
Երազելը դարձել է մեր բրենդը
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Մեր կյանքի մոտ մեկ երրորդ մասն անցնում է քնի մեջ: Գիտնական Ֆրոյդն ասում է, որ երազներ տեսնելով` այս կամ այն կերպ իրականացնում ենք մեր չիրականացրած ցանկությունները: Եթե պատկերացնենք, որ ազգը, պետությունը յուրահատուկ կենդանի օրգանիզմ է, ապա ստացվում է`1 դարում ազգ-պետությունը մոտ 30 տարի «քնի» վիճակում է լինում: Հետաքրքիր է՝ ի՞նչ երազներ է տեսնում հայ ազգը, ի՞նչ է երազում և ինչպե՞ս է փորձում իրականացնել իր չիրականացրած երազանքները կամ փորձում է արդյո՞ք առհասարակ…
Կա՞ մի օրենք, որ արգելի մարդուն երազ տեսնել…
Խցում 5 հոգով էինք, մեկը՝ փոքրակազմ, նիհարավուն 19 տարեկան, մյուս երեքը, խոսքները մեկ արած, անընդհատ ճնշում էին տղային. արգելում էին խոսել այս կամ այն հարցի շուրջ, նստել կամ կանգնել, անգամ հանգիստ քնել: Քանի դեռ բանը ֆիզիկական ճնշումների չէր հասել, որոշեցի համբերատար սպասել և հետևել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Մի օր այս դատապարտյալը հազիվ կարողացել էր խորը քուն մտնել, երբ սկսեց բարձր հայհոյել իրեն նեղացնողներին: Լսելով իրենց անունները` հայհոյանքի հասցեատետերը քաշքշեցին քնած երիտասարդին: Միջամտեցի.
-Մարդուն երազներ տեսնելու համար չեն ծեծում: Կա՞ մի օրենք, որ արգելի մարդուն երազ տեսնել…
Սա լսելով՝ մյուսները որոշեցին առայժմ ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, մինչև հեղինակություն ունեցողներից պարզեն՝ ճիշտ մոտեցումը ո՞րն է նման պարագայում: Հեղինակավորներն, իհարկե, մի լավ ծիծաղեցին, իսկ պատասխանը միանշանակ չէր, սակայն ավելի շատ կարելի էր դիտարկել հօգուտ երազկոտ երիտասարդի: Դրանից հետո նա հանգիստ շարունակում էր իր չիրականացած ցանկությունը իրականացնել երազներում:
Երազներով ապրողներս
Մեր երկրում անարդարությունների ծանր բեռի տակ ապրող հայ մարդն ամեն օր պառկում է քնելու, և ո՞վ գիտի, թե ինչ երազներ է տեսնում ու քնի մեջ ո՞ւմ է հայհոյում իբրև մխիթարանք, ո՞ւմ է մեղադրում իր չարքաշ կյանքի համար, որտեղ օրենքը թույլին ճնշած պահելու գործիք է, իսկ ուժեղի համար փրկօղակ:
Դարերով մեզ սնել են Մասիսի, ծովից ծով Հայաստանի, ուժեղ պետության, միասնության երազով: Ու դարերով մենք նույն երազներն ենք տեսնում քնած, թե արթուն: Երազում տարածքներ ենք գրավում, միակամ լինում, իսկ իրականում այդ երազները նպատակներ չեն դառնում: Երազներով ապրելու հետևանքն այն է, որ ժողովրդը դարձել է հեզ ու խոնարհ՝ օրորոցից մեզ սնուցած բռնության ենթարկվածի, տեղահանվածի հոգեբանությամբ: Այնքան շատ ենք կիսաքուն-կիսաարթուն մնացել, որ դժվարանում ենք հստակ տարբերել՝ երազն ու իրականությունը: Մենք իրականության մեջ էլ ենք երազում, երազում ենք անընդհատ: Երազելը դարձել է մեր բրենդը: Եթե հայ ենք, ուրեմն պիտի երազկոտ հայացք ունենանք:
Հային քնից արթնանալ, լվացվել է պետք, մարզվել, վազել, մկանները կոփել է պետք: Իսկ քնի մեջ տեսած երազները նպատակ դարձնել է պետք:
Աշխարհում ոչ մի օրենք չի արգելում և չի էլ կարող արգելել մարդուն երազ տեսնել: Չկա նաև ոչ մի օրենք, որ արգելի մարդուն իր երազները պատմել, մենք էլ անընդհատ պատմում ենք ամբողջ աշխարհին մեր դարավոր երազների մասին:
Մեր քաղաքակրթության պատմության մեկ երրորդը քնի մեջ է անցել, և ամբողջ մոլորակում մարդիկ շարունակում են երազներ տեսնել:
Բայց զորեղ է այն պետությունը, որտեղ հասարակությունը երազանքները նպատակներ է դարձնում, գլուխը բարձր քայլում դեպի նպատակակետ՝ իրականություն դարձնելով երազած նպատակները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել