HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում կա մեկ քաղաքապետ և երկու քաղաքապետարան

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի նախաձեռնությամբ այսօր հանդիպում էր կազմակերպվել Գյումրու քաղաքապետարանում՝  ավագանու անդամների, համատիրությունների նախագահների եւ քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկվեցին տարբեր հարցեր, այդ թվում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն պատկանող թիվ 22 երթուղու լուծարման հարցը:

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետը նշեց, որ որոշման հիմք է հանդիսացել «Սրընթաց ուղիներ» ՓԲԸ-ի կողմից կառավարության թիվ 762 որոշմամբ հաստատված կարգի խախտումները՝ մրցույթով անցած մեքենաների քանակը ներկայում 50 տոկոսով պակաս է պահանջվածից: Պարզվեց ոստիկանապետը տեղյակ է խնդրից, քանի որ գրություն է ստացել քաղաքապետարանից:

«Համ ուսումնասիրել եմ, համ տեղյակ եմ խնդրից, քաղաքապետի հետ էլ հարցը քննարկել ենք եւ ասեմ, որ գծերը, աշխատանքները սպասարկող ոլորտները, որոնք չեն համապատասխանում օրենքին, կառավարության որոշումներին, ազգաբնակչության պահանջներին եւ ՏԻՄ  որոշումներին, մենք պատրաստ ենք մեր գործառույթների սահմաններում խնդիրները լուծել»,-հայտարարեց Վարդան Նադարյանը:

Ի դեպ, անցած տարի քաղաքապետի հրամանով դադարեցվեց Ղուկասյանների ընտանիքին պատկանող թիվ 20 երթուղու գործունեությունը: Թիվ 22 եւ 20 երթուղիների համար կհայտարարվի նոր մրցույթ, նոր գծատերերը կգործեն հարկային դաշտում: Նախկին քաղաքապետի օրոք նրա որդուն պատկանող երթուղիները համայնքային բյուջե վճարումներ չէին կատարում:

Համատիրություններից մեկի ղեկավարի համար էլ, ինչպես պարզվեց, անհանգստացնող երեւույթ է քաղաքում երկրորդ քաղաքապետարանի առկայությունը: Սամվել Բալասանյանի ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանը դատարանի հին շենքում ի՛ր քաղաքապետարանն էր ստեղծել՝ համապատասխան բաժիններով, իսկ շենքի ճակատին փակցրել «Գյումրու քաղաքապետարան ՍՊԸ» ցուցանակը:

Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը նկատեց, որ հավանաբար միայն Գյումրիում կարելի հանդիպել նման երեւույթի՝ մեկ քաղաքապետ, բայց 2 քաղաքապետարան: «Երբ Արվեստների ակադեմիայում էր հանդիպում կազմակերպվել, ինձ դիմեց տիկին Սիրանույշ Ղուկասյանը, արվեստի վաստակավոր գործիչ եւ հարցրեց, թե յուրաքանչյուր քաղաք քանի՞ քաղաքապետ կարող է ունենալ, ես պատասխանեցի՝ մեկ, իսկ քաղաքապետարա՞ն, հարցրեց տիկին Ղուկասյանը, ես ասի, դե դուք գյումրեցիներով էն աստիճան եք տարբերվում, էն մշակույթի կենտրոնն եք, որ ունենալով մեկ քաղաքապետ՝ ունեք երկու քաղաքապետարան»,-նկատեց ոստիկանապետը:

Վարդան Նադարյանը հայտարարեց, որ դա առնվազն կարող է լինել տկարամտության նշան: Երեւույթը քրեորեն պատժելի արարք չէ, քանի որ նույն հաջողությամբ նախկին քաղաքապետը կարող է իր ստեղծած ՍՊԸ-ն կոչել Մայքլ Ջեքսոնի անունով կամ «Մագնոլիա»: Ըստ ոստիկանապետի նման վարքագիծը հոգեկան խնդիրներ ունեցող անձի տարօրինակ մտածողության արդյունք է:

«Կա քարերը նետելու եւ հավաքելու ժամանակը»,-խոսքն եզրափակեց Վարդան Նադարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter