HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իրական եւ անիրական մրցակցություն համայնքային աճուրդներում

Մրցակիցը զիջեց 14 քայլից հետո 

Երեկ Արարատի մարզի Սիս համայնքում համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 2հա հողակտորի աճուրդ էր կազմակերպվել, որն անցավ գաղտնիության պայմաններում: Այս տարվա փետրվարի 20-ին Սիսի ավագանին որոշել էր մեկ լոտով վաճառել հողատարածքը՝ մեկնարկային գինը սահմանելով կադաստրային արժեքի 100%-ի չափով, իսկ աճուրդի քայլը՝ 20 հազար դրամ:

Հողն աճուրդով օտարելու մասին հայտարարություն համայնքապետարանի ցուցատախտակին չկար, իսկ տեղի բնակիչներից մի քանիսը մեր հարցմանը պատասխանեցին, թե տեղյակ չեն եղել աճուրդի մասին:

Աճուրդի մեկնարկից 30 րոպե առաջ արդեն համայնքապետարանում էինք: Համայնքապետ Արմեն Եղյանը պատրաստակամորեն ներկայացրեց գյուղի խնդիրները, կատարված աշխատանքները, սակայն աճուրդի ժամին դուրս հրավիրեց աշխատասենյակից` ասելով, որ օրենքով աճուդը գաղտնի է անցկացվում, եւ լրագրողն իրավունք չունի ներկա գտնվելու աճուրդին:

Մինչ այդ համայնքապետին խնդրեցինք տոմս վաճառել, որպեսզի ներկա գտնվեմ աճուրդին: Համայնքապետը բացեց Հողային օրենսգիրքը եւ ասաց, որ նման բան օրենքով սահմանված չէ, տոմս վաճառել չեն կարող: Համայնքապետն անտեսեց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոնց համաձայն «Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով, կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը (Հոդված 5, 3-րդ մաս): Օրենքի մեկ այլ դրույթով (հոդված 10, 4-րդ մաս) սահմանված է, որ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: 

Սիս համայնքի ավագանին 2011թ. աճուրդ անցկացնելու կանոնակարգ էր ընդունել, սակայն աճուրդին վերաբերող բոլոր փաստաթղթերը Արմեն Եղյանը գաղտնի էր պահում, այդ թվում՝ մասնակիցների եւ հաղթողի անունները:

Նշենք, որ «օրենք հարգող» համայնքապետը խախտում էր աճուրդի անցկացման կարգը: «Հողային օրենսգրքով» սահմանվում է, որ «աճուրդը սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է», մինչդեռ աճուրդի ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներն ազատ ելումուտ էին անում: Աճուրդից հետո համայնքապետը ավելի խիստ կեցվածք ընդունեց, նա պահանջեց չմիացնել ձայնագրիչը, հակառակ դեպքում չի խոսի: Աճուրդին մասնակցող անձանց եւ աճուրդը հաղթած մասնակցի անունը գաղտնի պահելը նա պատճառաբանեց, որ «իրեն այդ մասին բանավոր զգուշացրել են աճուրդի մասնակիցները»:

Այնուամենայնիվ, համայնքապետը նշեց, որ մասնակիցներից մեկը երեւանցի էր, մյուսը՝ Սիսի բնակիչ: Հաղթող է ճանաչվել իրենց համագյուղացին: Համայնքապետի խոսքերով՝ աճուրդն անցկացվել է 14 քայլով: Մեկնարկային գինը եղել է 116 հազար 401 դրամ, սակայն վաճառվել է 396 հազար 401 դրամով:

Իսկ թե ինչու են աճուրդին մասնակցության հայտերը եղել նվազագույնը՝ 2 մասնակից, համայնքապետն իր պատասխանն ուներ· «Հողն այնքան էլ եկամտաբեր չէ, եւ հնարավոր է այդ պատճառով չեն հետաքրքրվում»:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով՝ «աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույն հավելման չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից»:

Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ մուրճիկ ունե՞ն, Ա. Եղյանը դրական պատասխան տվեց, սակայն հրաժարվեց ցույց տալ` ասելով. «Գաղտնիք ա, բայց ինչի՞ պիտի ցույց տամ»: Նա «չհիշեց» նաեւ, թե անցյալ տարի քանի աճուրդ է անցկացվել գյուղում: «Շատ չի եղել, երեւի 1-2 անգամ»,- ասաց Արմեն Եղյանը:

Մինչեւ աճուրդի սկսվելը համայնքապետն ասաց, որ իրենց համար մեծ խնդիր է: գյուղ մտնող ճանապարհի 3,5 կմ անբարեկարգ հատվածը: Անբարեկարգ ու քարուքանդ ճանապարհի պատճառով Մասիս քաղաքի տաքսիները հրաժարվում են բնակիչներին Սիս տեղափոխել, պարզապես վերջիններիս չնեղացնելու համար ասում են, թե զբաղված են:

Արմեն Եղյանն ասաց, որ միակ ելքը ասֆալտապատումն է, սակայն համայնքի բյուջեի միջոցներով անհնար է այդ աշխատանքն իրականացնել: Իրենք կարողանում են միայն խճապատել: Քանի որ պատկերացնում են, թե ինչ գումարի մասին է խոսքը, նույնիսկ նախահաշիվ չեն պատվիրել: «Իզուր նախահաշվի գումար պիտի ծախսենք, մեկ է, մենք այդ գումարների տակից չենք կարող դուրս գալ»,- ասաց Ա· Եղյանը` հավաստիացնելով, որ երբ ճանապարհի վերանորոգման ծրագիր լինի, իրենք նախահաշիվ կպատվիրեն:

