HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպի ցմահ ազատություն

Բացե՞մ աչքերս:

Արդեն արթնացել եմ:

Փակ կոպերիս հետևից զգում եմ լույսը:

Երբ փոքր տղա էի, գիտեի, թե օրը լուսաբացից է սկսվում: Նույնիսկ չէի էլ կասկածում, որ մեծերի օրը կարող է մթության մեջ` գիշերով սկսվել: Համոզված էի` Նոր օրն արթանում է մարդկանց պես՝ առավոտյան, արևի հետ: Մտքերի մեջ ընկա, երբ հայնաբերեցի, որ օրվա հաշվարկը երկար տարիներ սխալ տեղից եմ սկսել: Մի բան մեջս կոտրվեց. մանկական անկեղծ, բնական մոլորությունն այնքան հաճելի-միամիտ էր:

Բացեցի աչքերս:

Կին-աղջկա լուսանկարներն են, մարդ չկա:

Երկար, անթարթ նայում եմ, հերթով համբուրում եմ բոլոր լուսանկարները, հատկապես նրա մեղր-շուրթերը:

Նա կա, փառք Աստծո:

Իսկ հիմա պատմեմ ամեն ինչ սկզբից…նյարդերից թույլերին խնդրում եմ խնայել սեփական անձն ու չլսել իմ պատմությունը:

Մահվան տունը

20 տարեկանում ես ստացա մահվան թուղթ: Հա՛, հա՛. դա թուղթ էր այն մասին, որ ես այսուհետ չկամ: Իսկ իմ բոլոր փորձերն ապացուցելու, որ ես ՈՂՋ եմ, որ կարող եմ Սիրել, Կարոտել, Արտասվել, Նկարել, Տխրել, Տառապել, Հրճվել………… ռոբոտ-դատավոր-գերեզմանափորները չէին էլ կարող տեսնել. նրանք հոգու աչքեր չունեին: Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ:

Շուտով կլինի 20 տարի, որ այստեղ եմ, ո՞նց ապրեցի՝ հակառակ անհոգի համակարգի մեզ սատկացնելու բոլոր ջանքերին: Շատերը մահացան կլոր բանտում ՝ չգտնելով փրկության բանաձևը: Ամեն մեկի հետևից մտածում էինք՝ ո՞վ է հաջորդը:

Մահվան տանը հայտնվելուս առաջին օրերից միանգամից գործի դրեցի երևակայությունս, պատկերացրեք՝ օգնեց: Ես երևակայեցի, թե ապրում եմ տիեզերանավում, որը կորցրած լինելով ուղին` սավառնում է անծայրածիր տիեզերքում: Դրսի լույսը երբեք չէի տեսնում, կարևոր չէր, թե օրն երբ է սկսվում, երբ ավարտվում, ինչ միտք ուներ...շարունակում էի ապրել հիշողությանս երկրային ժամանակով, հավատում էի, որ մի օր անպայման կհասնեմ լույսին: Դրսում սև տարածությունն էր: Չկային մարդիկ, քաղաքներ, չկային զգացմունքներ, չկային քաղաքակրթություններ: Ես սառնարան գտա տիեզերանավում, որի վրա մեծ-մեծ գրված էր. «Զգացմունքների սառեցման համար»: Անմիջապես հասկացա սառնարանի իմաստը: Սերս, Կարոտս, Տխրությունս, Նվիրումս, Խիղճս…ամենը պահ տվեցի սառնարանին: Եթե այդպես չանեի, կխելագարվեի 3 օրում, իսկ ճամփորդությունը երկար էր, շատ երկար: Դա էր գոյատևելու միակ ձևը:

Մահվան տանը գտա մի գրադարան՝ լի հին, խոնավ, քրքրված գրքերով: Կամ պիտի կարդայի ամենը կամ պիտի օրական 60 ժամ (հենց այդքան էր այստեղ տևում օրը) նայեի գորշ պատերին: Լա՛վ էր, որ ընտրություն ունեի: Ես ընտրեցի գրքերը: Կարդում էի՝ ինչ պատահի, կարդում էի անընդհատ: Եվս մեկ բանաձև չգժվելու համար:   

Չորս տարի ինքս իմ աչքերի մեջ չէի նայել. հայելի չկար: Թեպետ մեկ-մեկ այլումինե թասի մեջ էի փորձում մարդկային արտացոլանքս տեսնել, որ գոնե զգամ, թե հետս մարդ կա: Բայց այդպես զրուցել անհնար էր` միայն ուրվագծերն էին երևում: Ու հանկարծ մի օր փոքր հայելու կտոր ձեռքս ընկավ. քառաշերտ ճաղերի արանքից գտա: Կողքից նայողը կմտածեր, թե փոքր երեխա եմ, ում նոր խաղալիք են տվել: Քարացած կանգնած էի, ուշադիր նայում էի: Չէի ճանաչում հայելու միջից նայողի տխուր աչքերը, որ զարմացած ինձ էին նայում: Մի՞թե չորս տարվա մեջ մարդ կարող էր այսքան փոխվել: Ճակատիս մոտ մազերս նոսրացել էին, աչքերիս շուրջը մանր կնճիռներ էին երևում, հայացքս՝ խորը տառապյալի նայվածքի էր նման: Իսկ ես՝ միամիտս, կարծում էի, թե նույն երիտասարդ տղան եմ, ժպտերես՝ մի փոքր չարաճճի աչքերով: Երկար նայեցինք իրար, չդիամացա նրա խիստ, զննող հայացքին, ժպտացի, հետո` աչքով արեցի: Թվաց, որ հայելու տղամարդը մի փոքր ուշացումով ժպտաց, բայց հիշեց ինձ` երիտասարդացավ. նա էլ աչքով արեց մեկ՝ ձախով, մեկ՝ աջով, հետո լրիվ մանկացավ. անգամ լեզու էր հանում ու բարձր ծիծաղում: Ինչքան հետաքրքիր են մարդու աչքերը. մարմինը ծերանում է, բայց եթե հոգում գոնե մի փոքր մանկություն է մնում, աչքերը երբեք չեն ծերանում...

Փորձում էի ձեռքով դիպչել նրա դեմքին:

-Չե՞ս հասկանում, որ մահացած ես:

Իսկույն ձեռքս հետ քաշեցի.

- Ես մահացած չեմ, դու սխալվում ես:

-Ասացի՝ մահացա՛ծ ես, տարիներ շարունակ թաքնվում էի քեզանից, որ հանկարծ չիմանաս ճշմարտությունը, չսարսափես ինքդ քեզանից: Տե՛ս, անընդհատ պատուհանդ բաց ես թողնում ձմեռ, թե ամառ, գիշեր, թե ցերեկ: Չես զգում, որ սենյակում սաստիկ ցուրտ է հիմա:

-Պատուհանը բաց եմ թողնում, որովհետև վախենում եմ: Պետք է մի անցք բաց մնա, թե չէ գժվելու բան է անընդհատ փակ սենյակում լինել: Նորից եմ կրկնում՝ ես ՈՂՋ եմ, ՈՂՋ, հասկացա՞ր: Տեսնում եմ քեզ, զրուցում ենք իրար հետ:

-Հա՛, բայց գոյատևելուդ համար, քո հոգուց, չե՞ս հիշում, հանվել է Կարոտը, Խիղճը, Սերը...

-Ո՛չ, նրանք չեն վերացել, պարզապես սառեցվել են հատուկ սառնարանում: Դու լավ գիտես՝ այստեղ Ողջ մնալու բանաձևը` ոչ մեկի չհավատալ, ոչինչ չխնդրել, ոչ մեկից և ոչնչից չվախենալ, չսիրել, չկարոտել, չխղճալ...

-Տեսնո՞ւմ ես` ինձանից էլ լավ գիտես այստեղի օրենքները,- հայելու տղամարդը նորից տխրեց, մտքերի մեջ ընկավ:

-Ինձ նայի՛ր, ուշադիր նայի՛ր, դու հանձնվելու իրավունք չունես, լսո՞ւմ ես, քեզ հետ եմ, հե՛յ, ամեն ինչ կստացվի, դու շատ լավ գիտես, որ ուժեղ ես, սիրտդ բաբախում է, զարկերը ես լսում եմ ամեն օր, երբ դու պառկում ես քնելու, սիրտդ ուզում է դուրս պրծնել, բայց ես նրան ասում եմ` սպասիր....

-Ինչքա՞ն…դու էլ գիտես, որ սա իմ աշխարհը չէ, որ մեծ սխալ է իմ այստեղ գտնվելը, որ ես մեղավոր չեմ, ես մահացած չեմ, ես ապրում եմ:

-Դու հավատու՞մ ես ինձ,-հարցրեցի հայելուց ինձ նայողին:

Տղամարդը գլխով արեց:

-Նայի՛ր աչքերիս մեջ, ես անպայման կգտնեմ ճանապարհը...մենք կվերադառնանք Ողջերի աշխարհ, կարևորը՝ հավատդ չկորցնես:

7 տարի նույն խցում 

Մահվան տանը մարդկանց փակում են մի խցում: Չեն թողնում պահել տնային բույսեր, կենդանիներ, չեն թողնում ներկեր, գույներ ունենալ, չեն թողնում երաժշտական գործիքներ ունենալ: Ոնց կուզեի դաշնամուր նվագել, ձկներ պահել, սենյակային բույսեր խնամել: Այսպես առաջին յոթ տարին մենք  ապրեցինք առանց մաքուր օդի, առանց խցից դուրս գալու: Իսկ երբ փորձում էի ճաղերը կտրել ձեռքս ընկածով ու փախչել, ինձ տանում էին պատժախուց: Գցում էին այնտեղ ու մոռանում: Մի անգամ պատժախցում սովից մեռնում էի: Բայց երգում էի բարձր, որ տրամադրությունս գոնե մի կերպ բարձրացնեմ, ցրեմ վատ մտքերս: Տեսնեմ մի մարդ մնացած հսկիչ մոտեցավ դռանը:

-Մհե՛ր, Մհե՛ր, արի դռան մոտ:

-Ո՞վ ես:

-Արմենն ա, քեզ հաց ու կարտոշկա եմ բերել:

Հացը կծում էի ու շարունակում քթիս տակ երգել: Երբեք չէի կորցնում հավատը իմ պայքարի հանդեպ, Աստծո հանդեպ: Եթե այստեղ եմ, ուրեմն այդպես է պետք, ուրեմն առաքելություն ունեմ: Հիմա չեմ գիտակցում, թե ինչի համար Աստված թույլ տվեց, որ ընկերս մահանա, որ ինձ մահվան թղթով ճանաչեն մեռած ու բերեն այստեղ: Բայց հասկանում եմ, որ 20 տարի առաջ սկսվեց իմ պայքարը դեպի ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

Այդ խցերից հինգ հատ կար գետնի տակ՝ հողի մեջ: Այնտեղ զուգարան չկար: 2 րոպեով միայն առավոտյան էին տանում կարիքներդ հոգալու, իսկ ամբողջ օրը փակում էին գարշահոտ խցում: Մահվան տան հնաբնակները սարսափելի պատմություններ էին պատմում այդ խցերում մահացածների մասին: Այսօրվա պես հիշում եմ Ժոկոյի պատմությունը:

-Էդ խցերում մարդկանց քացու տակ էին գցում, շան ծեծ տալիս, էն օրն էին գցում, որ շունը ձեռից հաց չէր վերցնի: Հետո տկլորացնում էին, վրան սառը ջուր լցնում ու թողնում ամբողջ գիշեր: Ուրիշ ձև էլ գիտեին բանտի աշխատողները: Բուշլատը թրջում էին սառը ջրի մեջ, հագցնում մահապատժի տակ նստածներին, կապում աթոռից ու էլի ամբողջ գիշեր թողնում պատժախցում: Մարդը սառում էր, թոքաբորբով հիվանդանում: Մի կարճ ժամանակ հետո մեռնում: Մահվան թղթի մեջ էլ գրում էին՝ «Մահվան պատճառը՝ թոքաբորբ»: Վե՛րջ, չկա մարդ, չկա պրոբլեմ հայտնի բանաձևով: Էս ձևով սպանեցին երևի մի 14 հոգու:

Հետո իմանում էի, որ դիակներն անգամ չէին տալիս հարազատներին…

Ո՞վ պիտի պատասխան տա համակարգի մարդակեր գործողությունների համար: Մինչև Հայաստանի Եվրախորհրդի անդամ դառնալը այդ 5 խցերը շարունակում էին մարդկային կյանքեր խլել: Եվ միայն եվրոպաների պարտադրմամբ փակվեցին մարդակեր խցերը:

Կարագը բանտում 

Սովի տարիներին մեկ տուփ կարագ էի ստացել: Եզակի բան բանտում այդ տարիներին: Հավասար բաժանում էի խցակիցներիս միջև: Բոլորի համար կտորներ դրեցի, թուղթն էլ ուզում էի արդեն դեն գցել: Իսկ Սևոն, թե.

-Չէ՛, Մհե՛ր, մի՛ գցի,- ձեռքիցս խլեց թուղթը, ամբողջովին մարմինը բացեց, կարագի թուղթը սկսեց քսել մարմնին,- ուխա˜յ, թող քաշի ջանիս մեջ, 2 օր սոված չեմ մնա:

Պետք էր կողքից տեսնել Սևոյի ուրախությունը: 

Մի աման մեղր 

Ողջերի աշխարհից ոչինչ չէին թողնում մահվան տուն: Հարազատներս գտնում էին ելքը: Անգամ մեծ գումարներով ոտավորների (բանտի աշխատակիցներ, ովքեր գումարով անհարժեշտ իրեր ու լուրեր էին բանտ մտցնում) միջոցով ուտելիք էին մտցնում այստեղ: Բայց մի գաղտնիք կար. ամբողջ ուտելիքը գիշերով պիտի ուտեինք ու հետքերն էլ թաքցնեինք: Մի օր նույն ճանապարհով մեղր էր ներս մտել: Մի ամբողջ մեծ աման: Խցում երեքով էինք: Սպասեցինք գիշերվան: Կեսգիշերից սկսեցինք գդալով արագ-արագ ուտել մեղրը:

-Լա՛վ, ասենք, խեղդվելով կերանք, բա, ամանն ի՞նչ անենք,-մտածեցի ես բարձրաձայն:

Ամբողջ գիշեր մտածում էինք մեղրի ամանը պահելու մասին: Եթե հայտնաբերեին շանսատակ էին անելու: Մինչև հիմա էլ հիշում եմ, թե ոնց ծեր, կաշի ու ոսկոր բանտարկյալներից մեկին ծեծեցին երկու կոնֆետի համար: Խեղճը հսկիչների ձայները լսելով՝ թղթերով սկսեց կուլ տալ խուց մտած կոնֆետները: Բայց երկու հատը մնաց, չհասցրեց:

Կոնֆետերի պատմությունը հիշելով՝ ամբողջ գիշեր թաքստոց էինք փորում մեղրի ամանի համար: Այն այդպես էլ չհայտնաբերվեց:   

Պարապություն 

Մի դատապարտյալ նստեց լուրջ դեմքով ու սկսեց նամակներ գրել տարբեր պետական մարմինների՝ անվտանգության ծառայություն, ոստիկանություն, դատախազություն, նախագահի ապարատ…

-Արգա՛մ, ի՞նչ ա եղել,-հարցրին խցակիցները:

Արգամը լուռ շարունակում էր աշխատանքը: Մի քանի օրից բոլոր այդ կառույցների ներկայացուցիչները եկան բանտ: Արգամին կանչեցին, դրությունը լուրջ էր: Բոլորս վախեցած էինք, բայց Արգամը քթի տակ ծիծաղում էր: Զգացի, մի խաղ խաղացել է: Մի կես ժամից եկավ խուց՝ աչքի տակը կարմրած:

-Կատակ էլ չեն հասկանում սրանք: Ես պարապությունից խաղ էի ուզում խաղայի: Բոլորին ժամադրել էի նույն օրը նույն ժամին ստեղ: Գրել էի, որ պետական անվտանգության հարց կա: Պարապ եմ, ի՞նչ անեմ, թո՛ղ գործ տան աշխատեմ: Հենց իմացան, որ պարապությունից եմ գրել նամակները, գժվեցին, խփեցին աչքիս: 

Սատանան բանտում

Շուրջբոլորը խուլ լռություն էր. մահվան տան փոքր խցում փակված սկսեցի գիրք կարդալ: Մեկ էլ կողքի խցերից մեկում իրարանցում սկսվեց, բարձր ձայներ լսվեցին: Բոլորը մոտեցել էին փակ դռներին ու ականջ էին դնում: Լսեցի մահվան տան հնաբնակներից մեկի ձայնը: Պարզվեց նա կպչող ժապավենով ամուր փակել էր սեփական բերանը, գրիչի կափարիչներն սեղմել-մտցրել էր ականջների մեջ ու քարացած նստել մի անկյունում: Խցակիցները մի կերպ բացել էին բերանը, սա գոռում էր ամբողջ բանտով մեկ:

-Բոլոր ծակերս էլ փակել եմ՝ հետևից, դիմացից, տղե՛րք, դուք էլ փակեք: Սատանա կա էս գերեզմանոցում: Ծակերից ա ներս մտնում: Սատանան չի սիրում արթուններին: Երբ մեկը գիշերն արթուն ա մնում, սա մարմնի մի ծակից փորձում ա ներս մտնի, տիրի հոգուն ու ստիպում դադարել պայքարել կյանքի համար:

Մյուս հնաբնակը դռան հետևից բղավում էր.

-Մարդը գժվել ա` աչքին սատանաներ են երևում, ինչո՞ւ եք ծեծում խեղճին, ուզում ա ծակերը փակի` թող փակի, ձեզ ինչով ա խանգարում:

Մի պահ լություն էր, հետո լսվեց պատասխանը.

- Գիշերվա կեսին քնաթաթախ վեր կացա, որ գնամ զուգարան, մեկ էլ տեսնեմ դիմացս բերանը սկոչով փակած, մազերը բիզ-բիզ, ականջներից ինչ-որ բաներ դուրս ցցված սատանայա դիմացս նստած, նայումա ուղիղ աչքերիս մեջ: Սկզբից մտածեցի, որ չեմ զարթնել, երազ եմ տեսնում, ոտքով խփեցի  էս սատանային, աչքերս տրորեցի, բայց երազ չէր:

Մտքերս ընդհատվեցին, մեկ ուրիշն էր մոտեցել խցի փակ դռանը, բարձր գոռում էր.

-Է˜ է˜ է˜ է˜, հա˜, հա˜……….Մոտեցա: 

-Ի՞նչ է եղել: 

Հարցը կլոր միջանցքով պտույտ գործեց, թըրխկ, կպավ սարսափ տեսած պատերին, արձագանքեց ինչպես քարանձավում` եղե˜լ-եղե˜լ-եղե˜լ: Տարօրինակ բնակիչը, մի պահ լռելուց հետո ասաց. 

-Հարցնում ես՝ ինչ է եղել, էս անիծված կլոր պատերը քեզ արձագանքում են՝ եղե˜լ-եղե˜լ-եղե˜լ, բայց իրական պատճառը հենց էն է, որ ոչ մի բան էլ չի եղել` մտքերս վերջացել են, նույնիսկ ինքս ինձ հետ զրուցելու բան էլ չունեմ, դրա պատճառով էլ գոռում եմ...Բա դու ի՞նչ ես անում, որ չգժվես էս դժոխքում: 

-Կարդում եմ, որ չգժվեմ, իսկ դու քո գոռգոռալով գժվացնում ես ինձ, հասկացա՞ր- կոպիտ պատասխանեցի ես: 

-Եթե նեղություն չի, կկարդա՞ս կարդացածդ: 

Մոտեցա սեղանին, վերցրեցի գիրքս, որն արդեն ավարտում էի, վերադարձա փակ դռան մոտ և սկսեցի կարդալ ամենասկզբից: 

Տարօրինակ բնակիչը երեխայի պես լաց եղավ: 

-Ի՞նչ եղավ, ա՛յ մարդ, - հարցրեցի ես, բայց նա հեկեկում էր: Երբ հանգստացավ, ասաց, որ ինքը գիրք է գրում պարզ ճշմարտության մասին, որի հետևում մեծ գաղտնիք է թաքնված...Մի քանի րոպե անց դադարեց լացը, սկսեց կարդալ. 

-Մարդ արարածը եթե 3-4 րոպե առանց օդի մնա, կմահանա, մոտ 10 օր առանց ջրի` կմահանա, մոտ 2 ամիս առանց սննդի` նույնպես կմահանա: Ի՞նչ է կերակուրը: Պարզ ասած` բուսական և կենդանական մարմիններ են: Ապրում ենք, բազմանում և մահանում: Իսկ կյա՞նքը: Մարդը բախվում է մարդու հետ, հասարակության, բախվում է պետության հետ, պետությունը` պետությունների հետ…սկսվում են լուռ պատերազմներ, որոնք հաճախ դառնում են իսկական պատերազմներ` արյուանհեղ, դաժան: Այստեղ պատռվում է մարդ արարածի դիմակը` երևում է թաքնված գազանը: 

Տարօրինակ բնակիչն ընդհատեց ինքն իրեն և բարձր ոռնաց: Դեռ երկար այդ զարհուրելի ոռնոցն արձագանքեց գիշերվա լռության մեջ: «Դժոխքի» բոլոր բնակիչները մոտեցել էին իրենց խցերի միշտ փակ դռներին: 

-Ի՞նչ եղավ, ա՛յ մարդ,- հարցրեցի ես: 

- Մարդ չեմ, գազա՛ն եմ, սա իմ մասին եմ գրում,- նորից սկսեց լացել տարօրինակ բնակիչը, բայց հետո շարունակեց. 

-Մարդը հասկանում է, թե ինչ է մարդը և դադարում  մարդ լինել: Հետո դիմում է Աստծուն, որ նորից վերագտնի իր ներսի Մարդուն: 

Արդեն լուսանում էր: 

Լռություն: Գոռացող լռություն: Լացող լռություն: Կարող ես փակել գիրքը և մի փոքր մտածել, հետո շարունակել: 

Սեթոյի ոտքերը 

Արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ, հեռուստացույց կամ ռադիո ունենալն էր արգելված. խցում փակված էինք 7-8 տղամարդ: Բնակիչներից մեկը մոտ 30 տարեկան բանտարկյալ էր՝ վարքագծով առանձնապես ոչնչով չտարբերվող մյուսներից, սակայն վերջին օրերին տարօրինակ պահվածք ուներ. երեկոյան անկողին մտնելուց, առավոտյան արթնանալուց շատ արագ, անկատ էր սկսել հանվել-հագնվել, ասես ինչ-որ բան էր թաքցնում: Նառերը քիչ էին, միայն երեքն էին նառերին քնում, մնացած չորսը՝ սառը ասֆալտին: Խցակիցներից մեկը որոշեց ուշադիր լինել: 

-Արա՛, Սեթո՞, էս ոտներդ թրաշե՞լ ես: Վե՛րջ, կամեռդ պտի փոխես, ո՞նց թե, էս նրանցի՞ց ես դառել, հիմա գլուխդ կջարդեմ,- վեր թռավ տեղից, որ սատկացնի Սեթոյին: 

-Էդ իմ գործն ա, քիթդ մի խոթի,-Սեթոն գոռում էր ու վազում ամբողջ խցով մեկ: 

-Արա՛, բա՛, եղունգներդ էս ինչո՞վ ես կարմիր ներկել, արա՛, գրիչի միջուկ ա, գժվե՞լ ես: 

Սեթոն մինչև հոգու խորքը վիրավորվեց. 

-Ես էս համակարգի տիրոջ մերը, բա 30 տարեկան տղամարդ եմ, տարիներով կնոջ երես չեմ տեսնում, ի՞նչ անեմ. ոտերս թրաշեցի, որ ինքս ինձ սիրեմ, պատկերացնում եմ՝ կնոջ հետ եմ քնում… 

Բոլորս սառել էինք, ապուշացած նայում էինք մեկ Սեթոյի ոտներին, մեկ կարմիր եղունգներին: 

Թերթերը որպես վերմակ 

Առանց որևէ հիմքի ես ու խցակիցս՝ Սաշան, հայտնվեցինք պատժախցում: Մեր մոտ հայտնաբերել էին կլորացրած և իրար ամուր կապած սավաններ, նաև մեկ գդալ սրած պոչով: Բանտի աշխատակիցները միանգամից աղմուկ բարձրացրեցին. հրավիրվիրեցին էքսպերտներ, սավանները փռել էին գետնին, միացրել ուժեղ լույսեր և լուսանկարում էին: Քննիչը սենյակից սենյակ էր վազվզում՝ հարցաքննելով մեկ ինձ, մեկ՝ Սաշային: 

- Դե, գրի՛, գրի՛, ինչ ես հեքիաթներ հորինում, ընկերդ կողքի սենյակում արդեն գրեց, որ փախուստ էինք նախապատրաստել՝ այդ սավաններով տանիքից իջնելու էիք արգելագոտի, իսկ սրած գդալով պատ էիք քանդելու: 

-Ես չգիտեմ, թե կողքի կամեռում Սաշան ձեզ ինչ է ասել, բայց հեքիաթները ձեր ասածներն են: Մենք չունենք մարզվելու հնարավորություն, ստիպված մի երկու-երեք սավան իրար ենք կապել, ձգել ենք մի մահճակալից մյուսը, պարանի փոխարեն օգտագործելով՝ վրայով ման ենք գալիս, փահլևանություններ ենք անում, մի խոսքով՝ վարժվում ենք: Կարճ ասած՝ այստեղ քրեական գործի հոտ չի գալիս, մարմնամարզությամբ ենք զբաղվում, օրենքը չի արգելում, սավաններն էլ բանտի տված սավաններն են, որոնք իրար կապել ոչ մի օրենք չի արգելում: 

Քննիչն, աչքերն արյուն լցրած, գոռաց. 

-Մե՛կ ա, ես բացահայտելու եմ էս փահլևանների գործը, խոսքերը մեկ են արել, էն էլ կողքի սենյակում ասում ա, որ երկրի նախագահին դիմում ա գրել, որ ներում շնորհվի իրեն ու գդալի պոչը սրել ա, որ բացասական  պատասխանի դեպքում իր մահապատժի դատավճիռն իրագործի, հետն էլ բացատրության մեջ գրեց, որ եթե ստիպված լինի ինքնասպանություն գործել, իր մահվան մեջ մեղադրել երկրի նախագահին: 

Ոչ մի մեղադրանք, բնականաբար, մեզ չկարողացան ներկայացնել, բայց ահավոր ջղայնացած էին, որ այդպես էլ չեն կարողանում մեր մեջ սպանել ազատության ձգտումը: Ձմեռվա սառնամանիքին մեզ փակեցին պատժախցում, որի կեսից ավելին գտնվում էր հողի տակ: Բարձր տեղադրված լուսամուտները հանեցին-տարան, որ սառը քամին ներս մտնի, մեր շորերն էլ հանեցին՝ թողնելով ներքնաշորերով: 15-20 րոպե անց սրթսրթում էինք, ցրտից սկսեցինք կապտել, մատները չէինք կարողանում շարժել: Պատին ամրացված երկաթե դարակների հետևները խցկած թերթեր և մի քանի հատիկ լուցկի գտանք, մեզանից առաջ այստեղ եղած կալանավորներն էին թողել: Կալանավորների մոտ լուցկի թողնելը սովորական բան է: Ապրեն իրենք: Խցի անկյունում փոքրիկ կրակ վառեցինք և կողքը պպզած փորձում էինք գոնե ձեռքներս տաքացնել: Հսկիչը դռան անցքից նայեց. 

-Չի՛ օգնի, մե՛կ ա, սառելու եք: 

Սաշան մի քանի թերթ վերցրեց, պառկեց փայտից չոր նառին, ծածկվեց թերթերով: 

-Կսառե՛ս, վե՛ր կաց, շարժվի՛,-ասացի ես: 

-Մի պրոֆեսոր ընկեր ունեի, բոմժ էր դառել, երկար պատմություն ա, մի օր կպատմեմ, կարճ ասած՝ նստարանին պառկած, թերթերով ծածկված քնել էր: Հետո երկար բացատրեց, թե ոնց ա մարմինն էդպես տաքանում: 

Կես ժամ անց Սաշան, թերթերով ծածկված, խռմփացնում էր: 

Ամանորյա տորթն ու ձկնորսը 

Մի քանի ժամից Նոր Տարի էր: Նադոն պառկեց քնելու, չէր սիրում այդ օրը, միգուցե ավելի, քան մնացած օրերը, որոնք, ինչպես և տարիներն այստեղ նման էին մեկը մյուսին: Արթուն մնացածները որոշեցին տորթ պատրաստել: Խցում, բացի հատակին ամուր ամրացված սեղանից, երկու թախտից և երկու նառից, կար հատուկ այս օրվա համար հայթայթած էլեկտրական պարույր, կաթի փոշի, շաքարավազ: Բերդի սև հացը երկու կես արեցինք, կաթի փոշին, շաքարավազը մի փոքր ջրով շաղախած իբրև կրեմ քսեցինք հացի երկու շերտերի մեջտեղը, հետո պարույրը գետնին փռեցինք և միացրեցինք հոսանքին: Մեկը մյուսին փոխարինելով՝ բերդի տորթը պահում էինք շիկացած պարույրի վրա: Որոշ ժամանակ անց Նոր Տարվա «տորթը» պատրաստ էր: Մի քիչ վառվել էր, բայց շատ համեղ էր: Լուսաբացին Նոր Տարին միշտ քնած դիմավորող Նադոն հրաժարվեց տորթի իր կտորից, անշարժ նստեց թախտի ծայրին և երևակայական կարթը ձեռքին բռնած նայում էր դիմացի նույնպես երևակայական լճին: 

- Ի՞նչ ես անում, ա՛յ Նադո,- հարցրեցինք նրան: 

-Մի՛ խանգարեք, որ պետք լինի ամբողջ տարին էլ սենց կնստեմ, բայց անպայման ձուկ կբռնեմ, մամաս Նոր Տարվան միշտ ձուկ էր սարքում: 

Դեռ երկար կարթը ձեռքին՝ Նադոն նայում էր հատակի նույն կետին՝ համբերատար սպասելով իր մանկության ոսկե ձկնիկին… 

Հասկացա անհասկանալին 

14 տարի էր անցել այն օրից, երբ ինձ բերեցին մահվան տուն: Ես փնտրում էի, ելքն էի փնտրում, այստեղ հայտնվելուս նպատակն էի փնտրում: Փորձում էի հասկանալ անհասկանալին. այն ինչո՞ւ-ն, որի համար պատիժ էի կրում՝ լինելով անմեղ-մեղավոր: 

Անհնարը դարձավ հնարավոր մեկ վայրկյանում: Ես վերագտա նրան, ում կորցրել էի դարեր առաջ, ճանաչեցի խաղողի մեծ հատերի չափ աչքերը: Փաստորեն նրան նորից գտնելու միակ ճանապարհը անցնում էր այս դժոխքի միջով: Աստված էր Կին-Աղջկան հուշել իմ տեղը, նրա ականջին շշնջացել, որ ես մահվան տանն եմ: Երբ նայեցի հարազատ աչքերի մեջ, հասկացա, որ զգացմունքների սառնարանը խաբկանք էր, որ Սերը, Կարոտը, Խիղճը, Հավատը չեն լքել ինձ, ոչ էլ սառեցվել, նրանք սպասում էին հոգուս տանը: Բայց այստեղ տարվա մեջ ընդամենը երեք անգամ է թույլատրվում տեսնել Սիրելիին մարմնի աչքերով, գրկել մարմնի ձեռքերով, համբուրել մարմնի շուրթերով: Մյուս օրերին ես նույնն անում էի հոգուս շուրթերով, երևակայական ձեռքերով ու աչքերով: Երևակայում էի, թե նրա՝ իմ Կին-Աղջկա հետ եմ: Հիմա մենք խոսում ենք նամակներով, մտքի աներևակայելի ուժով մագնիսի պես ձգում իրար: Նրա նամակները միշտ են աչքիս առաջ, ձեռքիս տակ, լուսանկարները շարել եմ անկողնուս մոտ, որ աչքերս բացեմ ու չտեսնեմ մռայլ խցի պատերը, այլ նրան՝ իմ Կեսին, ումից բաժանել է ինձ անհոգի համակարգը: Սիրո պակասն է, որ բանտեր է կառուցում մարդկանց հոգիներում: 

Կարոտի տրամաբանության տեսությունը 

Առավոտ է, ինչպես միշտ համբուրում եմ նրա լուսանկարները, հետո կարդում թթվածնին փոխարինող նամակները արդեն հարյուրերորդ անգամ. 

«Ակվարիումի վերջին ձկնիկը Կեսի սատկելուց հետո ապրեց մեկ օր...առավոտյան նրան անշարժ կողքի վրա ընկած գտա: Նա չդիմացավ կարոտին: Իսկ մարդը քար է, ես քար եմ, որ ապրում եմ առանց Քեզ-Քեզնով արդեն 1000 տարի: Իսկ Դու անընդհատ գրում ես, թե կարոտել պետք է տրամաբանելով, որ կա կարոտի տրամաբանություն: Կարոտն ու Սերը չունեն տրամաբանություն: Դու հորինել ես Կարոտի տրամաբանության տեսությունը, որ չխելագարվես նույն այդ Կարոտից»: 

Ո˜նց էի հասկանում նրան...հաստատ լաց է եղել այս տողերը գրելիս: Ես կվերադառնամ, անպայման: Շարունակում եմ կուլ տալ հոգուս կերակուրը. 

«Մոլորակի ամենասիրածս կետը քո գիրկն է: Դու կգաս, ու Քեզ յոթ երեխա կնվիրեմ, բոլորին կկոչենք նույն անունով: Երբ բակից տուն կանչենք նրանց այդ միակ անունով, բոլորը տուն կվազեն միանգամից ու միասին կնստենք մեծ սեղանի շուրջ ճաշի... »: 

Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ բաժանել սիրող սրտերը: Միասին ծիծաղում ենք, լաց լինում, շնչում նամակներով… 

Վայրէջք 

Այժմ բանտ-տիեզերանավը վայրէջք է կատարել Երկիր մոլորակի վրա: Բայց դռները դեռ չեն բացվում, իսկ ինձ սպասում են… Դաժան, հաստ պատերից այն կողմ քնքուշ և նուրբ կրծքում Հրաշք-Կնոջ սիրտն է զարկում, ես այդ սրտի մեջ եմ:   

Մինչև նրան գտնելն ասես սկաֆանդրի մեջ լինեի, արհեստական օդ էի շնչում, քանի որ անօդ, դաժան տարածության մեջ չէի ընկալվում որպես կենդանի մարդ… 

Հիմա շնչում եմ Նրանով, Նրա օգնությամբ, աշխարհը տեսնում Նրա աչքերով:

Խոստանում եմ, ես կգամ, մեկ օրում՝ հինգ օր կապրենք՝ գնահատելով ամեն պահը: Իսկ երբ ծերանանք Քեզ կնվիրեմ սպիտակ փիսիկներով գիշերազգեստ, ես էլ կհագնեմ վարդագույն փղիկներովը, ու մենք կքնենք-կարթնանանք ՄԻԱՍԻՆ:

 

Մհեր Դավթի Ենոքյան 

ցմահ բանտարկյալ  

18 տարի «Նուբարաշենի» բանտում

Հայ-ռուսական Սլավոնական

Համալսարանի իրավագիտության

ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

նոյեմբեր 2013թ.  

Մեկնաբանություններ (7)

Սամվել
Մհեր ջան,դու հոգով հերոս ես:Ամուր կամք ու համբերություն եմ ցանկանում ու...ազատություն:Քո ստեղծագործությունները անմահ են
LILIT GHABUZYAN
VOXJUYNNERS QEZ HARGELI MHER,,,,, DU TAXAND ES
Hasmik Poghosyan
Սիրտս տակնուվրա է լինում ու հոգիս տառապում է քեզ համար սիրելի Մհեր:Քեզ ճանաչում եմ միայի քո հրապարակումներից, բայց երազում եմ մի գեղեցիկ օր տեսնել քեզ ազատության մեջ, երջանիկ ու անհոգ... Ես հանմոզված եմ,որ չի կարելի այսպիսի տաղանդավոր մարդկանց բանտում պահել և այդքան շատ :Այսպիսի տաղանդավոր և գրագետ մարդիկ այսօր շատ քիչ են մեր երկրում:Ես Դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ Արդարադատության նախարարին, որպեսզի նրանք այսպիսի մարկանց համար պատիժը կրելու այլընտրանք մտածեն, օգտագործելով նրանց տաղանդն ու գրագիտությունը հանցագործներին /մեղավորության և անմեղության կանխավարկածով/ կրթելու և դաստիարակելու համար:Առաջարկում եմ էքսպերիմենտ հատու հայաստանի համար, որը կցնցի ամբողջ աշխարհը:Այսպես օրինակ կարող եք Մհերին առաջադրանք տալով, ուղեկցել նրան տարբեր բանտեր և բերդեր հանցագործության և բանտային կյանքի մասին տարբեր թեմաներով դասախոսություններ կարդալուԱյդպիսով դուք կունենաք երկակի ձեռքբերումներ` մի կողմից կօգնեք Մհերին և նրա նմաններին հեշտ կրելու պատիժ, իսկ մյուս կողմից կզարգացնեք հանցագործներին դաստիարակելու, նրանց ճիշտ ուղու վրա դնելու հնարավոր մեթոդոլոգիա:Իսկ լավ արդյունք ունենալու դեպքում, որոշակի մոնիթորինգ անցկացնելուց հետո/միջազգային փորձագետներ ընդգրկելով/ ազատել Մհերին և նրա նմաններին բանտերում գոյությունը քարշ տալուց, քանզի տաղանդավոր մարդը Ձեր կողմից սահմանված ժամանակահատվածում մի քանի անգամ է կրում նույն պատիժը: Ես համոզված եմ,որ Մհերը դա կանի ավելի բարձր մակարդակով քան իրավաբանականի որևէ պրոֆեսիոնալ դասախոս: Խնդրում եմ ականջալուր և հետևողական եղեք, արձագանքելով գրածիս:
Narine
: Նժդեհյան տողերով սկսեմ գրառումս, այլ բնորոշում չեմ կարող տալ այն բարբարոսներին, որոնց մեջ մեռել են մարդու,մարդկայինի եվ մարդասիրության առողջ գեները:Կցանկանամ նմանների երկնային պատիժներն ենքան դաժան ու սոսկալի լինեն,որ երանի տան Դանթեի դժոխքի պարունակներում գտնվողներին: Սիրելի Մհեր չհանձնվես,դւ կունենաս քո բաղձալի : Աստված պահապան քեզ,Մեծատառով ՄԱՐԴ:
Զարուհի
Հարգելի Հասմիկ Պողոսյան, այն, ինչ առաջարկում եք, հրաշալի նախագիծ է, սակայն պետական համակարգերը չեն կարողանում ընդունել անգամ, խրախուսել, որ դատապարտյալը գրքեր է գրում, թարգմանչական աշխատանքով զբաղվում, թղթակցում մամուլին, հասարակական կյանքին հեռակա մասնակցում: Ուր մնաց, թե դասախոսություններ և այլն: Դուք կարծում եք հնարավոր չէ դատապարտյալների համար լուրջ կրթական, վերականգնողական, աշխատանքային ծրագրեր անելը այդքան բարդ է, ամենևին՝ ոչ: Բայց կամք չկա իշխանության մոտ...եթե երբևէ գնաք հայաստանյան բանտեր, կտեսնեք պարապ տղամարդկանց մի ամբողջություն: Այնինչ նրանք կարող են օգտակար աշխատանք կատարել, բյուջե լցնել, իսկ բանտից դուրս գալիս որոշակի գումար ունենալ կուտակած: Միամիտ կլինի կարծել, որ այս ամենը վերևներում չեն գիտակցում: Ուղղակի այդպիսով հանցավորության տոկոսը կտրուկ կնվազի, իսկ պե՞տք է դա իշխանությանը:
Hasmik Poghosyan
Սիրելի Զարուհի շնորհակալ եմ արձագանքման համար, իսկ որպես նյութին քաջ ծանոթ գիտակի ինչ կարող եք առաջարկել, ինչպես կարող է հասարակությունը օգնել այս տղային:Սա մեծ մեղք է, որը կատարվում է նրա հանդեպ, այսպես չի կարող այլևս շարունակվել ,մենք պիտի մի բան մտածենք, մի բան նախաձեռնենեք, այնպիսի բան, որը մինչև հիմա չի կիրառվել:Ի սեր աստծո , հավատացեք, որ եթե մարդը սիրտ ու հոգի ունի նա տառապում է Մհերի հետ միասին:Ինչու պետք է պետությունը շահագրգռված լինի այսպիսի մարդկանց փակելով, զրկելով ամենատարրական գործունեությունից, որի իրավունքը Աստված ծնել է իր հետ միասին:Ես կարող եմ անգլերենով թարգմանել Մհերի որոշ գործեր և ուղարկել միջազգային իրավական տարբեր կառույցներն, խնդրելով նրանց միջնորդել նրա ազատ աևձակման գործում: Խնդրում եմ հուշեք ինչ կարելի է անել...
Զարուհի
Հարգելի Հասմիկ Պողոսյան, խնդրում եմ ինձ գրեք [email protected] հասցեով: Ավելի մանրամասն կխոսենք: Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter