HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատապ խորհրդակցություն` սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանի  մոտ տեղի է ունեցել  հրատապ խորհրդակցություն  հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ  փոփոխությունների վերաբերյալ։ 

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով, մարտի 31-ից  սպասվում  է ջերմաստիճանի անկում՝  գիշերը կդիտվի  օդում  մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։ Մեծ է  ցրտահարման վտանգը  հանրապետության ցածրադիր գոտում  ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և խաղողի  չթաղված վազերի համար։

Բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով  նախարարը հանձնարարել է փոխնախարարներին, նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներին ապահովել՝

  • Սպասվող վտանգի մասին SMS հաղորդագրությունների ուղարկումը երեք կապուղիներով։
  • Համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության օպերատիվ մատուցումը  վտանգի ենթակա տարածաշրջանների բնակիչներին զանգվածային լրատվության  բոլոր միջոցներով։
  • Հեռուստատեսային համապատասխան տեղեկատվության տարածումը փոխնախարարների մակարդակով։
  • Կազմել մարտի 30-ից փոխնախարարների և նախարարության մյուս պատասխանատուների  գլխավորությամբ  խորհրդատվական խմբերի մարզային  և համայնքային այցելությունների  գրաֆիկ և խստորեն  ապահովել  վերջինիս  կատարումը։ Այցելություններին ընդգրկել նաև  ԳԱՄԿ-երի և մարզպետարանների պատասխանատուներին։ Այցելությունների մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին։

ԳԱՄԿ-երի տնօրեններին հանձնարարվել է մարտի 28-ից եղանակային սպասվող  փոփոխությունների և համապատասխան խորհրդատվության համար օգտագործել  մարզային հեռուստատեսությունների և  ռադիոյի հնարավորությունները։

Հանձնարարվել է  նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանին մարտի 28-ին, ժամը՝ 12:00-ին  «Հայացք» մամուլի ակումբում   հանդես  գալ մամուլի  ասուլիսով  և հանգամանորեն ներկայացնել  իրավիճակն  ու հանձնարարվող խորհրդատվությունը։

Մարտի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզպետարաններում կհանդիպի այդ մարզերի բոլոր համայնքապետերին, տեղում կծանոթանա սպասվող վտանգը դիմագրավելու հնարավորություններին, կտա  համապատասխան հանձնարարականներ ու խորհուրդներ։

Նույն օրը նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը  Վայոց Ձորի և  Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի  մարզպետարաններում  կհանդիպեն տվյալ մարզերի համայնքապետերի հետ։

Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև հոնենին:

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝  այգիների հարակից ճանապարհների  վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ  ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:

Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:

Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:

«Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն  նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները»,- հայտնում է ՀՀ ԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter