HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպաններն ահազանգում են. Սեւանա լճի ճահճանալով կորցնում ենք ողջ Գեղարքունիքի մարզը

Արփինե Մինասյան

Հայաստանի բնապահպաններն ահազանգում են, որ խախտվում են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ: Հիշյալ օրենքի առաջին խախտումը Սեւան թափվող գետերի վրա կառուցված հէկերն են, որոնցով խախտվում է օրենքի 10-րդ հոդվածը: Տնտեսական գործունեությունն ազդում է լճի էկոհամակարգի վրա, թույլ չի տալիս, որպեսզի ձկան պաշարները բնական ճանապարհով բարձրանան գետերի ակունքներ, ձվադրեն: «Հիմա էլ նոր ոտնձգություն, ցանկանում են 74 ձկնաբուծարաններ ստեղծել լճի ջրավազանի մեջ, դրանցում աճեցնեն 50 հազար տոննա ձուկ, 50 հազար տոննա ազոտական, ֆոսֆորական կերեր լցնեն ջուրը, որը դարձյալ լճի ճահճացման վտանգ է առաջացնում»,- մարտի 17-ին «Էկոլուր» մամուլի ակումբում հայտարարել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադեւոսյանը:

Կառավարությունը 2013թ. դեկտեմբերի 19-ին որոշել է «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ttp://gov.am/am/news/item/10919/ ներկայացնել բնապահպանական եւ տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Կառավարությունը 2014թ. հունվարի 30-ին հավանության է արժանացրել նաեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2019թ.-ի հունվարի 1-ը Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից:

Մարտի 17-ին մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ ստորագրել են Սեւանա լճի խնդրի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը` հույս հայտնելով, որ հանրապետության ղեկավարը թույլ չի տա, որպեսզի սերունդների ազգային հարստությունը ոչնչացվի, ազգային պաշարներն աղտոտվեն: «Այդ 70 ձկնաբուծարանների ձկների ընդամենը 1,5%-ը պիտի լցվի լիճ, մնացածը բիզնես ծրագրի համար են: Պիտի փայտյա ձուկ վաճառեն, որն ուտելու բան չէ: Մարդիկ ասում են, որ շան առաջ նետում ես, չի ուտում: Դա ո՞ւմ է հարկավոր, 37 մլն խմ ջրի մեջ առանց մի լումա ներդնելու բիզնես ծրագիր են անո՞ւմ, ինչը դարձյալ հակասում է 10-րդ հոդվածին»,- «Էկոլուր» մամուլի սրահում նշել է Գագիկ Թադեւոսյանը` հավելելով, որ Սեւանա լճում ձկնաբուծությունը պիտի զարգանա միայն բնական ճանապարհով, օրենքը եւս դա է նախատեսում: 

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ լիճը խիստ անհավասարակշիռ վիճակում է: Լճի հիմնական ցուցանիշներից մեկը` թափանցելիությունը բարձրացել է եւ հասել սահմանագծին` 10մ-ին: Տասնյակ տարիների ընթացքում ջրի բացթողնման հետեւանքով ֆոսֆորի քանակը նվազել է, ազոտինը բարձրացել: Բարձրացել է տարբեր պատճառներով` գյուղատնտեսության, անասնապահության, կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ճնշման հետեւանքով, ինչպես նաեւ վերջին տասնամյակում ջրածածկ անտառի եւ թփուտների օրգանական նյութերի ներհոսքով: Բացի դա, Սեւանա լճի ափին ռեալ ոչ մի մաքրման կայան չի աշխատում: Մյուսը կենցաղային աղբն է»,- ասել է Մինասյանը: Ըստ նրա` լճի հատակային հատվածում ջերմաստիճանը պիտի լինի մոտավորապես 4 աստիճան: Այժմ որոշ հատվածներում ջերմաստիճանը 5 աստիճանով նվազել է:

Պիտի ջերմաստիճանի կայունություն լինի, որպեսզի լիճը կարողանա ինքնամաքրվել: Դրանից ելնելով չի կարելի այսօր կասեցնել լճի մակարդակի բարձրացումը: Պետք է շարունակել բարձրացումը անկախ նրանից, թե ջուրը ինչի համար է անհրաժեշտ: Ուզում են 70 մլն խմ ավել ջուր վերցնել, Երեւանի ջրմատակարարման համար աղբյուրներից տարեկան վերցնում են 400 մլն խմ ջուր, բնակիչներին մատակարարում են ընդամենը 70 մլն խմ-ը: Մինչեւ սարերից այդ 50կմ ջուրը հավաքվում է 330 մլն խմ ջուրը կորցնում են, փոխանակ միջացառումներ իրականացնեն այդ ջուրը չկորցնելու համար»,- հայտնել է ջրային էկոհամակարգերի մասնագետը` շեշտելով, որ ազգային անվտանգության տեսակետից պետք է ապահովել ջրի ոչ միայն նախատեսված բարձրացումը, այլ 2-3 մետր էլ ավելին: 

Նրա հավաստմամբ` Սեւանա լճում պետք է ունենալ առնվազն 20-25 տոննա ձկնային պաշար: Քանի որ լճում սնուցիչ նյութերի կոնցենտրացին բարձրացել է, կենսազանգվածի աճն ինտենսիվացել է, մեծ քանակի կենսազանգված կա, որը ձուկը չէ: «Եթե արագորեն չլուծվի այդ խնդիրը, լիճը կսկսի ճահճանալ: Իսկ լճի ճահճանալը կնշանակի կորցնել ողջ Գեղարքունիքի մարզը, եւ հավաստիացնում եմ ձեզ ծծմբաջրածնի եւ ամոնիումի հոտը մինչեւ Երեւան կհասնի: Սեւանի հանձնաժողովի անդամների այն հիմնավորումը, թե ոչինչ չի պատահի, գրաֆիկից 5-6 տարի առաջ ենք, գիտության հետ կապ չունեցող արտահայտություններ են»,- ասել է Մինասյանը` հայտնելով, որ ջրային համակարգի ինտեգրալ կառավարում չի իրականացվում: Դա ենթադրում է հաշվի առնել հիդրոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, էկոլոգիական, սոցիալ-տնտեսական, էներգետիկ ուսումնասիրությունները:

Սեւանա լճից ջրի բացթողումների չափաքանակը նախկին 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ սահմանելու կառավարության ընդունած օրինագծի ընդունումից հետո «Հետքը» զրուցել է http://hetq.am/arm/news/32274/ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ: Վերջինս նշել է, որ կառավարությունը նման որոշում ընդունելուց առաջ պետք է օդերեւութաբանական տվյալներ ունենար: «Բայց վստահաբար կարելի է ասել, որ նրանք նման բաներ չունեն: Ես նախագահական հանձնաժողովից դուրս եկա հիմնականում այն պատճառով, որ ինձ համար պարզ դարձավ` նախագահ Սերժ Սարգսյանը Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման մասին ունի իր տեսակետը, այն է` Սեւանի մակարդակը 1900մ-ից պիտի չանցնի: Իսկ գիտական ու գերատեսչական կառույցները հեշտությամբ «հիմնավորում են» այդ տեսակետը»,- ասել է Հակոբ Սանասարյանը: 

Բնապահպանները նշում են, որ Արփա-Սեւան ջրատարը համառորեն չի վերակառուցվում, Կեչուտի ջրամբարից տարեկան 250 մլն խմ եւ Որոտանից 165 մլն խմ ջուրը Սեւանա լիճ չեն լցնում: Այդ ծավալները, եթե Սեւան լցվեն լճի դրական հաշվեկշիռը կպահպանվի նույնիսկ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու պարագայում: Իսկ գետերից լիճ լցվող ջրի ծավալները լճի դրական հաշվեկշիռը չեն ապահովում:

Նախորդ տարվա հունիսի 17-ին «Անապատացման դեմ միջազգային» օրվան նվիրված ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանի հրապարակման մեջ http://www.mnp.am/?aid=1901 նշվում է, որ Միջազգային Տնտեսական ֆորումը 2013թ. գլոբալ ռիսկերի զեկույցում ներկայացրել է, որ ջրամատակարարման նվազումն ընդգրկվում է 5 ամենավտանգավոր ռիսկերի մեջ, ինչը մարդկության առաջ կկանգնի մոտակա 10 տարիների ընթացքում: «Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2025թ. մարդկության 2/3-ը կառնչվի ջրի սակավության խնդրին: Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության եւ արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը Սեւանա լճի պահպանությունն է, որի քաղցրահամ ջրերը տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրի հիմնական աղբյուրը»:      

Իրականում Գեղամա գեղեցկուհու խնդիրը, ըստ Գրիգոր Մարտիրոսյանի «Սեւան հայրենագիտական ակնարկներ» գրքի, ավելի քան մեկդարյա պատմություն ունի:  Անգամ հայ պատմիչներ Սիմոն Անեցին եւ Կիրակոս Գանձակեցին խոսել են Սեւանի ջրերը Արարատյան դաշտ բերելու մասին: Դեռեւս 1909թ Մոսկվայի համալսարանի շրջանավարտ, Էջմիածնեցի տնտեսագետ-մելիորատոր Սուքիաս Մանասերյանն առաջարկել է լճի մակարդակը իջեցնելով` կրճատել ջրային մակերեսը` գոլորշիացումը: Գոլորշիացումից խլված ջրերը նա առաջարկել է օգտագործել հատկապես Արարատյան դաշտի ավելի քան 120 հազար հեկտար հողեր ոռոգելու համար:

Սեւանի ջրերի օգտագործման հարցով 47 համագյուղացիների հետ Մանասերյանը դիմել էր Թիֆլիսում գտնվող Կովկասի ջրային տեսուչին, որը մերժել է առաջարկությունը` պատասխանելով. «Հազարավոր տարիներ Սեւանը ծփացել ու գոլորշիացել է, թող ծփա ու գոլորշիանա դարեր հետո էլ»: Մանասերյանի պահանջը մերժում է նաեւ Կովկասի փոխարքա Վորոնցովը` ասելով. «Չի կարելի սպանել բնությունը»: Մանասերյանի պահանջը մերժել էր նաեւ քաղաքային դուման` այն համարելով «բնության դեմ հանցագործություն»:

 

 

Մեկնաբանություններ (1)

Սեւան
Ըստ ընդունված հայեցակարգի, Սեւանի մակարդակը պիտի բարձրացվի եւս մի քանի մետրով, բայց այն արդեն «դեմ է առել» բազմաթիվ դաչեքին՝ անօրինական կամ կիսաօրինական կառուցված: Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ Արփա-Սեւան ջրատարի կանգնեցումն ու ջրառի ավելացումը լճից հենց աղաների կալվածքները փրկելու համար է: Միաժամանակ, թունելի տասնյակ տարիներով ձգվող ռեմոնտն էլ հարմար առիթ է ձեռքեր տաքացնելու համար: Հակառակ դեպքում, եթե իրենց խոսքերը ճիշտ են իսկ մտադրություններն արդար, ապա թող նախ անօրինական կառույցները քանդեին (չէ որ պիտի քանդվեն!) Թող նաեւ թունելի աշխատանքների անկախ աուդիտը ներկայացնեն հանրությանը: Բայց մարդ կա որ անի՜ - չե որ ներկա պահին ամբողջ երկիրն է կաշալոտների կեր դարձել ... (կետանման ձկան գիշակեր տեսակ է)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter