
Հայաստանյան բանկերի շահույթներն ու վնասները 2013թ.
Հայաստանյան 21 առևտրային բանկերը 2013թ. ձևավորել են 42.7 մլրդ դրամ զուտ շահույթ (շահույթի մնացորդը հարկումից հետո)՝ նախորդ տարվա 36 մլրդ դրամի համեմատ: Ըստ բանկերի հրապարակած միջանկյալ հաշվետվությունների՝ 21 բանկերից երկուսը տարին փակել են վնասով, 19-ը՝ շահույթով:
Վնասով աշխատող բանկերն են՝ «Անելիք բանկը» (վնասը՝ 1,4 մլրդ դրամ), «Բիբլոս բանկը» (վնասը՝ մոտ 350 մլն դրամ): Նշենք, որ այս բանկերից միայն «Անելիք բանկն» է անցյալ տարի աշխատել վնասով: Բացի այդ՝ «ԲՏԱ բանկը» թեև տարին փակել է շահույթով, չորրորդ եռամսյակում ունեցել է վնաս:
2012թ. արդյունքներով` վնասով փակած 2 բանկ կարողացել է 2013թ. շտկել իրավիճակը: Առաջին հերթին դա վերաբերում է «Հայբիզնեսբանկին», որն անցյալ տարվա 1.2 մլրդ դրամ վնասի փոխարեն այս տարի ցույց է տվել 2.5 մլրդ դրամ շահույթ: Ի դեպ՝ սա բանկային համակարգում շահութաբերության ամենաբարձր աճն է: Իրավիճակը շտկել է նաև «Պրոկրեդիտբանկը», թեև բանկի այս տարվա շահույթն աննշան է:
Ամենամեծ շահույթ ցույց է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»՝ 8 մլրդ դրամ: Նրան հետևում են «Արդշինինվեստբանկն» (6,5 մլրդ դրամ) ու «Ամերիաբանկը»(6,1 մլրդ դրամ):
Նշենք, որ բանկերից 11-ն ունեցել են շահույթների աճ, 10-ը՝ նվազում: Սա որոշ չափով վկայում է բանկային համակարգում կենտրոնացվածության աստիճանի աճի մասին: Բանկերի եկամուտները հիմնականում ձևավորվում են տոկոսային եկամուտներից, փոքր չափերով՝ կոմիսիոն վճարներից: Զգալի դերակատարում ունեն գործառնական եկամուտները (առևտրային գործունեություն, շահաբաժիններ): Բանկերի ծախսերից առաջին տեղում ավանդների դիմաց տրվող տոկոսներն են, երկրորդ տեղում՝վարչական ծախսերը: Բանկերի վարչական ծախսերը հիմնականում 3-6 մլրդ դրամի սահմաներում են:
Աղյուսակ. Առևտրային բանկերի շահույթները (վնասները) 2012-13 թ.թ.. Մլրդ դրամ
Առևտրային բանկեր |
2012 թ. |
2013 թ. |
«ԱկբաԿրեդիտագրիկոլբանկ» |
4.1 |
5.1 |
«Ամերիաբանկ» |
6 |
6.1 |
«Անելիքբանկ» |
(1,4) |
(1.4) |
«Առեքսիմբանկ» |
1.1 |
0.5 |
«Արարատբանկ» |
3.3 |
3 |
«Արդշինինվեստբանկ» |
4.2 |
6.5 |
«Արմսվիսբանկ» |
1.6 |
1.7 |
«Արցախբանկ» |
1.7 |
1.0 |
«Բիբլոսբանկ» |
0.2 |
(0,35) |
«ԲՏԱ բանկ» |
0.16 |
0.11 |
«Զարգացման հայկական բանկ» |
0.8 |
1.0 |
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» |
7,5 |
8 |
«Ինեկոբանկ» |
3.6 |
4.9 |
«Կոնվերս բանկ» |
0,3 |
0,8 |
«Հայբիզնեսբանկ» |
(1,2) |
2,5 |
«Հայէկոնոմբանկ» |
0.3 |
0.7 |
«Մելլաթբանկ» |
0,6 |
0,3 |
«Յունիբանկ» |
1.6 |
1.2 |
«Պրոկրեդիտբանկ» |
(0,3) |
0,02 |
«Պրոմեթեյ բանկ» |
1,5 |
1,4 |
«ՎՏԲ Հայաստան բանկ» |
3,8 |
4,9 |
Հ.Գ. «Ինեկոբանկ»-ի տվյալներում տեղ էր գտել անճշտություն, որն արդեն ուղղված է: Հայցում ենք բանկի և ընթերցողների ներողամտությունը:
Մեկնաբանել