժեք է դառնում (բնականաբար այդպես է ընկալվում նաեւ պաշտոնական Կիեւի, Արեւմուտքի կողմից) դրան միանալուն: 

Առավելագույնը, ինչ կարող էր պաշտոնական Երեւանը հայտարարել Ղրիմի խնդրի առնչությամբ 

Ստեղծված իրավիճակը մեծ ճկունություն էր պահանջում Երեւանից, ով նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն չճանաչված փաստի՝ անկախության պատճառով միջազգային հարթակներում առավելապես հանդես է գալիս ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ջատագով: Հետեւաբար, այն առավելագույնը, որ խնդրո առնչությամբ որպես դիրքորոշում կարող էր արտահայտել Երեւանը, չէր կարող իր իմաստային տարողությամբ գերազանցնել կամ 2008թ. Հարավային Օսիայի ու Աբխազիայի կապակցությամբ ասվածին, կամ, օրինակ նրան, որ «ԼՂՀ ինքնորոշման բացառիկ նախադեպին մշտապես զորակցող Հայաստանը սկզբունքորեն հանդես է գալիս ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին, որն իրականացվել է միջազգային իրավունքին համապատասխան»:   

Անշուշտ, Հայաստանը չի կարող երկակի չափանիշներ կիրառել՝ ճանաչելով մի ժողովրդի ինքնորշման իրավունքը, սակայն չճանաչելով մյուսինը: Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անգամ կասկածի տակ դնել չի կարող միջազգային հանրությունը: Սակայն, այլ հարց է, թե ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում է իրացվել այդ իրավունքը: Այն, որ դա հակասել է 1994թ. Բուդապեշտյան մեմորանդումով ե ռուս-ուկրիանական համագործակցության պայմանագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, ասել է թե՝ միջազգային իրավունքին, դրա մասին շատ է խոսվել ու գրվել: Այն, որ Ղրիմի հանրաքվեն հակասել է նաեւ Ուկրաինայի ներպետական օրենսդրությանը (ի հակառակ ԼՂՀ նախադեպի, որը տվյալ պատմաքաղաքական ու միջազգային-ներպետական իրավունքի պայմաններում ոչ միայն առավելագույս համահունչ էր միջազգային իրավունքին, այլեւ՝ ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը), դա եւս ակնհայտ է: Եւ վերջապես՝ անգամ prima facie նկատելի էր, որ Ղրիմի հանրաքվեն անց է կացվում հապճեպ, անազատ պայմաններում՝ ռուսական  զորքի ու «տեղական ինքնապաշտպանական» ջոկատների ինքնաձիգերի ներքո, կամ որ հակառակ տեսակետն ունեցողները իրենց դիրքորոշման օգտին քարոզչություն անելու բացարձակ հավասար պայմաններ չունեին, եւ այլն: Հետեւաբար, նախեւառաջ կասկածի տակ է հանրաքվեի իրականացման լեգիտիմությունը եւ դրան Ռուսաստանի ցուցաբերած ուղղակի միջամտությունն ու քաղաքական աջակցությունը,  այդ թվում՝ ճանաչումը, ինչը միանգամայն հակառակ է միջազգային իրավապայմանագրային դաշտում նրա ստանձնած պարտավորություններին:  

Սա մի խնդիր է, որն  իր հնարավորինս սպառիչ լուծումը կարող է ստանալ ոչ թե Արեւմուտք-Ռուսաստան անհավասար ճամբարների միջեւ ընթացող քաղաքական դիրքորոշումների պատերազմում, այլեւ միջազգային իրավասու կառույցներում եւ առաջին հերթին՝ դատարանում: Վերջին հաշվով այս կապակցությամբ հրաշալի նախադեպ կա. 2008թ. փետրվարին Կոսովոյի անկախացման ու Արեւմուտքի բազմաթիվ երկրների կողմից դրա միակողմանի ճանաչման հետ անհամաձայնություն ունեցող Սերբիան դիմեց Հաագայի միջազգային դատարան: Վերջինս 2010թ. իր որոշմամբ իրավական առումով փակեց հարցը, հռչակելով որ ոչ միայն երկրամասի անկախացումով, այեւ դրա միակողմանի ճանաչումով միջազգային օրենք չի խախտվել: Ասել է թե՝ Հայաստանի համար գերխնդիր է/էր ոչ միայն այնպիսի ճկուն դիրքորոշման ցուցաբերում, որը Մոսկվայում եւ Կիեւում կընկալվեր իբրեւ այն առավելագույնը, որ կարող է Երեւանն անել իր բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում, այլեւ նպաստել, որ խնդիրը տեղափոխվի միջազգային իրավասու ատյան, նախընտրելի է՝ դատարան, որտեղ Հայաստանի կարծիքի անհրաժեշտությունը չկա: Իմ կարծիքով, ահա դա պետք է ելակետ լիներ Հայաստանի դիրքորոշման ու ռազմավարության համար` առավելագույնը ընդհանուր գծերով ճանաչել ժողովուրդների ինքնորոշման իրավունք, բայց ոչ երբեք դրա վիճահարույց անցկացումը Ղրիմում, միաժամանակ նպաստել դրա շուրջ միջազգային վեճի՝ դատական-իրավական լուծման հարթություն տեղափոխելուն:  

Նախագահականի խնդրահարույց հաղորդագրությունն ու դրա միջազգային արձագանքը 

Ի տարբերություն 2008թ. եւ ի զամանս շատերի, այս անգամ պաշտոնական Երեւանի արձագանքը չափազանց սկանդալային էր, որով խախտվեց Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների հավասարակշռությունը: 

Մարտի 19-ին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում հաղորդագրություն տեղադրվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնությամբ» հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի դաշնության նախագահ Վ.Պուտինի հետ, որի ժամանակ զրուցակիցները «մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ»,  ինչպես նաեւ «անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: Նախագահները «միաժամանակ ընդգծվել են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը» 

Ուշագրավ է (հայկական լրատվական-փորձագիտական հանրությունն էլ արձանագրեց), որ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ բացակայում է Հայաստանի կողմից նման դիրքորոշում հայտնելու փաստը: Այնտեղ ընդամենը նշվում է, որ «նախագահները մտքեր են փոխանակել Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետության եւ Սեվաստոպոլի վերամիացման կապակցությամբ»: 

Ղրիմի հանրաքվեին Հայաստանի տված նման գնահատականին, ինչպես եւ սպասելի էր, առաջինը կտրուկ արձագանքեց պաշտոնական Կիեւը, երբ Երեւանում այդ երկրի  դեսպանն անմիջապես իր ԱԳՆ-ին փոխանցեց «Ղրիմում անցկացված հանրաքվեի մասին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայկական կողմի արտահայտած դիրքորոշման մասին տեղեկատվությունը»: Հունիսի 20-ին Հայաստանում Ուկրիանայի դեսպան Իվան Կուխտան հասկացրեց, որ ԼՂ հարցով իր երկրի «այսօր էլ անփոփոխ ու հստակ» «Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում» դիրքորոշման, ինչպես նաեւ՝ «բոլոր մակարդակներում շատ լավ զարգացող» Հայաստան-Ուկրաինա «հարաբերությունների բարելավման հեռանկարի» դիմաց ակնկալում են առնվազն հավասարակշիռ ու չեզոք դիրքորոշում, եւ առաջին հերթին՝  Ղրիմի անեքսիայի չճանաչում, քանի որ այն «անց է կացվել Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ»: Խոսելով ԱՊՀ-ից իր երկրի հնարավոր դուրս գալու մասին, դեսպանը ընդհուպ հավաստիացրեց, որ դրանից հետո Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմ չի սահմանվի: Սակայն, այդ ամենով հանդերձ չափազանց հստակ էր Երեւանից Կիեւի ակնկալիքը: 

Հաջորդիվ Կիեւում ՀՀ դեսպանին փոխանցվեց Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտան, որտեղ «մտահոգություն էր հայտնվում Ղրիմի անեքսիայի կապակցությամբ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության կապակցությամբ», նաեւ՝ հրատապ խորհրդակցությունների պատճառաբանությամբ Հայաստանում Ուկրիանայի դեսպանը ետ կանչվեց Կիեւ:  Հայաստանի հասցեին հանդիմանանքի, քննադատության ու բողոքի խոսքերի պակաս չզգացվեց նաեւ Կիեւում՝ հեռուստատեսային հաղորդումներից մինչեւ հնչեցված կարծիքներ:  

Մարտի 21-ին մշակույթի գործիչներին մրցանակներ հանձնելու (որին ներկա գտնվելուց ու դրա դրամական բաղադրիչից հրաժարվելու յուրօրինակ քայլ կատարեց «Փարաջանով» ֆիլմի սցենարի ուղկրաինացի հեղինակ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ելենա  Ֆետիսովան՝ Հայաստանի նախագահի արտահայտած դիրքորոշման պատճառով) արարողությունը Սերժ Սարգսյանը օգտագործեց վերախմբագրումներ կատարելու համար. «Այնպես է պատահում, որ ժամանակի եւ իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երեւույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը կայանում է նաեւ նրանում, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստականում է, տարընկալումները վերանում են եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը»: Այդպիսով, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ներկա ժամանակում իր գրասենյակի հայտնված դիրքորոշումը արժանացել է «տարընկալումների», նաեւ թափանցիկ ակնարկ կատարեց այն մասին, որ Ուկրաինայի ժողովրդի հետ «մենք եղբայրական ժողովուրդներ ենք, <...> դարեր շարունակ ուս ուսի կռվել ենք միասին զավթիչների դեմ, <...> հազարավոր փառավոր էջեր ունենք պատմության, այդպես եղել է, եւ այդպես էլ շարունակվելու է»: 

Թերեւս արժե հիշատակել նաեւ խնդրո առնչությամբ մարտի 22-ին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչի դրքորոշումն այն մասին, որ «Մենք համաձայն չենք այն ձեւակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսեւորում էր։ Բայց մենք նաեւ գիտենք, որ նախագահ Սարգսյանը հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ կարեւորել, որ ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքին համաձայն։ Ուստի մենք ողջունում ենք Հայաստանի դիրքորոշման այս հատվածը»: Դեսպանը նաեւ հիշեցրել էր այն հիմնավորումները, որոնց հիման վրա իր երկիրը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն. «Մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները եւ Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի անեքսիան, մենք չենք հավատում, որ այն մարդկանց ազատ կամքի արտահայտում էր, եւ չէր էլ կարող ազատ եւ արդար լինել, եթե իրագործվել է երկու շաբաթվա ընթացքում` ռուսական զորքերի մասնակցությամբ` առանց ազատ լրատվամիջոցների եւ ազատ քարոզարշավի»: 

Նույն օրերին Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւս ափսոսանք հայտնեց ՀՀ նախագահականի հաղորդագրության կապակցությամբ. «Ցավում եմ, որ Հայաստանը Ղրիմում հանրաքվեի շուրջ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել»: 

Շանս եւ հուշումներ Երեւանին՝ իր դիրքորոշումը շտկելու եւ մարտահրավերներին դիմակայելու համար 

Բնականաբար, Սերժ Սագսյանի կողմից տեղի ունեցածը «տարընկալում» որակելուն պետք է հաջորդեր Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից նախագահականի հաղորդագրության իրական «ընկալման» ձեռբերելու գործընթացը, որը նաեւ Երեւանի համար իր դիրքորոշման մեջ շտկումներ կատարելու հնարավորություն էր:  

Այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար ոչ միայն Ուկրաինայի դեսպանն էր հանդիպում ու պարզաբանումներ խնդրել ԱԳ փոխանխարարից, այլեւ Երեւանում Գեմանիայի դեսպան Ռայներ Մորելը:  Վերջինիս  խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են, թե մարտի 19-ին Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի նախագահը միայն ճանաչել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ ոչ թե Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին. «Կարծում եմ, ինչ Հայաստանի [նախագահն] ասել է հեռախոսազրույցի ընթացքում, որը հետո հանձնվեց թղթին, ամեն դեպքում, դա պաշտոնական դիրքորոշում չէր: Պետք էր վերլուծել, թե ի՞նչ ի նկատի ուներ Հայաստանի նախագահը, ի՞նչ էր դա նշանակում․ արդյոք Հայաստանը համաձա՞յն է Ղրիմի բռնակցման հետ, որը լավ չէ, թե՞ դուք ուղղակի ցանկանում եք հայտարարել՝ սա ազգերի ինքնորոշման իրավունքն է: Սա այլ բան է»:  Միացյալ Թագավորության դեսպանի համանմանության նա եւս անդրադարձել էր Ղրիմի հանրաքվեի անցկացման ոչ օրինավորության խնդրին՝ հռետորական հարցադրումներով հեռակա բանավեճի մեջ մտնելով Սերժ Սարգսյանի հետ. «Եթե դուք ասում եք՝ այո՛, Ղրիմում իրավունք կա, եւ նրանք կիրառել են այդ իրավունքը, դա դժվար կլինի, որովհետեւ մենք տեսանք ոչ մի վերահսկողություն չկար, մենք չգիտենք, թե ինչ է այնտեղ կատարվել՝ զորքերի ճնշման ներքո: Այսինքն, ամեն ինչ հարցական է: Ուստի, մենք պետք է վերլուծենք, թե ի՞նչ նկատի ուներ Հայաստանի նախագահը՝ դա ասելով: Ես իմ ընկալումն ունեմ, թե նա պարզապես ցանկացել է ընդգծել [ժողովուրդների ինքնորոշման] իրավունքը, որովհետեւ նա հայացք է նետում Ղարաբաղում առկա հակամարտությանը: Ամեն դեպքում, դա օգտակար չէ [Ղրիմում] առկա իրավիճակի համար: Վստահ եմ, դա օգտակար չէ»: 

Այդուհանդերձ, Գերմանիայի դեսպանը ՀՀ նախագահին անուղղակի հարկադրեց էլ ավելի առաջ գնալ, հաստատելով, որ թեպետ վերն ասվածը Կառավարության կողմից իրենց տրամադրված պաշտոնական պարզաբանում է, սակայն դրա միջազգային ընկալումները ավելի բարձր մակարդակով եւ հստակ որոշակիացնելու կարիք կա. «Կարծում եմ, ընկալումն այն է, որ, ինչպես ասացի, «այո, գոյություն ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունք, սակայն դա ասելով՝ մենք համաձայն չենք Ղրիմի բռնակցման հետ»: Սա այն է, ինչ մենք հասկացել ենք [Հայաստանի] իշխանություններից»:

Դիվանագիտական այս փոթորիկի եզրափակիչ արարը կարող է համարվել այն, որ արդեն մարտի 26-ին ԱԳՆ-ը հայտարարեց, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն: Հայաստանին հնարավորություն տրվեց վերախմբագրել իր դիրքորոշումը եւ նա դա արեց: Անշուշտ, կարեւոր է լինելու այս խուսանավումներին Մոսկվայի արձագանքը, որը տեսանելի կլինի առաջիկա օրերին: 

Ղրիմի խնդրով Հայաստանի դիրքորոշումը «չեզոք» դարձնելը Ղարաբաղի հարցով անցկացվելիք գագաթաժողովին ընդառաջ որքան էլ առկա ու հնարավոր մարտահրավերները մեղմելու նվազագույն, սակայն, բավարար պայմանը չէ: Ոչ էլ Ղրիմի խնդիրն ու ղարաբաղյան խնդրի վրա դրա հնարավոր բացասական ազդեցությունը բացառելու միջազգային հանրության մտահոգություններն են այդ գագաթաժողովի հրավիրման միակ դրդապատճառը: Մարտի 6-7-ին Դուբլինում տեղի ունեցած ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանն ինքն էլ ուղղակիորեն նպաստել է դրան եւ շատ կոնկրետ խնդրի համատեքստում...    

Շարունակելի

Լուսանկարում` Արցախի առաջնագիծը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter