
Լոռու մարզի դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Էմմա Պետրոսյան
Շամուտի հիմնական դպրոցի աշակերտների կարգապահությունը հենց դպրոցի շեմից է սկսվում. այստեղ ոչ մի աշակերտ կեղտոտ կոշիկներով առաջ չի գնում, որպեսզի դպրոցի հատակը մաքուր մնա: Դպրոցում նրանք առանձին կոշիկներ ունեն, որոնք հագնելուց հետո նոր ներս են մտնում: Մուտքի մոտ շարված կոշիկների թիվը, սակայն, գնալով նվազում է: «15 տարի առաջ, երբ դպրոց եմ ընդունվել` 1999 թվին, դպրոցում 56 աշակերտ ա եղել, էսօր 25 աշակերտ ունենք»,- ասում է Շամուտի հիմնական դպրոցի տնօրեն Էդուարդ Ղազարյանը: Սրանից 5-6 տարի առաջ դպրոցն ունեցել է 48 աշակերտ: Իսկ ահա դրանից հետո աշակերտների թվի կտրուկ նվազում է գրանցվել. հիմնական այս դպրոցում այժմ ընդամենը 4 միավոր դասարան կա, որից 3-ը երկկոմպլեկտ են:
Աշակերտների թվի պակասը դպրոցի տնօրենը կապում է գյուղում երիտասարդ ընտանիքների սակավության հետ, ասում է` գյուղում հազիվ 15 երիտասարդ ընտանիք լինի. «Այս պահին դպրոց ընդունվող աշակերտները հիմնականում այն սերնդի երեխեքն են, որ էլի քիչ են եղել: Իսկ ուրիշներն էլ` տղա կամ աղջիկ, ամուսնանում են ուրիշ տեղ, տեղափոխվում են գյուղից, արդեն ստացվում է այնպես, որ այդ հասակի այդ սերունդը շատ քիչ է գյուղում: Դե, բնականաբար, երեխաների թվաքանակն էլ հենց դրա հետ է կապված»: Շամուտի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Սահակյանն էլ ասում է, որ ժամանակին 15-16 աշակերտներից բաղկացած դասարաններում է դասավանդել: Այժմ նրա դասավանդած դասարաններում 2-3 աշակերտ կա, նրանց միջև մրցակցությունն չկա: «Հանրապետության պայմաններն են ստիպում, ժողովուրդը թողնում է, գնում, մի մասը` քաղաք, մեծ մասը` Ռուսաստան, և երևի թե քաղաքների դպրոցներում էլի բավականին քիչ են աշակերտները ինձ թվում է: Ձգտում երեխեքի մեջ չի լինում, որ մեկը մյուսին նայի, լավ սովորի: Մրցակցությունը, ինձ թվում է, պետք է. բարձր դասարաններում դա խթանում է գիտելիքներին, երեխեքին ստիպում, որ ձգտեն ավելիին: Եթե կողքից տեսնում են` մեկը լավ է սովորում, եթե ոչ 10 երեխան, գոնե 2-3-ը ասում են` ինչու մենք նրանց նման լավը չլինենք: Ու այդպես դասարանն ավելի առաջադեմ է դառնում, իսկ 2 երեխայի դեպքում դա չկա»:
Մասնագետների պակաս դպրոցը չունի: Ուսուցիչներն էլ համապատասխան վերապատրաստումներ են անցնում, չնայած երկկոմպլեկտ դասարանների հետ աշխատելիս ուսուցիչները նաև դժվարություններ են ունենում, քանի որ ստիպված են լինում 45 րոպեանոց մեկ դասաժամը 2 տարբեր դասարանների միջև բաշխել: Դպրոցում գույքի խնդիր էլ չկա, տնօրենը կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ աշակերտ-համակարգիչ հարաբերակցությամբ իրենց դպրոցը հանրապետությունում առաջին տեղը կգրավեր` 25 աշակերտի համար Շամուտի հիմնական դպրոցը 8 համակարգիչ ունի: Դպրոցի տարեկան բյուջեն մոտ 20 մլն դրամ է, ու թեև այդ գումարի մեծ մասը` մոտ 19 մլն-ը, ծախսվում է աշխատավարձերի վրա, մնացած գումարով դպրոցը նաև իր ծախսերն է հոգում: Օրերը տաքանալուն պես դպրոցի մարզադահլիճն է վերանորոգվելու` ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվելու:
Տնօրենն արդեն գիտի նաև գալիք ուսումնական տարվա առաջին դասարանցիների թիվը: Հաջորդ տարի Շամուտի հիմնական դպրոցը 5 առաջին դասարանցի կունենա, եթե, իհարկե, այդ երեխաների ընտանիքները գյուղից չտեղափոխվեն:
Նմանատիպ վիճակ է նաև Շամուտի հարևան` Ահնիձոր և Աթան գյուղերի դպրոցներում: Հեռավոր գյուղերի կոմպլեկտավորված դասարանների օրինակը, սակայն, Լորուտի միջնակարգ դպրոցում զարմանալիորեն չի կրկնվում: Այստեղ կան բոլոր դասարանները, ամենաքիչ՝ 4 աշակերտ ունի դպրոցի 4-րդ դասարանը, իսկ ամենաշատը՝ թվով 23 աշակերտ է սովորում 11-րդ դասարանում: Դպրոցում պարտադիր դասավանդվում են բոլոր առարկաները: Դպրոցը միայն աշխարհագրության ուսուցչի կարիք ունի: Այս առարկայից բացթողումներ, սակայն, աշակերտները չեն ունենում: Մինչ նոր ուսուցիչ գտնելը աշխարհագրության դասերը կենսաթոշակի անցած ուսուցիչն է պարապում: Առաջնային խնդիրների շարքում Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանն առանձնացնում է դպրոցի տարրական օղակի մասնաշենքի տանիքի հարցը: Փլված տանիքի պատճառով այս մասնաշենքում ուսումնական գործընթացը դադարեցված է, դպրոցի տարրական, միջին և ավագ օղակները դաս անում են բարձր դասարանների համար նախատեսված մասնաշենքում: Խարխլված տանիքի պատճառով անգործության է մատնվել միջոցառումների դահլիճը: Մարզադահլիճում էլ ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են միայն սաստիկ ցրտերին: Տարվա մնացած ամիսներին աշակերտները ֆիզկուլտուրա անում են բացօթյա՝ դպրոցի մեծ ու փոքր մարզական հրապարակներում:
Դպրոցում այժմ 135 աշակերտ է սովորում, որոնցից 27-ն այստեղ են գալիս հարակից Աթան և Շամուտ գյուղերից: Աթանից այստեղ եկող 9 աշակերտների համար հատուկ միկրոավտոբուս է աշխատում, իսկ շամուտցի աշակերտները դպրոց հասնելու համար 3 կմ ճանապարհն անցնում են ոտքով: Ավագ դպրոցի կրթահամակարգի բարդություններին գումարվում է նաև մի համայնքից մյուս համայնք դպրոց հաճախելու դժվարությունը:
Մեկնաբանել