Գյուղն ունի մշակույթի տուն, որը 2012թ. կառուցվել է «Փրկենք երեխաներին» կազմակերպության եւ համայնքապետարանի ջանքերով: Գյուղում գործել է պարի խմբակ, սակայն այն փակվել է, քանի որ հաճախողների թիվը քիչ էր, վճարն էլ՝ փոքր, այդ իսկ պատճառով պարուսույցը հրաժարվել է պարապմունքներ անցկացնել: Թեեւ գյուղում խմբակներ չկան, բայց տոնից տոն միջոցառումներ անցկացվում են:

Գյուղը նաեւ խմելու ջրի խնդիր ունի, թեեւ ջրի պակաս չկա: Բնակիչներն օգտվում են արտեզյան հորերից, որը խմելու համար պիտանի չէ: «Ճիշտ է, այդ ջուրը որեւէ մեկին վնաս չի տվել, բայց խմելու համար պիտանի չի, տեխնիկական ջուր է, ջրի կարիք ունենք»,- նշում է Ա. Եղյանը: Համայնքապետն ասաց, որ բնակիչները ջուր ստանում են շահագործվող 23 խորքային հորերից:

Այլ է ոռոգման հարցը· Արմեն Եղյանն ասաց, որ խնդիր չունեն, սակայն դաշտերում ոռոգման ջրի ցանց չկա եւ դժվար է ջուրը տեղ հասցնել: 30 հեկտար խոտհարքները չեն կարողանում ոռոգել, անձրեւի հույսին են: «Եթե ջուր լինի, մարդիկ ոչ թե տարին 2 անգամ խոտ կհնձեն, այլ՝ 3-4 անգամ»,- նշում է համայնքապետը:

Գյուղում գործում է 30 ձկնաբուծարան, որոնք ժամանակին վճարում են իրենց հարկերը: Սիսում ջրային ֆոնդի հողերը, որոնք ձկնաբուծարաններին են հատկացվել դեռեւս խորհրդային տարիներին, կազմում են 898 հա: 370 հա-ը գյուղնշանակության հողեր են, իսկ 161 հա-ը՝ բնակավայրի հողեր:

Համայնքապետն ասում է, որ ամեն տարի սեփական եկամուտները կատարում են 100%-ով: Բյուջեն, դոտացիայի հետ միասին, կազմում է մոտ 25 մլն դրամ: Արմեն Եղյանն ասում է, որ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշը եւ աճուրդով վաճառված հողերի գումարները հնարավորություն են տվել 2011թ. վերանորոգել եւ կահավորել մանկապարտեզը, 2012-ին մշակույթի տուն են կառուցել, գյուղում 1400 մ լուսավորություն է անցկացվել: Համայնքապետարանի նոր շենք են կառուցել: Համայնքապետի խոսքերով` մինչեւ 2012-ի նոյեմբերը համայնքապետարանը 20 տարի գործել է համագյուղացիներից մեկի չգործող խանութում, սակայն սեփական միջոցներից 9 մլն դրամ է հատկացրել եւ կիսակառույց շենքն ավարտին հասցրել:

Աճուրդ՝ մեկ մասնակցով 

Մարտի 20-ին Այնթապ գյուղում շարժական գույքի աճուրդ անցկացվեց: Ավագանին 2013թ. դեկտեմբերի 11-ին որոշել էր վաճառել անսարք, առանց անիվ ու նստատեղերի «Գազ 53Բ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը գնելու հայտ էր ներկայացրել ընդամենը մեկ մարդ: Մեկնարկային գին էր սահմանվել 120 հազար դրամ, եւ միակ հայտատուն՝ Ներսես Մանուկյանը, մեկնարկային գնով ձեռք բերեց ավտոմեքենան:

Ներսեսը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բեռնատար ավտոմեքենա ունի եւ աճուրդին մասնակցել է ավտոմեքենան որպես «զապչաստ» ձեռքբերելու համար: «Այդ մեքենան, կոպիտ ասած, ուտիլ է, ի՞նչ արժեք պիտի ունենա: Լրիվ զիբիլ ա, սաղ ջարդած ա»,- ասում էր Ներսես Մանուկյանը:

Այստեղ էլ հայտարարություն փակցված չէր, եւ դրանով հետաքրքրվելուց հետո Այնթապի համայնքապետարանի աշխատակիցը աղբամանից «գտավ» պատառոտված հայտարարության տեքստը: Ըստ նրա՝ հայտարարության տեքստը եղել է տառակետադրական սխալներով, այդ իսկ պատճառով պատռել, գցել է:

Նշենք, որ Այնթապում աճուրդը կազմակերպվում էր տնավարի: Համայնքապետ Կարեն Սարգսյանի մարտի 3-ի կարգադրությամբ աճուրդի կազմակերպիչ էր նշանակվել համայնքապետարանի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Բեժանյանը: Վերջինս ե՛ւ աճուրդավարն էր, ե՛ւ արձանագրողը: Աճուրդավարը «Գազ 53Բ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի աճուրդը համարեց կայացած, չնայած նրան, որ օրենքով նախատեսված նվազագույն երկու մասնակիցն ապահովված չէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter