
Կիպրոսյան ներդրումների գաղտնիքը
Կիպրոսը 2013 թ. Հայաստանում իրականացրել է 76.5 մլն դոլարի ներդրում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին՝ սա 2013 թ. Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների 12.8%-ն է, ու զիջում է միայն Արգենտինայի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներդրումներին: Սակայն եթե վերը թվարկած երկրները Հայաստանի ավանդական ներդրումային գործընկերներն են, ապա Կիպրոսն առաջին անգամ է հայտնվում խոշոր ներդրողների շարքում: Ճիշտ է՝ օֆշորային երկրները միշտ էլ ակտիվ են եղել որպես ներդրումների աղբյուր, սակայն «առաջին ջութակի» դեր չեն խաղացել: Համեմատության համար նշենք, որ 2012 թ. համեմատ Կիպրոսից ներդրումներն ավելացել են 11.5 անգամ:
Կիպրոսի ներդրումներն ուղղվել են դեպի մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ: Դրանք նշված են որպես անուղղակի ներդրումներ: Գաղտնիք չէ, որ խոշորածավալ ներդրումներ հանքերի ոլորտում 2013 թ. իրականացվել են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում: Ծրագիրն իրականացնում է «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը: «Թեղուտի» բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Կիպրոսի օֆշորային «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ընկերությունն է, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ վերջինիս բաժնետոմսերի 100 տոկոսը՝ ռուսաստանաբնակ գործարար Վալերի Մեջլումյանին:
«Վալլեքս» խմբի շարքում են նաև «Բեյզ Մեթըլս», «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական, «Վալլեքս Մայնինգ» և «Վալլեքս Այ Թի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:
Այսպիսով՝ «Վալլեքսը» միաժամանակ, նույն ծրագիրն իրագործելու նպատակով, հիմնել է 2 ընկերություն, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Կիպրոսի օֆշորային գոտում: Այդ սխեմայի շնորհիվ ֆինանսական իրական հոսքերը հայտնվում են օֆշորում, իսկ մենեջմենթը կենտրոնացվում է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը շահյագործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ձեռքում:
Ըստ երևույթին՝ 2013 թ. տեղի է ունեցել «Թեղուտ» ընկերության կանոնադրական կապիտալի աճ, ինչը ֆինանսավորել է կիպրոսյան ընկերությունը, որն էլ վիճակագրությունում արտացոլվել է որպես անուղղակի ներդրում:
Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972 թվականից այստեղ իրականացվել են մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է շուրջ 450 մլն. տոննա հանքաքարի պաշար՝ 1.6 մլն. տոննա (0.355%) պղնձի և 99 հազար տոննա (0.022%) մոլիբդենի պարունակությամբ: Բացի այդ՝ առկա է մոտ 100 տոննա փիրուզի պաշար:
Մեկնաբանել