HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջբոլորը` «Եղջյուրներ և սմբակներ»

Գործուղումից վերադառնում եմ տուն, գրասեղանիս այցեքարտի նման մի բան է դրված։ Տնեցիք ասում են՝ նամակ ունես, պետք է գնաս-վերցնես։ 

Հաջորդ օրը գնում եմ «Հայփոստի» բաժանմունք։ Ասում եմ՝ նամակ ունեմ։ Երկար փնտրում են, չկա։

-Ո՞վ է ուղարկել,- հարցնում է փոստի աշխատողը։

-Պետոավտոտեսչությունից բացի՝ ոչ ոք ինձ նամակ չի գրում։

-Հա, ուրեմն «Հատուկ կապն» է, պետք է գնաք այնտեղ։ 

Փոստատնից դուրս գալով՝ զննում եմ տուն բերված թերթիկը։ Վերեւում գրված է՝ «Հատուկ կապ»։ «Հարգելի» բառի դիմաց անուն-ազգանունս է՝ ձեռագրով։ Հայտնում են, որ ես՝ Տիգրան Պասկեւիչյանս, ունեմ «առաքանի»։ Առաքանի՞… Բառը շինծու է թվում՝ ոչինչ։ Կարեւորը պետավտոտեսչության նամակը ժամանակին ստանալն ու տուգանքը ժամանակին մուծելն է, որ էգուց-մյուս օրը հանկարծ չեռապատկվի։ 

«Առաքանին ստանալու համար խնդրում ենք այցելել Ձեզ սպասարկող «Հատուկ կապ» ՓԲԸ սպասարկման կենտրոն»։ Հասցե չկա, փոխարենը ձեռագրով գրված է անուն եւ հեռախոսի համար։ 

Նշված համարով զանգում եմ։ Անունը պատասխանում է. «Հա, էդ թուղթը ես եմ բերել, բայց ես հիմա ըտեղ չեմ աշխատում, զանգի էսինչ համարով, էնինչին»։ 

Զանգում եմ էդինչ համարով, էնինչը պատասխանում է. «Նամակը մոտս ա, եկեք պայմանավորվենք, տամ»։ (Գործողությունը պետք է կատարվի ոտքի վրա, փողոցում, ոչ թե ինքը պիտի գա, այլ ես պետք է գնամ։) 

Խորհուրդ եմ տալիս հետ ուղարկել նամակը։ Ասում է՝ տուգանքը կեռապատկվի։ Ասում եմ՝ ոչինչ։ Ինձանից դժգո՞հ եք՝ հարցնում է։ Ասում եմ՝ ոչ։ Բա ինչի՞ չեք ուզում վերցնել։ Չեմ ուզում ու վերջ։ 

Պետավտոտեսչության նամակը երեւի արդեն դատարանում է, իսկ տուգանքը՝ հավանաբար, եռապատկման փուլում, բայց դա ինձ չի անհանգստացնում, որովհետեւ տուգանքը՝ եռապատկված կամ տասնապատկված էլ լինի, չեմ մուծելու։ 

Այնպես չէ, որ ես խուսափում եմ իմ կատարած (երբեմն՝ չափազանց անմեղ) զանցանանքների համար տուգանք (հիմնականում՝ չպատճառաբանված գումարի) վճարելուց։ Մեքենայիս մեջ վճարման բազմաթիվ անդորրագրեր կան։ Խնդիրն այն է, որ ես այլեւս չեմ ուզում կամովին մասնակցել ինձ տուգանելու (երբեմն՝ հարստահարելու) գործընթացին։

Եթե տուգանքի գումարն իր մեջ արդեն պարունակում է «առաքանին» տեղ հասցնելու ծախսը, այդ դեպքում ինչո՞ւ եմ ես զանգահարում առաքիչին ու կատարում լրացուցիչ ծախս՝ փոքր, աննշան, բայց չնախատեսված։ 

Եթե տուգանքի գումարն իր մեջ արդեն պարունակում է «առաքանին» տեղ հասցնելու ծախսը, այդ դեպքում ինչո՞ւ ես պետք է պայմանավորվեմ ու հանդիպեմ առաքիչին՝ վատնելով իմ թանկ ժամանակը։ Որ տուգանող (երբեմն`հարստահարիչ) մեքենան վստահ ու համոզվա՞ծ լինի։ 

Այս բողոքը մի քանի անգամ հայտնել եմ նաեւ «Հայփոստի» բաժանմունքում։ Ասում եմ՝ նամակը որ բերում եք, ինչո՞ւ չեք հանձնում ընտանիքիս անդամներին։ Ասում են՝ կարգն է էդպես։Կարգ է, որ ես անձա՞մբ պիտի գամ իմ տուգանքի հետեւից։ Փոստի աշխատողը բարեկամաբար խորհուրդ է տալիս գնալ նոտարի մոտ եւ վստահագիր տալ ընտանիքի անդամներին։ Հասկացա՞ք… 

Եթե ընտանիքի անդամներին «առաքանի» չտալը կարգ է, ուրեմն առաքիչը պետք է գնա ու գա մի քանի անգամ, հերթապահի, որպեսզի քաղաքացուն հանդիպի այն ժամերին, երբ նա տանն է։ Ժամերն էլ, ի դեպ, կռահել դժվար չէ։ Աշխատող մարդը տանն է առավոտ կանուխ կամ երեկոյան։ 

Հոդվածի սկզբում ոչ պատահաբար գրեցի, որ «առաքանիի» հիշեցումը տեսել եմ գործուղումից վերադառնալուց հետո։ Հիմա, ի՞նչ անի խեղճ առաքիչը։ Հո չի՞ կարող երեք-չորս օր անընդհատ գնալ ու գալ, հերթապահել, որ հանդիպի։ Սրա լուծումը կա եւ ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառվում է։ Ամեն տուն, ամեն հասցե ունի փակ փոստարկղ, որի մեջ բերում ու գցում են նամակները՝ լինի սիրային, լինի տուգանային։ 

Պետական այն մարմինները, որոնք ջանում են ամեն կերպ տուգանել քաղաքացիներին, նույն քաղաքացիների տուգանքների հաշվին թող վերականգնեն փոստարկղերը, որպեսզի քաղաքացու եւ տուգանքի հանդիպումը լրացուցիչ ջանք, ծախս ու ժամանակ չպահանջի։ Դժվար չէ։ Անշուշտ դժվար չէ։ Դժվարը մարդուն մարդու տեղ դնելն է։ 

Վերջում ուզում եմ հավաստիացնել պետական մարմիններին, որ այս եւ հետագա տուգանքները չեմ մուծելու, եթե դրանք չհանձնվեն ինձ տանը։ Թող մուծեն այն ՓԲԸ-ները, ԲԲԸ-ներն ու մյուս ընկերությունները, ովքեր փոստային հաստատությունները վերածել են «Եղջյուրներ եւ սմբակներ» գրասենյակի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter