HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Գյուղապետի գործարքն ինքն իր հետ. համայնքային բյուջեի 60 միլիոն դրամով նա գնել է իր շինությունը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքը 2013-ին ավելացրել է սեփական եկամուտները` մոտ 70 մլն դրամ, որը մի քանի անգամ ավելին է նույն հնարավորություններն ու բնակչության ավելի մեծ թիվ ունեցող այլ համայնքների բյուջեներից: Գյուղի ամենախոշոր հարկատուները համայնքապետ Ֆռոնտիկ Թևոսյանն ու նրա որդիներն են: Այս մասին ասաց ինքը` համայնքապետը: «Ես չորս տղա ունեմ, իրենք հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում` անասնապահություն, այգեգործություն, նաև գազալցակայան ունենք, սառնարանային տնտեսություն, որտեղ և մեր խնձորն ենք պահում, և գյուղացիներինը»,- ասաց Ֆ. Թևոսյանը: Համայնքի երկրորդ խոշոր հարկատուն, համայնքապետի խոսքով, «Լուսակերտի Հարություն» թռչնաբուծական ֆաբրիկան է:

Նոր Գեղիում, անցած տարվա տվյալներով, միայն 14 մլն դրամի գույքահարկ է հավաքագրվել շենք-շինություններից: «Այս տարածքում շատ հիմնարկներ կան,- ասում է համայնքապետն ու շեշտում, որ բոլոր ընկերությունները հարկվում են, անգամ` կիսատ-պռատ աշխատողները, օրինակ՝ թանկարժեք քարերի մշակությամբ զբաղվող «Լորի» ՍՊԸ-ն:

Կոտայքի մարզի Նոր Գեղիի համայնքային բյուջեն աճի միտումներ ունի. գյուղը մարզում ամենամեծ թվով աճուրդներ իրականացրած համայնքների շարքում առաջիններից է: Մարտի 25-ին համայնքում հերթական աճուրդն էր նշանակված, վաճառվեց գյուղատնտեսական նշանակության վարելահող: Աճուրդ-վաճառքին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու հոգի: Նրանցից մեկն այդ վարելահողը տարիների շարունակ վարձակալած անձն էր, մյուսը՝ նրա հարևանը: Վերջինս «պարտվեց», քանի որ նախնական պայմանավորվածությամբ` այն պետք է սեփականացներ հողը մշակողը: Աճուրդն ավարտվեց մեկ քայլով, հողը վաճառվեց գրեթե մեկնարկային արժեքով:

Համայնքի ղեկավար Ֆռոնտիկ Թևոսյանն ասաց, որ իրենք ապահովել են աճուրդի հրապարակայնությունը, սակայն լինում են դեպքեր, երբ հայտ ներկայացնողին «մարդկայնորեն» խնդրում են  հրաժարվել մասնակցությունից: «Օրինակ`էս մարդն էսքան տարի էս հողը մշակել է, ցանկալի է, որ ուրիշը չմասնակցեր, բայց օրենքով սահմանված կարգով տեղեկացնում ենք»,- անկեղծացավ համայնքապետը:

Անցյալ տարի համայնքային նշանակության գյուղատնտեսական հողերի վաճառքից մոտ 60 մլն դրամ է մուտք եղել Նոր Գեղի համայնքի բյուջե: Վաճառվել է 47 հա հողատարածք, որտեղ պետք է կառուցվի ջերմոց: «Էդ ներդրողները պտտվել էին ամբողջ Հայաստանով մեկ, եկան, էս տարածքները ցույց տվեցի: Որոշեցին, որ էս տարածքում ավելի հարմար է ջերմոցային տնտեսություն ստեղծել, կարելի է ասել՝ մեր բախտը բերեց` և́ հողերն առան, և́ աշխատատեղեր կլինեն: Վատն այն է, որ Ուկրաինայի պատմությունը եղավ, աշխատանքները սառեցրին»,- ասաց համայնքապետը:

Ֆռոնտիկ Թևոսյան

Համայնքային հողերի վաճառքից գոյացած 60 մլն դրամով համայնքապետը գնել է իրեն պատկանող շենքը: Այդ շինությունը խորհրդային տարիներին գյուղի մանկապարտեզն է եղել. Ֆռոնտիկ Թևոսյանը ժամանակին այն մասնավորեցրել է, որոշ ժամանակ հետո մասնավոր քոլեջ է հիմնել այնտեղ:  Սակայն ասում է` քոլեջն իրեն չարդարացրեց, քանի որ գյուղացիները վճարունակ չեն, նախընտրում են սովորել անվճար հանրակրթական դպրոցում, և հնարավոր չէր աշխատակազմին վարձատրել: Համայնքապետը որոշել է հրաժարվել չհաջողված բիզնեսից, ուստի այս տարի առաջին դասարան չեն ընդունել, բայց քոլեջը դեռևս շարունակելու է գործել՝ մինչև 160 աշակերտների ավարտելը: Սակայն, համայնքային հողերը վաճառելուց հետո Ֆ. Թևոսյանը նպատակահարմար է համարել այդ շենքը կրկին վերածել համայնքային  մանկապարտեզի և ինքն իրենից գնել է այն:

Նշենք, որ գյուղում այժմ երեք մանկապարտեզ կա: «Նախկինում՝ սովետի ժամանակ էլ, մեզ մոտ երեք հատ մանկապարտեզ է եղել: Դե հիմա 6500 բնակիչ կա, գյուղում ծնելիությունը բարձր է՝ անցած տարի 110 երեխա է ծնվել»,- իր գործարքը հիմնավորում է համայնքապետը: Նրա խոսքով` շինությունն ավելի թանկ արժեր՝ 80-100 մլն դրամ (հայտնի չէ` արդյոք գնահատում կատարվել է, և ով է գնահատել այն-Մ.Մ.), սակայն ինքն իրենից գնել է 60 մլն դրամով:

Համայնքում գործող մյուս երեք մանկապարտեզներից մեկը գտնվում է նշված շենքից ոչ հեռու, այնտեղ հաճախում է 130 երեխա, իսկ մյուսը գյուղամիջից հեռու է` Բանավան թաղամասում և վերանորոգման կարիք ունի: Այնտեղ հաճախում է 32 երեխա: Համայնքապետարանի քարտուղարը տեղեկացրեց, որ դրա վերանորոգումը նախատեսված է համայնքի քառամյա ծրագրով, սակայն նաև դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությունն են ակնկալում: Գնված քոլեջի շենքի միայն մի հատվածն է այժմ օգտագործվում որպես մանկապարտեզ` 35 երեխայի համար: Մյուս հատվածում դեռևս գործում է համայնքապետին պատկանող մասնավոր քոլեջը:

Մեկնաբանություններ (1)

Սամվել 2019-01-25T08:29:44+04:00
ա՜յ,թալան եմ ասել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։