HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ 2

Էդգար Վարդանյան

 Սկիզբը

Ուկրաինայի անցումային կառավարությունը, ըստ էության, գիտակցաբար չդիմադրեց Պուտինի ղրիմյան օպերացիային։ Բանն այն է, որ վերջինիս դիմադրելու պարագայում, միեւնույն է, չկար Ղրիմը սեփական ձեռքերում պահելու եւ ոչ մի հնարավորություն։ Եթե Ուկրաինայի բանակը ուժ կիրառեր, ապա կարող էին լինել բազմաթիվ զոհեր  եւ վիրավորներ, սակայն Ղրիմը միեւնույն է կանցներ ռուսների տիրապետության տակ եւ պաշտոնական Կիեւի դեռեւս չկայացած դիրքերը կարող էին թուլանալ հատկապես այն տարածքներում, որոնցում ավելի բարձր էր անկայունության մակարդակը։ 

Պետք է նշել նաեւ, որ Ղրիմի կորուստը, որքան էլ ծանր տանեն ուկրաինացիները, ամեն դեպքում, մեղմ ասած, «աշխարհի վերջը» չէ նրանց համար։ Բացի այդ, Ղրիմի դե ֆակտո կորուստը, Ուկրաինայի նոր իշխանություններին տալիս է լրացուցիչ գործիքներ միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, այն ուժեղացնում է Արեւմուտքի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, ինչը, բնականաբար, ձեռնտու է պաշտոնական Կիեւին։ 

Այլ կլինի իրավիճակը, եթե Մոսկվան ցանկանա վերցնել ողջ Ուկրաինան եւ սկսի արդյունաբերական արեւելյան շրջանները «յուրացնելուց»։ Հարկ է նշել, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ այդ տարածքներում «Ղրմի սցենարը» դժվար թե կիրագործվի։  Նախ, պետք է նկատել, որ արեւելյան եւ հարավային շրջաններում ապրող բնակչության զգալի հատվածը սատարում էր «մայդանին»։ Հարավային եւ արեւելյան շրջանների ներկայիս իշխանությունները, ուժային կառույցները Կիեւի վերահսկողության տակ են գտնվում։ Մեծամասամբ չեզոքացված են սեպարատիստական հայտարարություններ եւ/կամ գործողություններ իրականացնող պրոռուսական ակտիվիստների խմբերի ղեկավարները եւ պաշտոնյաները։ Եվ վերջապես, պետք է նշել, որ Կիեւը բավականին առաջ է գնացել ուժային  նոր կառույցների կայացման գործում։ 

Իսկ եթե Մոսկվան որոշի ռազմական ներխուժում իրականացնել մայրցամաքային Ուկրաինա, ապա կարելի է վստահ ասել, որ Արեւմուտքն էլ, իր հերթին, հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, գիտակցելով, որ արդեն կա լուրջ սպառնալիք ներկայիս աշխարհակարգին եւ արեւմտյան շահերին, բացի այն, որ լրացուցիչ, ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ, նաեւ, եթե ոչ ցամաքային ռազմական գործողությունների միջոցով, ապա այլ տեսակի ռազմական աջակցություն կցուցաբերի Կիեւին եւ արդյունքում կստացվի, որ մի կողմից պատերազմում է Արեւմուտքը, մյուս կողմից՝ Ռուսաստանը։ 

Արդյոք Ռուսաստանը կարող է ակնկալել, որ Արեւմուտքի դեմ հնարավոր պատերազմից կկարողանա հաղթող դուրս գալ։ Պաշտոնական Մոսկվան պետք է որ շատ լավ հասկանա, որ, համենայնդեպս, այսօր, չի կարող նման ակնկալիք ունենալ։ Բազմաթիվ եւ բազմապիսի ցուցանիշներով ներկայիս Ռուսաստանը զգալիորեն զիջում է Արեւմուտքին։ Ռուսաստանն այսօր, ըստ էության, հանդես է գալիս գրեթե միայնակ, աշխարհում չկա Արեւմուտքի հետ պատերազմելու ցանկություն ունեցող որեւէ ռազմաքաղաքական բլոկ։ Ռուսաստանը նույնիսկ դիվանագիտական մակարդակով որեւէ լուրջ երկրից աջակցություն չի ստանում, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը մնացել է մեն միայնակ՝ վերջերս Խորհրդի 15 պետություններից 13-ը կողմ, իսկ Չինաստանը՝ ձեռնպահ քվեարկեց Ուկրաինային աջակցող բանաձեւին եւ միայն Ռուսաստանի վետոյի պատճառով այն հնարավոր չեղավ ընդունել։ 

Եվ կարծում ենք, որ հենց այնպես չէ, որ վերջին շրջանում Մոսկվան  հասցրել է բազմաթիվ անգամ նշել, որ չունի մարցամաքային Ուկրաինա ներխուժելու մտադրություն։ Չի բացառվում, որ ժամանակին Մոսկվան ունեցել է նման պլան, սակայն ներկայիս իրավիճակը համոզել է պուտինյան վարչակարգին հրաժարվել դրանից։ Չի բացառվում նաեւ, որ Ուկրաինայի արեւելյան եւ հարավային համար մշակված է եղել հենց «Ղրիմյան սցենարը», որից նույնպես Ռուսաստանը  հետագայում հրաժարվել է։ Այսօր ավելի հավանական է թվում, որ Ռուսաստանը կփորձի արեւելյան շրջաններում ունենալ պրոռուսական շրջանային խորհրդարաններ եւ ՏԻՄ ղեկավարներ եւ դրանց միջոցով ազդել Կիեւի վրա։

Հարկ է նշել նաեւ, որ Մոսկվան այսօր հիմնականում խոսում է Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին, ակնկալելով, որ դրանց արդյունքում Ուկրաինան կվերածվի ֆեդերատիվ հանրապետության, ինչը հնարավորություն կտա թուլացնել Կիեւի ազդեցությունը հարավային եւ արեւելյան շրջանների վրա եւ ուժեղացնել դրանց նկատմամբ Մոսկվայի ազդեցությունը։ 

Ըստ էության, կան որոշակի նշաններ, որոնք խոսում են ի օգուտ այն բանի, որ Մոսնկվան եւ Կիեւը մի շարք հարցերի շուրջ եկել են որոշակի համաձայնության։ Կարելի է ասել, որ Մոսկվան դե ֆակտո ճանաչեց Կեւի անցումային իշխանություններին՝ Հաագայում կայացավ ՌԴ եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ի դեպ, մինչ այդ, Ռուսաստանը համաձայնվեց, որ Ուկրաինա ժամանեն ԵԱՀԿ ռազմական դիտորդներ, իսկ հենց վերոնշյալ հանդիպման օրը ուկրաինական իրավապահների օպերացիայի արդյունքում սպանվեց «Պրավիյ Սեկտորի» տխրահռչակ ներկայացուցիչ Սաշկո Բիլին։ Պաշտոնական Կիեւը հայտարարեց որ անօրինական զինված միավորումները պետք է կազմալուծվեն, ինչը, ի դեպ, Մոսկվայի կողմից առաջադրված պահանջների փաթեթի մեջ էր մտնում, թեեւ պետք է նշել, որ Ուկրաինայի իշխանությունները հենց իրենք են ցանկանում չեզոքացնել ռադիկալ, զինված միավորումներին, որոնք գլխացվանք են դարձել նրանց համար։

Ամեն դեպքում պետք է նշել, որ Ղրիմի հարցով ՌԴ-ի քաղաքականությանը շատ դժվար է ռացիոնալ բացատրություն տալ։ Ակնհայտ է, որ այն, վերջ ի վերջո, հանգեցնելու է պուտինյան վարչակարգի թուլացմանը։ Այդ դեպքում, ինչու՞ է Պուտինը ընտրել այդ քաղաքականությունը։ Միգուցե վերջինս սխալ հաշվարկի, էմոցիոնալ մոտեցման արդյունք է։ Հնարավոր է, որ պուտինյան վարչակարգը, հասկանալով, որ աշխարհաքաղաքական այս «ֆուտբոլում» խոշոր հաշվով պարտվում է եւ դուրս է մղվում մրցաշարից, ցանկացել է գոնե թռչել հաշիվը եւ ժամանակավորապես վայելել խփած գոլի բերկրանքը։ Իսկ, միգուցե,  ռուսաստանյան քաղաքական էլիտայի որոշակի շրջանակներ Արեւմուտքի հետ համագործակցաբար, ռուսական ռեակցիոն ուժերին գիտակցաբար դրդում են ոչ ռացիոնալ քայլերի կատարմանը, որպեսզի ստեղծվեն նպաստավոր պայմաններ պուտինյան ռեժիմի դեմոնտաժման համար։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter