Միջինքը և «Գաթայի փառատոնը»` Ջավախքում
Մարտի 26-ին Մեծ պահքի Միջինքի օրը Վիրահայոց թեմի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Գաթայի փառատոնը», որն իր շուրջն էր հավաքել Ջավախքի բնակիչներին:
Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով և ժամերգությամբ, որից հետո Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը անդրադարձավ Մեծ պահքին և Միջինքին: Հայր Սուրբն իր խոսքում վստահություն հայտնեց, որ բոլոր հայ ընտանիքներում թխվում են գաթաներ, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում գաթա, որտեղից է գալիս այն:
Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդության փոխնաորդության կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրեցին Միջինքի գաթայի հայկական ավանդույթները: Ըստ ավանդության՝ այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս` հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:
Փառատոնին ներկայացված էին շուրջ հինգ տասնյակ գաթաներ, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստել էին Ջավախքի կանայք: Փառատոնին իրենց գաթաներով ներկայացել էին Ջավախքի ամենատարբեր գյուղերից, Թբիլիսիից, Արցախից և Մայր Հայաստանից:

Տոնական օրվան առանձնակի շունչ էր հաղորդել Հայաստանից ժամանած հոգևոր երգչախումբը՝ Garni վոկալ կվինտետը` իրենց հոգեպարար երգեցողությամբ ջերմացնելով ներկաների սրտերը: Նրանք հանդես եկան Կոմիտաս վարդապետի ժողովրդական երգերի մշակումներով:
Փառատոնի վերջում հանդիսապետությամբ՝ Վիրահայոց թեմի առաջնորդի, Ջավախքի փոխանորդի և հոգևոր դասի, օրհնվեցին գաթաները, որից հետո «Վաչիան» երգի-պարի համույթի սաները, ազգային տարազներ հագած, օրհնված գաթաները մատուցեցին ներկաներին: Այն երջանիկները, ովքեր իրենց բաժին գաթայում գտան ավանդական մետաղադրամը, առաջնորդական փոխանորդից նվեր ստացան «Աստվածաշունչը և Հայ մշակույթը» վերդառությամբ գրքեր:
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ «Գաթայի» փառատոն անցկացվեց նաև Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել