Տաքսի՞ նստել, թե՞ քայլել 3-4 կմ
Նունե Գրիգորյան
Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն ամեն օր քայլում են 3-4 կմ, որպեսզի հասնեն Գողթ-Գեղարդ ճանապարհների ճամփաբաժանին գտնվող ավտոբուսների կանգառ: Բնակիչները պատրաստ են 200 դրամ ավել վճարել, միայն թե Երեւան գնացող փոխադրամիջոցը հասնի գյուղի կենտրոն եւ Գեղարդ վանական համալիր:
«Ես ուսանողուհի եմ, որպեսզի ժամանակին հասնեմ կանգառ, առավոտյան կես ժամ շուտ եմ դուրս գալիս տնից, իսկ ձմռանն ուղղակի ահավոր է դառնում այդ ճանապարհը հաղթահարելը: Ես գոնե երիտասարդ եմ, բա խեղճ տարեցներն ի՞նչ անեն»,- ասում է ուսանողուհի Ռոմելա Ոսկանյանը:
Վարորդների ասելով` իրենք չեն կարող միաժամանակ ընթանալ երկու ուղղություններով, քանի որ գյուղի սկզբնամասից ճանապարհը բաժանվում է. մեկը` դեպի Գեղարդ վանական համալիր, մյուսը` դեպի գյուղի կենտրոն: Մյուս կողմից էլ` խոչընդոտ է ճանապարհների անբարեկարգ վիճակը:
Նշենք, որ Գողթ գյուղի ճանապարհը ձգվում է մոտ 15 կմ, որից 3 կմ-ը գյուղի կենտրոնը մայրուղու հետ կապող ճանապարհն է: Այս ճանապարհը վերջին 15 տարիների ընթացքում չի վերանորոգվել: Գողթի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը ներառված է գյուղի 2012-2016թթ. զարգացման քառամյա ծրագրում: «Այն արդյունքին պետք է հասնենք, որ տարվա բոլոր եղանակներին երթեւեկության համար բավարար պայմաններ ապահովենք: Հետեւաբար, այս խնդիրը եւս լուծում կստանա»,- վսահեցնում է Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանը:
Այս խնդրին անմիջական առնչվում են նաեւ զբոսաշրջիկները, Գողթ հասնելուց հետո նրանք կանգնում են երկընտրանքի առջեւ` ճանապարհը շարունակել տաքսիո՞վ, որը շատերին գուցե հասանելի չէ, թե՞, ամեն դեպքում, քայլել 3-4 կմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել