Վ. Օսկանյան. «Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին»
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, գնահատելով այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով Ղրիմում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական, ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին»:
Այնուհետեւ բացատրել է, թե ինչու. «Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը: Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը: Մյուս կողմից` մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետև ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ համաձայնեցված լուծման հասնելու համար: Այս երկուսի համադրումը, բնականաբար, հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը:
Բացի այդ, Հայաստանը պետք է կանխատեսեր, որ կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար և միջազգայնորեն մեկուսացած երկրներ են: Որպես քվեարկության ուղենիշ սա, թերևս, ավելի կարևոր էր, որովհետև վերջիվերջո սա է հիշվելու և ոչ թե մեր սկզբունքայնությունը կամ ոչ սկզբունքայնությունը: Ես համոզված եմ, որ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել